«Ֆաննի և Ալեքսանդր» ֆիլմը շատերի կողմից ճանաչվում է որպես աշխարհահռչակ ռեժիսոր Ինգմար Բերգմանի գլխավոր գործ։ Այն ինչ-որ չափով ամփոփում է ռեժիսորի ստեղծագործական կյանքը, չնայած դրանից հետո էլ Բերգմանը դուրս չեկավ կինոարվեստից՝ շարունակելով ստեղծագործել։
Ֆիլմը բաղկացած է 5 ակտից․ «Էկդալների ընտանիքը նշում է Սուրբ Ծնունդը», «Ուրվականը», «Բաժանում», «Ամառային իրադարձություններ», «Դևերը»։ Բացի դրանից, կան նախաբան և վերջաբան, որոնք դուրս են մնում ակտերի ընդհանուր բաժանումից։ Հեռուստատեսային տարբերակում երկրորդ և երրորդ ակտերը տեղավորված են մեկ սերիայում, մինչդեռ մնացած ակտերը ներկայանում են որպես առանձին սերիաներ։ Իսկ կինոթատրոններում ցուցադրվել է ֆիլմի կրճատված տարբերակը (մոտ 3 ժամ տևողությամբ, մինչդեռ ամբողջական տարբերակը 5 ժամ է), որը զերծ է ակտերի բաժանումից և բազմաթիվ տեսարաններից։
Չնայած ամբողջական ֆիլմը բաժանված է սերիաների, այն ավելի նման է ամբողջական լիամետրաժ ստեղծագործության, քանի որ առանձին վերցված ակտերն ավարտուն վերջաբան չունեն։ Ֆիլմի ընդհանուր տեմպը դանդաղ է, սակայն ունի սահուն կլանող հատկություն։ Նախաբանում ծանոթանում ենք գլխավոր հերոսի՝ Ալեքսանդրի հետ, իսկ առաջին ակտում՝ Էկդալների ընտանիքի մյուս անդամների և նրանց ընկերների հետ։ Առաջին ակտի ընթացքում իմանում ենք, որ Էկդալներն ունեն թատրոն, որը խորհրդանշում է ուրույն, փոքրիկ մի աշխարհ։
Երկրորդ ակտում Օսկարը՝ Ալեքսանդրի և Ֆաննիի հայրը, մահանում է՝ թատրոնը փոխանցելով կնոջը՝ Էմիլիին։ (Ի դեպ նա մահից առաջ խաղում էր «Համլետ» պիեսի ուրվականի դերը, որը խորհրդանշական նշանակություն ունի)։ Երրորդ ակտում Էմիլին ամուսնանում է եպիսկոպոս Վերգերուսի հետ, ով ներկա էր Օսկարի թաղմանը։ Չորրորդ ակտում Վերգերուսն այնքան խիստ է վերաբերվում նոր կնոջն ու երեխաներին, որ թե՛ երեխաները, թե՛ մայրը փոշմանում են այդ ամուսնության համար, սակայն Էմիլին ոչինչ անել չի կարողանում։ Հինգերորդ ակտում երեխաներին գողանում է Էկդալների ընտանիքի մոտիկ բարեկամ Իսահակը և պահում իր տանը։ Ֆաննին և Ալեքսանդրը ծանոթանում են Իսահակի ազգական Ահարոնի հետ։ Ալեքսանդրն առանձին տեսնում է նաև Իսահակի մեկ այլ ազգականի՝ Իսմայիլին, ում պահում էին փակի տակ՝ համարելով վտանգավոր։ Ալեքսանդրի մտքերը, Իսմայիլի կախարդանքի շնորհիվ, սպանում են եպիսկոպոսին։ Դրա շնորհիվ Էմիլին նույնպես ազատվում է, և Էկդալների մեծ ընտանիքը նորից միավորվում է։
Վերլուծություն
Ֆիլմն ինչ-որ չափով արտացոլում է հենց Բերգմանին․ խիստ եպիսկոպոսը մարմնավորում է Ինգմարի հորը, որը նույնպես հոգևորական էր, թատրոնը Բերգմանի ստեղծագործական ճանապարհի սկիզբն է, իսկ Ալեքսանդրը մարմնավորում է ինքնակենսագրական կերպարը։ Օսկարը, հնարավոր է, ռեժիսորի հասուն տարիքի արտացոլումն է։ Խորհրդանշական է նաև պրոյեկտորը, որով խաղում էին երեխաները (մասնավորապես Ալեքսանդրը)․ նկարներով պատմություն պատմելն իր տեսակով շատ մոտ է կինոյին և հանդիսանում է դրա նախատիպը։
Հավանաբար, ֆիլմի կարևորագույն գաղափարներից մեկը երևակայության և իրականության սահմանն է, որը ներկայացված է հնարավորինս անորոշ։ Ալեքսանդրը պարբերաբար տեսնում է ուրվականներ, սակայն ոչ մի տեղ չի շեշտվում, թե դա ընդամենը նրա երևակայությունն է․ ընդհակառակը, նա միակը չէ, ով տեսնում է դրանց։ Օրինակ՝ Օսկարի մահից հետո նրա ուրվականին միաժամանակ տեսնում են թե՛ Ալեքսանդրը, թե՛ Ֆաննին։ Դա վկայում է այն մասին, որ ուրվականներն իրական էին, կամ էլ երևակայությունն ուներ նյութական կշիռ։ Այնպիսի մարդու համար, ինչպիսին Ինգմար Բերգմանն էր, երևակայությունն, անշուշտ, չափազանց մեծ արժեք ուներ, և այս ֆիլմում երևակայության ու իրականության հստակ սահմանները պարզապես բացակայում են։ Այդ իսկ պատճառով ֆիլմն ավելի նման է մարդու ներքին աշխարհին, քան արտաքին, քանի որ մարդը կարող է ընկալել իրականությունն ու երևակայությունը որպես համարժեք։
