Կանաչ մղոն — Սթիվեն Քինգի վեպի և Ֆրենկ Դարաբոնդի էկրանավորման վերլուծություն

«Կանաչ մղոնի» էկրանավորումը բավականին երկար ժամանակ առաջին կամ երկրորդ տեղն է զբաղեցրել Kinopoisk և IMDb կայքերի լավագույն ֆիլմերի ցանկում՝ սովորաբար «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի կողքին, որը նկարահանել է նույն ռեժիսորը նույն գրողի ստեղծագործության հիման վրա։ Այդ փաստը մտածելու տեղիք է տալիս, թե ի՞նչն է այդ ֆիլմերում այդքան գրավել միլիոնավոր մարդկանց․ չէ՞ որ դրանք օժտված չեն ինչ-որ յուրահատուկ հայտնագործությամբ։ Մի բան հստակ է․ այդ երկու ֆիլմերն էլ փայլուն էկրանավորումներ են, որոնք չեն զիջում գրական հիմքին, եթե չեն գերազանցում։ Սակայն այս անգամ կխոսեմ հենց «Կանաչ մղոնի» և Սթիվեն Քինգի գրքի այն յուրահատկությունների մասին, որոնք չկան ֆիլմում։

«Կանաչ մղոն» վերնագիրը ծագում է մահապարտների մղոնի անվանումից։ Նման վայրերին ընդունված է ասել «վերջին մղոն», սակայն քանի որ այդ բանտում մղոնի հատակը կանաչ էր, դա անվանում էին «կանաչ մղոն»։ Այս վեպում կանաչ մղոնը չի վերաբերում միայն բանտի մահապարտների միջանցքին․ այն կարելի է վերլուծել որպես կյանքի ուղի, որը տարբեր մարդկանց մոտ տարբեր երկարություն կարող է ունենալ, սակայն բոլորն էլ վերջիվերջո գնում են նույն ուղղությամբ։ Դրա մասին ուղղակիորեն վկայում է գրքի ամենավերջին նախադասությունը․ «Մենք բոլորս դատապարտված ենք մահվան, բոլորս՝ առանց բացառության, ես գիտեմ, բայց, օ՜ Աստված, երբեմն որքա՜ն երկար է Կանաչ մղոնը»։ Այդ խոսքերն արտաբերում է գլխավոր հերոսը՝ Փոլը, ով Ջոն Քոֆիի բուժումից հետո դարձել է բավականին երկարակյաց՝ այնքան, որ նրա բոլոր ճանաչած բարեկամները մահացել էին այն ժամանակ, երբ ինքը շարունակում էր ապրել ծերանոցում։

Սակայն այն պատճառները, թե ինչու է նա այդքան երկարակյաց, գրքում և ֆիլմում տարբերվում են։ Գրքում Քոֆին, բուժելով նրան, տալիս է կայունություն, իմունիտետ. կարելի է ասել՝ այնքան առողջ է դարձնում, որ այլ հիվանդություններ նույնպես չեն սպառնում Փոլին բավականին երկար ժամանակ։ Իսկ ֆիլմում Ջոնը Փոլին տալիս է իր ուժի մի մասը, որպեսզի վերջինս կարողանա տեսնել, թե ով է իրական մարդասպանը։ Ըստ ֆիլմի՝ հենց այդ առեղծվածային ուժը և Քոֆիին սպանելու մեղքն են Փոլի երկարակեցության պատճառը։ Ֆիլմում դա որպես պատիժ է նրա համար, որ սպանեց «Աստծո որդուն»։ Այո՛, Ջոն Քոֆին ակնհայտ հղում է Հիսուս Քրիստոսին՝ իր հրաշագործություններով և վերջում «խաչվելով»։ Դրա մասին վկայում է նաև նրա անուն-ազգանունը, որի առաջին տառերը համապատասխանում են Հիսուս Քրիստոսի անգլերեն անվան առաջին տառերին (John Coffey — Jesus Christ), և դա ոչ թե պարզապես երկրպագուների հորինվածքն է, այլ Սթիվեն Քինգի կողմից հաստատված փաստ։ Համենայն դեպս, Աստվածաշնչի հետ կապը, իմ կարծիքով, ավելի շատ արհեստական խորություն ստեղծելու համար է։

