Ինչո՞ւ է Անդրեյ Տարկովսկու ֆիլմը կոչվում «Նոստալգիա», այլ ոչ թե «Կարոտ» (тоска)։ Չէ՞ որ նոստալգիկ զգացողությունը ավելի շատ կապված է անվերադարձ, ջերմ հիշողությունների հետ, իսկ ֆիլմի գլխավոր հերոսը՝ Անդրեյ Գորչակովը, մեկնել էր Իտալիա ընդամենը մի քանի օրով՝ աշխատանքային նպատակով։ Արդյո՞ք նրա մոտ կարող էր առաջանալ նոստալգիկ զգացողություն հայրենիքի նկատմամբ, երբ նա կարող էր վերադառնալ ցանկացած պահին և այդքան էլ երկար չէր մնացել։ Համենայն դեպս, Անդրեյը զգում էր դա, և հավանաբար դա վկայում է այն մասին, որ ինչ-որ ավելի արժեքավոր բան է տեղի ունեցել՝ ինչ-որ կարևոր փոփոխություն նրա կյանքում, որի հետևանքով լուսավոր հիշողություններն իսկապես անվերադարձ են։
Անդրեյի՝ Իտալիա ժամանելու պատճառը հիմնականում իր ստեղծագործությունն էր․ նա գրում էր ռուս (ֆիլմի համար հորինված) կոմպոզիտոր Պավել Սոսնովսկու մասին, ով նույնպես մեկնել էր Իտալիա։ Անդրեյի ժամանման գլխավոր նպատակն էր լիարժեք զգալ այն միջավայրը, որի ազդեցության տակ Սոսնովսկին ինքնասպան եղավ Ռուսաստանում։ Եվ ամեն անգամ լսելով այդ կոմպոզիտորի մասին՝ ավելի լավ ենք հասկանում Անդրեյի վիճակը, ով ֆիլմի վերջում նույնպես կարծես մահանում է՝ նույնպես կապվելով կոմպոզիտորի ճակատագրի հետ։
Երկրորդ աչքի ընկնող հերոսը Էուջենիան է՝ Անդրեյ Գորչակովի թարգմանչուհին։ Այդ երկու հերոսների միջև առաջանում է յուրահատուկ կապ։ Նրանք չեն սիրահարվում իրար, բայց միաժամանակ շատ մոտ են լինում հոգեբանորեն։ Էուջենիան հաճախ բողոքում է իր աշխատանքից, նրան հիմնականում դուր չի գալիս Անդրեյի ինքնամփոփ վիճակը, որը պայմանավորված է նոստալգիայով (իսկ այդ դեպքում՝ ավելի շատ կարոտով, որը դեռ չի վերածվել նոստալգիայի)։ Իսկ Անդրեյը տարօրինակ է համարում Էուջենիայի՝ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող բռնկումները։
Երրորդ հերոսը, ըստ կարևորության, կարող ենք համարել Դոմենիկոյին, չնայած նա սյուժեում ավելի մեծ հետք է թողնում, քան Էուջենիան, և նրան երրորդ անվանելը խիստ պայմանական է։ Նա խենթ է․ տարբերվում է իր մտածողությամբ մեծամասնությունից, սակայն Անդրեյի տեսանկյունից նա նույնիսկ ինչ-որ չափով իմաստուն է։ Այստեղ նրա խենթությունը ես դիտարկում եմ սոսկ որպես տարբերվող տրամաբանությամբ մտածողություն։ Իսկ թե որ մտածողությունն է իրական՝ արդեն ուրիշ հարց է։
Անդրեյը ֆիլմի ընթացքում փոխվում է․ նա հենց ամենասկզբից գտնվում էր անկայուն վիճակում, այդ պատճառով հեշտությամբ ընդունում է Դոմենիկոյի բոլոր մտքերը։ Նա այդ մարդու մեջ տեսնում է մաքուր հավատացյալի։ Հավատի գաղափարը կրկնվում է ֆիլմի տարբեր հատվածներում, սակայն այն ավելի ընդհանրական է՝ կապ չունենալով որևէ հստակ կրոնի հետ։ Դոմենիկոն հայտնի է նրանով, որ յոթ տարի իր ընտանիքին փակել է տանը, որպեսզի պաշտպանի աշխարհի վերջից։ Այդ արարքը հասարակության մեջ ընկալվում էր որպես խելագարություն, սակայն, ըստ երևույթին, «աշխարհի վերջ» ասելով՝ նա նկատի ուներ մարդկության փոփոխությունը (փչացումը)։ Հետագայում նա իրեն էգոիստ է անվանում նրա համար, որ փրկել է միայն իր ընտանիքին, երբ ամբողջ աշխարհն ունի փրկության կարիք։
