Տայգայում ապրում էր նանայացի մի որսորդ Դերսու Ուզալան։ Կնոջ և երեխաների ողբերգական մահից հետո նա լքել էր տունը՝ ապրելով բաց երկնքի տակ։ Նրա մասին գիրք է գրել Վլադիմիր Արսենևը, որը հետաքրքրել էր ճապոնացի ամենահայտնի կինոռեժիսոր Ակիրա Կուրոսավային։ Այդպես էլ ստեղծվեց «Դերսու Ուզալա» օսկարակիր ֆիլմը։

Արսենևի ստեղծագործությունը բավականին ժամանակ էր, ինչ հետաքրքրում էր աշխարհահռչակ ռեժիսորին։ Սակայն նա չէր շտապում էկրանավորել՝ որոշելով, որ այդ ֆիլմը կարելի է նկարել միայն ռուսական տայգայում։ Այդ հնարավորությունը ստեղծվեց, երբ նրան հրավիրեցին ԽՍՀՄ և առաջարկեցին այնտեղ ֆիլմ նկարահանել։ Ակիրա Կուրոսավայի մի շարք որոշումներ զարմացրին տեղացիներին, սակայն, հասկանալով, որ Կուրոսավան զիջումների չի գնա, համաձայնեցին։ «Դերսու Ուզալան» միակ խորհրդային ֆիլմն է, որ նկարահանվել է ճապոնացի հայտնի ռեժիսորի կողմից։
Դերսու Ուզալայի պատմությունը հմայում է իր պարզությամբ և միաժամանակ փիլիսոփայական խորությամբ։ Այս ֆիլմում բացակայում է գլխավոր անտագոնիստը․ հիմնականում կոնֆլիկտների աղբյուր է դառնում բնության խիստ միջավայրը, որտեղ հեշտությամբ կարելի է կորչել, գետի հոսանքով լողալ դեպի ջրվեժ, իսկ ժամանակին թաքստոց չպատրաստելու դեպքում՝ գիշերը ցրտահարվել։ Բացի բնության դժվարություններից, հերոսներին հանդիպում էին հունհուզների թակարդները և նրանց կողմից կապված ու գետի մոտ թողնված մարդիկ։ Անմիջական կռիվ տեղի չի ունենում հունհուզների հետ. նրանց հարցերով զբաղվում էր ուրիշ անձնակազմ։ Մեկ այլ կոնֆլիկտ էր՝ այս անգամ ներքին, Դերսուի աչքերի խնդիրը, որի պատճառով նա չէր կարող որս անել, հետևաբար՝ չէր կարող նաև գոյատևել անտառում։ Կա նաև կոնֆլիկտ անտառի և քաղաքի, ինչպես նաև Դերսուի և քաղաքի միջև։ Եվ հիմնական անձնական կոնֆլիկտը, որը միայն մասնակիորեն է անձնական, մնում է կադրից դուրս. դա Դերսուի սպանությունն է։ Այդ կոնֆլիկտը, հավանաբար, կայանում է Դերսուի և սպանողի միջև, սակայն մենք չգիտենք, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Հնարավոր է՝ այդ ամենը պատահականության հետևանք է, և այդ դեպքում կստացվի, որ կոնֆլիկտ տեղի չի ունեցել։ Այս բոլոր կոնֆլիկտները մի փոքր տարբերվում են այն ամենից, ինչին սովոր ենք տեսնել ֆիլմերում։ Այդ պատճառով էլ «Դերսու Ուզալան» կարելի է համարել ֆիլմ մարդկայնության, ընկերության մասին, ինչպես նաև այն մասին, որ մեզ շրջապատող բոլոր կենդանիներն ու առարկաներն ինչ-որ չափով մարդ են։ Իհարկե, նման տեսանկյան համար «մարդ» բառն այլ կերպ է պետք հասկանալ՝ որպես մի արարած, որն օժտված է հոգով (հոգի բառը, կարծում եմ, նույնպես ավելի լայն կոնտեքսով է պետք հասկանալ)։ Նա գնահատում է ամեն բան իր տեղում, այդ իսկ պատճառով չի ցանկանում անպատճառ կրակել շշին՝ որպես օգտակար առարկայի։ Դրա փոխարեն իր հրաձգային տաղանդը ցույց է տալիս՝ կրակելով ճոճվող պարանին, որը պոկվելուց հետո չի կորցնում իր ֆունկցիոնալությունը։ Սակայն կան որոշ առանձնահատկություններ կենդանիների նկատմամբ վերաբերմունքում. նա չի կարող որս չանել և սննդի համար սպանում է կենդանիների՝ բացառությամբ վագրերի. այդ կենդանատեսակի սպանությունը Դերսուի մշակույթում ընդունված չէ։