Ամբողջ բանտային պատմությունը ներկայացվում է որպես 108 տարեկան Փոլի հիշողություններ, որոնք նա գրի է առնում, իսկ ֆիլմում՝ պատմում։ Այն պատճառով, որ «Կանաչ մղոնի» պատմությունը հիշողությունների հավաքածու է, ընթերցողը դրան ծանոթանում է անկանոն ժամանակագրական (խրոնոլոգիական) հաջորդականությամբ։ Սկզբում Փոլը մտաբերում է ինչ-որ դրվագներ որոշ բանտարկյալների մասին, որոնք կապ չունեն իրար հետ, հետո մտաբերում է Քոֆիին, Դելակրուային և Ուորթոնին։ Նա նշում է, որ այդ եռյակից առաջինը բանտարկվել էր Դելակրուան (այդ ժամանակ դեռ նրանց հետ էր Առաջնորդը), հետո ժամանում է Ջոնը, և վերջապես՝ Ուորթոնը։ Սակայն, միևնույն է, պատմությունները հաճախակի առաջ ու հետ էին գնում, և նույնիսկ Փոլն ուղղակիորեն խոստովանում է, որ լավ չի հիշում հերթականությունը։ Գրքում ամենահետաքրքիր պատմությունները սկսվում են մոտավորապես մեջտեղից. մինչ այդ հիմնականում ծանոթություն էր միջավայրին և հերոսներին։ Հիմնական պատմությունը, կարելի է ասել, սկսվում է Միստր Ջինգլզի կամ Վիլի Շոգենավի հայտնվելուց, որին հաջորդում են Քոֆիի պատմությունը՝ Փոլի վարակի, Փերսիի կողմից ճզմված մկնիկի և Մելինդա Մուրսի բուժումը, Փերսիի արարքները, Դելակրուայի դաժան մահը և այլն։

Գրքի և ֆիլմի գլխավոր տարբերությունը կայանում է նրանում, թե ինչպես են իմանում Ջոն Քոֆիի անմեղության մասին։ Գրքում Փոլի կասկածներն անհիմն չէին․ նա ուսումնասիրում և գտնում է մի շարք ապացույցներ, որոնք եթե չեն ժխտում Ջոնի մեղավորությունը, գոնե կասկած են առաջացնում դրանում։ Փոլը Ջոնին է մեկնում իր կոշիկը, որի նպատակի մասին իմանում ենք Բրուտալի, Դինի և Հարիի հետ առաջին հավաքույթի ժամանակ։ Փոլը հիշեցնում է, որ երբ Ջոն Քոֆիին նոր էին գտել, նրա գրպանում սենդվիչ կար, որի երշիկը պակասում էր․ հանցագործն այդ երշիկը տվել էր Դետերիկների շանը։ Սակայն այդ սենդվիչը կապված էր թելով, իսկ կոշիկի միջոցով Փոլը պարզեց, որ Ջոնը նույնիսկ կոշիկ կապել չգիտի։ Փոլը ներկայացնում է ևս մեկ նկատառում հօգուտ Ջոնի․ նա հիշեցնում է, որ հանցագործին փնտրելու ժամանակ հետախուզական շների կարծիքները մի պահ հակասեցին իրար։ Ամենայն հավանականությամբ, որոշները ձգտում էին դեպի Ջոնը, ում մոտ գտնվում էին աղջիկները, իսկ որոշները փնտրում էին իրական հանցագործին։ Դրանք այդքան էլ համոզիչ փաստարկներ չեն, սակայն բավական եղան, որ հիմնական պահակները համոզվեն Քոֆիի անմեղության մեջ, հատկապես որ նրանք տեսել էին, թե ինչպես է դատապարտյալը վերակենդանացնում մկնիկին։

Սակայն ամենաարժեքավոր արդարացնող փաստերը պարզվում են որոշ ժամանակ անց։ Փոլը շերիֆի օգնական Մաքգիի շնորհիվ իմանում է, որ Ուորթոնը որոշ ժամանակ աշխատել է Դետերիկների մոտ։ Հաշվի առնելով Ուորթոնի տեսակը՝ ակնհայտ է դառնում, որ իրական մարդասպանը հենց ինքն է։ Գրքում այդ տվյալների հիման վրա նաև երկրորդ հավաքույթն է տեղի ունենում Փոլի տանը՝ նույն թիմով։ Նրանք քննարկում են, թե ինչ է պետք անել այն պարագայում, երբ, ըստ օրենքի, նրանք մի քանի օրից պետք է սպանեն անմեղ մարդու։ Այդ քննարկումն առանձնապես արդյունք չի ունենում․ նրանք չեն կարողանում գտնել խնդրի անվտանգ լուծում և հանգստանում են միայն այն ժամանակ, երբ Ջոնն ասում է, որ ինքն է ուզում մահանալ։