Կա ևս մի տարածված տեղեկություն․ նա ուզում էր վառած մոմն անցկացնել բացօթյա բաղնիքի ավազանի վրայով։ Նա ուզում էր ապացուցել, որ դա հնարավոր է անել առանց մոմի հանգելու, սակայն ժողովուրդը, կարծելով, թե նա ինքնասպանություն է գործում, չէր թողնում մտնել ջուրը։ Անդրեյը, կես կատակ-կես լուրջ, համաձայնում է դա անել նրա փոխարեն։ Հետո նա քիչ է մնում մեկներ հայրենիք, երբ Էուջենիայից տեղեկանում է, որ Դոմենիկոն հետաքրքրվում է՝ արդյո՞ք իր խնդրանքն իրագործված է։ Անդրեյը, առանց երկար մտածելու, հեռախոսով ասում է, որ արել է՝ այդպիսով ինքն իրեն պարտավորվածության առջև դնելով։ Եվ նա անում է դա։ Մոմը հաջողվում է առանց հանգելու հասցնել ծայրից ծայր միայն երրորդ անգամից։ Արժի նշել, որ մոմն անընդհատ հանգում էր, մասնավորապես՝ տաք գոլորշու պարբերական հոսքերից։ Այդ տեսարանը զուգորդվում է Դոմենիկոյի ինքնասպանությամբ, և մոմի նուրբ կրակը հանգավորվում է այն կրակի հետ, որով այդ պահին պատվեց Դոմենիկոն։
Մոմը հասցնելով ծայրից ծայր՝ Անդրեյը կարծես անցավ Դոմենիկոյի ճանապարհը․ նույնականացվեց այդ մարդու հետ։ Որոշ հանդիսատեսներ դա կարող են ընկալել որպես խելագարվել, որոշները՝ որպես հոգևոր աճ ապրել կամ, օրինակ, փրկել մարդկությանը։ Մի բան հստակ է․ մոմը բաղնիքի միջով անցկացնելը լուրջ, շրջադարձային կետ է։ Այն կարող է առանձնապես նշանակություն չունենալ, բայց ամենակարևորն այն է, որ Անդրեյը կատարեց Դոմենիկոյի խնդրանքը, որովհետև խոստացել էր։ Նա կատարեց այն մարդու կամքը, ում բոլորը խելագար էին անվանում։
Այսպիսով, Տարկովսկին մտորում է խենթության մասին․ արդյո՞ք Դոմենիկոն էր խենթ, թե՞ մենք, որ սովորել ենք ապրել իներցիայով և ընդունված կարգերով։ Այդ հարցը մնում է բաց, քանզի Դոմենիկոյի գործողություններից շատերը իսկապես տարօրինակ կարող են թվալ․ նա մտածում է այլ կերպ, ինչն անպատճառ տարբերվում է մեծամասնության մտածելակերպից։ Ֆիլմը չի տալիս այս հարցին հստակ պատասխան՝ այն թողնելով հանդիսատեսին։
Ֆիլմի հերոսները կարծես խոսում են հեղինակին անհանգստացնող թեմաներից գրեթե ուղիղ ձևով․ Դոմենիկոն արտահայտում է պատկերային մտածողության (образное мышление) կարևորությունը։ Դրան վկայում են նրա խոսքերը, որոնք չեն ենթարկվում լեզվական տրամաբանությանը, սակայն հասկացվում են։ Այսինքն՝ բացի սովորական տրամաբանությունից, որն աշխատում է սովորական խոսակցության ժամանակ, կա նաև պատկերայինը։ Օրինակ՝ հաճախ նկար դիտելիս կարող է առաջանալ համապատասխան զգացողություն, միտք, որը հասկանալի է միայն նկարչության լեզվում։ Այդ տեսանկյունը հաստատում է հենց Անդրեյը՝ ասելով, որ արվեստը չի կարելի թարգմանել։ Նա պնդում էր, որ ցանկացած արվեստի գործ ճիշտ է ընկալվում միայն բնօրինակով։ Նույն տրամաբանությամբ՝ հնարավոր չէ, օրինակ, այս ֆիլմի մոմի գաղափարն լիարժեք բացատրել այլ լեզվով․ այն ճիշտ է ընկալվում միայն ֆիլմը դիտելիս։
Տարկովսկու ֆիլմերում պատկերային մտածողությունը ծայրահեղ կարևոր նշանակություն ունի․ նրա բոլոր ֆիլմերը, որքան էլ հագեցած են փիլիսոփայական մտքերով, չէին ունենա այդ խորությունը առանց ռեժիսորի կինոլեզվի։ Եվ կցանկանայի խոսել հենց այդ կինոլեզվի մասին «Նոստալգիա» ֆիլմի շրջանակում։