Դերսուն ոչ միայն օժտված է անտառում գոյատևելու հմտությամբ, այլև լավ նկատում է այն, ինչի մասին շատերը անգամ չեն ենթադրում։ Օրինակ՝ միայն ոտնահետքերից կարող է ասել մարդու սեռը, տարիքը և նույնիսկ ազգությունը։ Թվում է, թե նա ամեն ինչ կարող է, սակայն այդ կարծիքը փոխվում է, երբ նույնիսկ նա չի կարողանում գտնել հետդարձի ճանապարհը, երբ Արսենևի հետ առանձնացել է անձնակազմից, իսկ քամին մաքրել է հետքերը։ Փոխարենը նա փրկում է երկուսին էլ ցրտահարությունից՝ հնարամտորեն թաքստոց կառուցելով։ Դա ֆիլմի առաջին մասի ամենատպավորիչ և դրամատիկ տեսարաններից է, և մասնավորապես այդ տեսարանի ընթացքում գլխավոր հերոսներն ավելի են մտերմանում։ Այդ տեսարանում աչքի են ընկնում օպերատորական փայլուն աշխատանքը, արևի դանդաղ մայր մտնելը, որը հզոր լարվածության աղբյուր է, դերասանական բնական խաղը (նման էֆեկտի հասնելու համար ռեժիսորը պատվիրել էր դերասաններին իսկապես հավաքել ամբողջ ցախը), հատուկ էֆեկտները, որոնցով ստեղծված է խանգարող քամին։ Այդ տեսարանի դրամայի գլխավոր ուժը կայանում է նրանում, որ չհասցնելու դեպքում հերոսները կարող են մահանալ. համենայն դեպս, դրա ռիսկը զգացվում է։

Ֆիլմում Դերսուի դերը Մաքսիմ Մունզուկի հրաշալի կատարմամբ բավականին շուտ համակրանք է առաջացնում հանդիսատեսի շրջանում՝ մասնավորապես դերասանական խաղի շնորհիվ։ Դժվար է պատկերացնել այդ հերոսին առանց իր բարբառի, ունակությունների, քայլվածքի․․․։ Նկարահանմանը մասնակցած դերասանները վկայում են, որ Մաքսիմ Մունզուկը դեր չէր խաղում. նա այդպիսին էր թե՛ կադրում, թե՛ կադրից դուրս։ Նա չգիտեր լողալ (ինչպես և իր հերոսը), սակայն չվախեցավ և բավականին լավ խաղաց գետի տեսարանը։ Ռեժիսորը նրան գտավ «Վկայի անհետացումը» (Пропажа свидетеля) ֆիլմում և պատվիրեց հրավիրել ստուդիա։ Ուրիշ տարբերակների չնայեցին. Կուրոսավան առաջին անգամ նրան տեսնելիս հասկացավ, որ իր դիմաց կանգնած է Դերսու Ուզալան։ Սակայն մնացած դերասանների հետ այդքան հեշտ չեղավ. յուրաքանչյուր դերի համար փորձարկվեցին տարբեր դերասաններ, մինչև գտնվեցին ամենահամապատասխանները։
Ֆիլմը բաղկացած է 2 մասից, սակայն յուրաքանչյուր մաս ունի իր վերջաբանը։ Առաջին մասը կարելի է դիտել որպես լիարժեք ստեղծագործություն ընկերության մասին, որն ավարտվում է տպավորիչ հրաժեշտով։ Իսկ երկրորդ մասը վերադարձն է, այն ավելի դրամատիկ է առաջին մասի համեմատ, քանզի հենց այստեղ է տեղի ունենում գետի տեսարանը, որի ժամանակ արդեն սիրված Դերսուն գտնվում է վտանգավոր դրության մեջ, ինչպես նաև Դերսուի ողբերգության սկիզբը՝ նրա տեսողության վատացումը, և, իհարկե, տխուր ավարտը։ Ֆիլմի երկրորդ մասում է տեղի ունենում այն իրադարձությունը, որից հետո Դերսուն փոխվում է։ Նա կրակում է վագրի ուղղությամբ․ չի սպանում, սակայն, ըստ իր ասելու՝ «ամբան միշտ փախչում է, քանի դեռ չի մահացել» (ամբան վագրն է)։ Նա դա անում է անգիտակցաբար՝ որպես ինքնապաշտպանություն։ Սակայն, երբ ուշքի է գալիս, համոզված է լինում, որ վագրը դեռ կգա և իրեն կսպանի։ Դա այդպես էլ տեղի չի ունենում, սակայն մի պահ անհանգստությունը հասնում է իր գագաթնակետին, և Արսենևն առաջարկում է Դերսուին գալ իր տուն՝ քաղաք։ Անհանգստությունն ու ցածր տրամադրությունը միակ հետևանքը չեղան ամբայի կողմն ուղղված կրակոցից. դա անդրադարձավ նաև առողջության վրա, և Դերսուի տեսողությունը թուլացավ, որի արդյունքում նա, որ միշտ կրակում էր դիպուկահարի պես, կորցրեց ոչ միայն նշան բռնելու, այլև մոտակայքում կենդանուն տեսնելու հնարավորությունը։ Դա այնքան անսպասելի էր Արսենևի համար, որ նա սկզբում դժվարությամբ էր հավատում, կարող էր տպավորություն առաջանալ, թե Դերսուն ձևացնում է, որպեսզի չսպանի կենդանուն։ Սակայն հետո փորձում է կրակել իր ձեռնոցին, որը կենդանի չէ, սակայն դարձյալ չի դիպչում։ Պարզ է դառնում՝ նման տեսողությամբ նա չի կարող որս անել, և դա գլխավոր պատճառներից մեկն է, որ Արսենևն առաջարկում է մեկնել քաղաք։