Իսկ ֆիլմում այդ բոլոր փաստարկներն ուղղակիորեն չկան․ Ջոնին անմեղ համարելը բխում է բացառապես նրա հրաշագործությունից և բարությունից։ Նրանք պարզապես չեն հավատում, որ նման մարդն ունակ է հանցագործության։ Այդ նույն զգացողությունը կա նաև գրքում, սակայն ոչ այդքան ազդեցիկ։ Չնայած արտաքին անմեղ տպավորությունը չափազանց խաբուսիկ է ոչ միայն այն պատճառով, որ Քոֆիի գործը լուսաբանող Բերտ Համերսմիթը պատմում է իր շան պատմությունը, այլ նաև հիշենք, որ մյուս դատապարտյալները, չհաշված Վայրենի Բիլիին, նույնպես խղճահարություն էին առաջացնում։ Օրինակ՝ Դելակրուան իր տեսակով բացարձակ նման չէ ոճրագործի, իսկ Միստր Ջինգլզի հետ կապը միայն շեշտում է նրա բարությունը, սակայն ոչ ոքի մոտ կասկած չի առաջանում նրանում, որ նա բռնաբարել ու սպանել է մի աղջկա, ինչպես նաև հրդեհի միջոցով այրել է 6 մարդու։ Իսկ Քոֆիի նկատմամբ կասկած առաջանում է, քանի որ «Աստված նման ունակություններ չէր տա մարդասպանին»։

Ֆիլմում Քոֆիի արդարացման ամենահիմնական ապացույցն այն է, որ Փոլը, ստանալով Ջոնի ուժի մի մասը, ինքն է տեսնում, թե ինչ է տեղի ունեցել։ Եվ այդ տեսիլքում շատ հստակ ցույց են տալիս, որ Դետերիկների տանը աշխատում էր Ուորթոնը․ դա այնպիսի ձևով է ցուցադրվում, որ այլևս կասկած չի առաջանում Քոֆիի անմեղության հարցում։ Չէ՞ որ Քոֆին մի քանի անգամ արդեն պնդել էր, որ ուզում էր օգնել սպանված աղջիկներին, սակայն չկարողացավ․ այսինքն՝ նա ուզում էր փրկել նրանց Ուորթոնի ճանկերից, սակայն արդեն ուշ էր։ Ֆիլմում, ի տարբերություն գրքի, երկրորդ ժողովը տեղի չի ունենում Քոֆիի հարցը քննարկելու վերաբերյալ․ այդպիսով ավելի է շեշտվում այն, որ պահակները նույնիսկ չեն մտածում նրան ազատելու մասին այն դեպքում, երբ վստահ են դատապարտյալի անմեղության մեջ, որը միայն շեշտում է անարդարության զգացողությունը։ Թե՛ գրքում, թե՛ ֆիլմում հանգում ենք նույն եզրակացությանը, սակայն գրքում դա արվում է ավելի փաստաբանական եղանակով, մինչդեռ ֆիլմն ավելի շատ ազդում է էմոցիաներով և միստիկայով։ Հենց այդ փոփոխության արդյունքում է ստացվում, որ Ջոնն իր ուժի մի մասը տվել է Փոլին, որի շնորհիվ ֆիլմային Փոլի նշանակությունն աճում է։

Կարծում եմ՝ էկրանավորումը շատ հարցերում գերազանցում է բնօրինակին, մասնավորապես՝ դերասանական խաղի միջոցով։ Թոմ Հենքսի կատարումը Փոլին ավելի շատ խորություն է տալիս, քան գրքում է, չնայած գրքում կան ավելի շատ իրադարձություններ և մտքեր, որոնք, որպես կանոն, պետք է բացահայտեին հերոսին, սակայն ինչ-որ չափով անում էին հակառակը՝ ցույց տալով գլխավոր հերոսի մտավոր պարզունակությունը։ Պարզապես կան շատ մտքեր, որոնք հանելու դեպքում առանձնապես շատ բան չի փոխվի, և կան բազմաթիվ կրկնվող գաղափարներ ու մեղադրանքներ նույն հերոսների նկատմամբ։ Դրանք երբեմն շատախոսության տպավորություն են թողնում, չնայած կարելի էր մտքերի միջոցով փոխանցել հերոսի բարդ հոգեբանական վիճակը և ներքին կոնֆլիկտները, որոնք արտահայտվում են հիմնականում Քոֆիի հետ Մուրսի տուն գնալու ընթացքում և մի քանի փոքր հատվածներում, ոչ ավելին։ Բայց այդ պակասն էկրանավորման համար դարձավ առավելություն, քանի որ պետք չէր որոշել հերոսների մտքերը փոխանցելու խորամանկ ճանապարհներ։