Սա այն ֆիլմերից է, որոնցում սյուժեն ձուլված է կինեմատոգրաֆիկ լուծումների հետ։ Եվ ինչպե՞ս է փոխանցվում հերոսի կարոտի զգացողությունը։ Օրինակ՝ ֆիլմի ամենասկզբում ծանոթանում ենք ռուսական միջավայրին՝ Անդրեյի հայրենիքին, որը պարբերաբար երևալու է։ Ամենահետաքրքիրն այն է, որ հենց ամենասկզբից այդ միջավայրի ֆոնին կոնֆլիկտ է տեղի ունենում ռուսական ազգային և եվրոպական երաժշտության միջև։ Բացի այդ, այս և բոլոր մնացած հիշողություններն ու տեսիլքները ներկայացված են սև-սպիտակ և եթերային տեսարաններով։ Միայն այդ դրվագներից պարզ է դառնում՝ գլխավոր հերոսը կարոտում է իր հայրենիքը, և նրա մեջ կոնֆլիկտ է առաջանում հայրենիքի և Իտալիայի միջև։
Օրինակ՝ ինձ հատկապես դուր է եկել մի տեսարան, որտեղ Անդրեյը գտնվում է իտալական կամարներով մի շինության մեջ, որտեղ ուղիղ դիմացի պատուհաններից ուժեղ լույս է գալիս, հերոսը քայլում է դեպի կողքի սյուների շարքը (տեսախցիկը հետևում է նրան), որտեղ հանդիպակաց կողմում մուտք է դեպի մութ սենյակ, և նա քայլում է դեպի այդ մութ սենյակը։ Մինչ այդ, երբ Անդրեյը նոր էր ծանոթանում հյուրանոցին, կար մի տեսարան, որտեղ նա բացում է պատուհանը, որից լույս չի գալիս, քանի որ դիմացը պատ է։ Բանն այն է, որ բաց պատուհանը դեպի էքստերիեր առաջացնում է ազատության մթնոլորտ, իսկ առանց որևէ բնության հետ կապի՝ հերոսը կարծես զրկվում է թարմ օդից։ Նշված օրինակներից երկրորդում (ըստ ֆիլի խրոնոլոգիայի առաջինում) զգացվում է հերոսի «բանտարկվածությունը», առաջինում արդեն հերոսն է գնում դեպի խավար։
Ընդհանուր առմամբ, ֆիլմում հաճախ անձրև է գալիս, մասնավորապես՝ սկզբի հատվածներում։ Անձրևն առաջացնում է ուժեղ կոլորիտ, որը բնորոշ է Տարկովսկուն։ Անձրևով տեսարաններում հերոսը կարծես հանգստանում է․ անձրևը թարմ շունչ է տալիս։ Առաջին անձրևային տեսարանում պատուհանը բաց է՝ հենց այն պատուհանը, որից երևում է հանդիպակաց տան պատը, և այդ պատուհանից երևում է նաև անձրևը, որի հետևանքով պատի վերին շերտը մի փոքր քանդվում է։ Այդ պատի շերտի քանդումը, «Հայելի» ֆիլմի տեսարանի նման, կարծես խորհրդանշում է հերոսի ներքին աշխարհի փլուզումը, ինչպես նաև դրան հակասող հերոսի հանգստությունը, քանի որ պատի կեղտոտ շերտի տակից ազատվում է համեմատաբար բացը։ Դա շատ նուրբ և, հնարավոր է, չպլանավորված դրվագ է, որն, իմ կարծիքով, լավ բացատրում է Տարկովսկու ֆիլմերի պոեզիան։

Իսկ ֆիլմի վերջում, «Սոլարիս» ֆիլմի վերջաբանի նման, միախառնվում են հայրենիքն ու ներկայիս միջավայրը, որտեղ գտնվում է հերոսը․ երևում է նույն ռուսական միջավայրը, սակայն տեսախցիկի հետ գնալով տեսնում ենք նաև այն իտալական շինության սյուները, որոնց մեջ գտնվում է այդ հայրենական տունը։ Այդ միջավայրում առաջին անգամ ձյուն է գալիս՝ ամփոփելով անձրևը ու նկարագրելով ընդհանուր վիճակը։ Եվ, իհարկե, ինչպես Տարկովսկու գրեթե բոլոր ֆիլմերում, առկա են երկար, մեդիտատիվ տեսարաններ, որոնք որոշ մարդիկ ձանձրալի են համարում, սակայն դրանք ընդունելու դեպքում կարելի է ապրել արտասովոր խոր, հոգևոր զգացողություններ։ Երկար կադրերն, իմ կարծիքով, Տարկովսկու առավելությունն են, այլ ոչ թե թերությունը։ Պարզապես պետք է թույլ տալ ֆիլմին ազդել այնպես, ինչպես մտածել է հեղինակը։



Թողնել մեկնաբանություն