Քաղաքում նա չի կարողանում ապրել․ իրեն զգում է ինչպես բադ (կամ ինչպես վանդակում – «բադ» բառը վերցված է հենց Դերսուի խոսքերից)։ Այնտեղ ընդունված չէ անել այն բաները, որոնց ինքը սովոր է եղել անել ողջ կյանքի ընթացքում։ Չի կարող կրակել (թեկուզ փողը մաքուր պահելու նպատակով), չի կարող դուրսը քնել, չի կարող ծառ կտրել։ Պարզապես չկար համապատասխան զբաղմունք, որը կմիավորեր նրա կյանքը քաղաքի հետ։ Դերսուն ուզում է նորից գնալ անտառ, սակայն իր տեսողությունը դեռ որսի համար համապատասխան չէ։ Վերջ ի վերջո, Արսենևը նրան նվիրում է մի նոր հրացան, որով նույնիսկ Դերսուն կարող է նշան բռնել։ Ըստ ոստիկանի եզրակացության՝ հանցագործը սպանել է Դերսուին հենց այդ նոր հրացանը գողանալու նպատակով։ Այս ողբերգական ավարտը չունի հստակ մեղավորներ՝ բացի մարդասպանից, որը հիշեցնում է, թե որքան դաժան կարող է լինել այս աշխարհը։ Նա հակապատկերն է Դերսուի, ով մարմնավորում է մարդկային պարզությունն ու բարությունը։ Այդ գլխավոր անտագոնիստը նույնիսկ չի արժանանում էկրանին երևալու։ Նա, ըստ երևույթին, մարդու կյանքի արժեքը համեմատում է սովորական հրացանի հետ այն ժամանակ, երբ Դերսուն ամեն բան սիրում էր այնպես, ինչպես ոչ ոք։
Ես այսքան պատմելիս անընդհատ նշեցի Դերսուի անունը, կարծես նա լիներ գլխավոր հերոսը, սակայն ֆիլմում գլխավոր պրոտագոնիստի դերը կառուցվածքային առումով տանում է Արսենևը։ Հենց Արսենևի տեսանկյունից են տեղի ունենում բոլոր իրադարձությունները․ մենք նրա հետ միասին ենք ծանոթանում Դերսուին, նրա հետ միասին ենք հրաժեշտ տալիս, հետո նորից հանդիպում և տեսնում ոստիկանությունից ստացված նամակը։ Նույնիսկ կադրից դուրս երբեմն լսում ենք Արսենևի մեկնաբանությունները կատարվածի վերաբերյալ։ Սակայն, չնայած ամբողջ պատմությունը նրա տեսանկյունից է, ուշադրությունը գերազանցապես կենտրոնացված է Դերսու Ուզալայի վրա, այդ պատճառով էլ վերնագիրը նրա անունով է։ Մենք նայում ենք այդ կերպարին Արսենևի աչքերով։ Ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ վերջինիս ուշադրությունը Դերսուի կողմն է, ոչ թե իր անձի, և նույն կերպ էլ ուղղորդված է մեր ուշադրությունը։
Այս ֆիլմն իր ընդհանուր գաղափարով ինձ մի փոքր հիշեցնում է «Միմինոն»։ Երկու ֆիլմերում էլ առանցքային դեր ունի ընկերությունը, և այդ ընկերությունը տարբեր ազգերի ներկայացուցիչների միջև է, երկու ֆիլմերում էլ առկա է տան (ծննդավայրի) կարևորությունը․ Ուզալան չի կարողանում ապրել անտառից դուրս, իսկ Վալիկոն՝ Վրաստանից դուրս։ Երկու ֆիլմերն էլ պարզ են և առաջ են մղում մարդկայնության կարևորությունը։ Կարծում եմ՝ էլի կարելի է գտնել նշված հատկանիշներով օժտված ֆիլմեր։ Համենայն դեպս, իմ մտքին առաջնային եկավ հենց այս օրինակը։ Եվ կցանկանայի ավարտել այս փոքրիկ վերլուծությունը Դերսուի խոսքերով, սակայն այլ համատեքստում (խոսքը գնում է հասարակ մարդկայնության մասին). «Դրա՝ ամենակարևոր մարդիկ. դրա կորցրիր՝ շուրջդ բոլորին կորցրիր»։
Թողնել մեկնաբանություն