Ֆիլմում զգալիորեն կրճատված են ծերանոցի տեսարանները և ընդհանուր առմամբ փոփոխված են։ Գրքում նկարագրվում են ծերանոցը, այնտեղի հեռուստացույցով սենյակը, պատշգամբը։ Ապա տեղի են ունենում մի շարք իրադարձություններ՝ կապված Բրեդ Դոլանի հետ, ով ընդհանրապես չկա ֆիլմում։ Բրեդ Դոլանը ծերանոցի խիստ աշխատող էր, ում Փոլը պարբերաբար համեմատում էր Փերսիի հետ և նույնիսկ մի քանի անգամ հենց Փերսի անվանեց։ Բրեդն ամեն կերպ ցանկանում էր իշխել ծերերի վրա․ նա արգելում էր Փոլին գնալ զբոսանքի և պարբերաբար հարցնում էր, թե ուր է գնում նա։ Փոլը մտնում էր ինչ-որ ցախատուն, սակայն թե ինչ էր անում այնտեղ, իմանում ենք գրքի վերջում՝ Էլեյն Քոնելիի հետ տեսարանում (նա գտել էր Միստր Ջինգլզին և պահում էր այդ ցախատանը, հետո ցույց տվեց Էլեյնին, և նրանց գտավ Դոլանը․ այդ պահին ծեր մուկը սատկեց)։ Փոլը համեմատում էր Կանաչ մղոնը «Ջորջիա Փայնս» ծերանոցի հետ, Բրեդ Դոլանին՝ Փերսիի, իսկ Էլեյնին՝ Ջենիսի՝ իր կնոջ հետ։

Ի դեպ, գրքի ամենավերջին տեսարանում Փոլը հիշում է, թե ինչպես մահացավ իր կինը, և այդ պահին հասկացավ, որ դատապարտված է հավերժ ապրելու, ու ցանկություն ունեցավ մահանալու։ «Կանաչ մղոնի» և «Ջորջիա Փայնսի» համեմատությունը ֆիլմում կատարվում է այլ կերպ, մասնավորապես՝ ծերանոցի կանաչ հատակով միջանցքով (մղոնով)։ Եվս մեկ գեղեցիկ գեղարվեստական լուծում է «Գլխարկը» (Top Hat / Ցիլինդր) ֆիլմը, որը ծերանոցի հեռուստացույցով տեսնելիս Փոլը հուզվում է և հեռանում․ հետո իմանում ենք, որ դա Ջոն Քոֆիի վերջին ցանկությունն էր՝ դիտել ֆիլմ, և նա դիտում էր հենց այդ ֆիլմը։ Գրքում չկա նման դրվագ, սակայն այնտեղ նշված է, որ Փոլը նախընտրում էր հեռուստացույցով ֆիլմեր նայել, քան հաղորդումներ։

Ֆիլմում ծերանոցից մնացել է միայն գրեթե բոլորովին փոխված նախաբանը և նույնպես փոխված վերջաբանը։ Հիմնական ընթացքը Ջոն Քոֆիի մասին պատմությունն է, հետևաբար կրճատված են գրքի բազմաթիվ մանր պատմություններ։ Իսկ ամենաակտիվները խտացված են և մշակված։ Օրինակ՝ գրքում Ջոն Քոֆին գալիս է Միստր Ջինգլզի հայտնվելուց ամիսներ անց, իսկ ֆիլմում նա արդեն եկել էր, երբ մկնիկն առաջին անգամ երևաց Կանաչ մղոնում։ Ինչպես նաև մկնիկի հայտնվելու և Դելի մոտ գալու միջև ֆիլմում անցնում բավականին կարճ ժամանակ ի տարբերություն գրքի։ Ընդհանուր պատմությունը կարծես սեղմված լինի մի քանի շաբաթվա մեջ և հստակ դասավորած։ Դա շատ տրամաբանական լուծում է, հատկապես այն դեպքում, երբ էկրանին երևացածի՝ հիշողություն լինելու կարգավիճակն այլևս այդքան էական դեր չունի, ուրեմն ժամանակագրական հաջորդականությունն էլ իմաստ չկա խառը ներկայացնելու։

Եվ ինչո՞ւմ է կայանում այս ստեղծագործության հաջողությունը․ հավանաբար նրանում, որ այն առաջացնում է սաստիկ անարդարության զգացողություն՝ որ սպանում են անմեղին, որ որոշ դատապարտյալներ կարծես ավելի քիչ են արժանի մահապատժի, քան որոշ պահակներ, որ Քոֆիի սևամորթ լինելու փաստը զրկում էր նրա դատը վերանայելու հնարավորությունից։ Կամ մի գուցե այս ֆիլմը պարզապես Աստվածաշնչի այլընտրանքային շարադրանք է։ Մի գուցե մահապատժի պատասխանատվության մասին է, կամ որ բոլորս այսպես թե այնպես դատապարտված ենք, միայն թե Կանաչ մղոնը յուրաքանչյուրի համար տարբեր երկարություն ունի։ Յուրաքանչյուրն այս հարցում կարող է իր կարծիքն ունենալ, իսկ ես արդեն թվարկեցի ինձ մոտ առաջացած հիմնական մտքերը։

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started