Հիմնական հակասող մտքերն առաջացնում է եպիսկոպոսը, ով նախընտրում է «սուտ» բառը։ Մենք այդ կերպարին հիմնականում ծանոթանում ենք հենց այն տեսարանում, որտեղ նա Ալեքսանդրին սովորեցնում է, թե ստելը վատ բան է։ Նա վախենում է Ալեքսանդրից, ավելի հստակ՝ վերջինիս երևակայությունից, որն էլ դառնալու է իր՝ Վերգերուսի մահվան պատճառը։ Նա այնքան էլ չի տարբերում սուտն ու երևակայությունը․ նրա համար ցանկացած երևակայություն սուտ է, և նման հետաքրքիր ձևով հոգևոր առաջնորդը ֆիլմում ստանում է անտագոնիստի կերպարանք։ Իհարկե, Վերգերուսն ուներ իր տրամաբանական մոտիվները․ նա խիստ էր, սակայն խիստ էր սիրելուց։ Նա պարզապես չէր ուզում, որ Ալեքսանդրը ստի։ Սակայն նրա դաստիարակչական մեթոդները և երևակայության նկատմամբ վիճելի վերաբերմունքը նրան դարձնում են բացասական հերոս։ Հետաքրքիր է, երբ նա լսում է Ալեքսանդրի սուտը (ըստ որի նա փակել էր նախորդ կնոջն ու երեխաներին սենյակում, ինչի հետևանքով նրանք փախել և խեղդվել էին գետում), որպես պատիժ հարվածում է Ալեքսանդրին և փակում խորդանոցում՝ դրանով իսկ հաստատելով այն դաժանությունը, որի մասին վկայում էր Ալեքսանդրի հորինվածքը։ Հետո Ալեքսանդրի խոսքերի սուտ լինելու մասին իմանում ենք եպիսկոպոսի նախորդ երեխաների ուրվականներից, որոնց Ալեքսանդրը հանդիպում է խորդանոցում։
Ի դեպ, չնայած ֆիլմը վերնագրված է «Ֆաննի և Ալեքսանդր», Ֆաննիի դերն առաջին հայացքից այնքան էլ էական չէ գլխավոր հերոս կոչվելու համար․ նա ո՛չ ըմբոստանում է Վերգերուսի դեմ, ո՛չ էլ էական իրադարձության պատճառ է դառնում։ Ֆաննին ավելի շատ դիտորդ է, ով գրեթե միշտ Ալեքսանդրի կողքին է և ականատես է լինում բոլոր հիմնական իրադարձություններին։ Գլխավոր բացառությունը Իսմայիլի հետ Ալեքսանդրի զրույցն է, որը սյուժեի համար ծանրակշիռ նշանակություն ունի, սակայն դրան Ֆաննին ներկա չէ։
Ֆիլմի հիմնական գործողությունները ծավալվում են 3 տներում և թատրոնում․ Էկդալների տանը, եպիսկոպոսի տանը և Յակոբիների (Իսահակի) տանը։ Յուրաքանչյուր տուն ունի իր ուրույն մթնոլորտը։ Էկդալների տանը զգացվում է ընտանեկան մտերմությունը․ այն ողողված է հաճելի, տաք ու սառը գույներով, ճոխ կահույքով։ Այդ տունը, ինչպես նաև թատրոնը, փոքրիկ դրական, ջերմ աշխարհներ են։ Եպիսկոպոսի տունը զրկված է ցանկացած տեսակի ճոխությունից և պատված է չեզոք ու սառը գույներով․ այնտեղ տիրում է խստությունը, բնակիչները նույնպես սառն են, իսկ Վերգերուսի ազգական Էլզան, ով մշտապես պառկած էր և ի վերջո դարձավ Վերգերուսի մահվան գործիքը, ավելի էր խորացնում այդ տան հիվանդագին ու վանող մթնոլորտը։ Յակոբիների տունը, ընդհակառակը, ողողված էր հնարավորինս վառ գույներով, որոնցում գերակշռում էր կարմիրը։ Այդ կարմիր տունը լի էր կախարդական առարկաներով․ այն ավելի շատ նման էր սև մոգության, սակայն ներկայացված է որպես դրական միջավայր։ Գունային առումով բացառություն է կազմում միայն Իսմայիլի խուցը, որը համեմատաբար սառը գույների մեջ է՝ ընդգծելով նրա անկանխատեսելիությունը, վտանգավորությունն ու սև մոգությունը։ Այսպիսով, յուրաքանչյուր տուն ներկայացնում է առանձին փոքր աշխարհ՝ բացահայտելով բնակիչների հարաբերություններն ու ներքին վիճակը։
«Ֆաննի և Ալեքսանդր» ֆիլմի բոլոր հիմնական հերոսները բավականին խորն են ու մտածված, իսկ ընդհանուր սյուժեն կառուցվում է հենց կերպարների և նրանց փոխհարաբերությունների շուրջ։ Էկդալների ընտանիքի ավագը Հելենան է՝ Ֆաննիի և Ալեքսանդրի տատիկը։ Գուստավ Ադոլֆ Էկդալը Հելենայի որդիներից է․ նա զվարթ, ընկերասեր անձնավորություն է, ով սիրում է իր կնոջը, բայց նաև սիրուհի ունի։ Նրա եղբայր Կառլ Էկդալը նրա լրիվ հակապատկերն է․ սովորաբար մռայլ է և չի կարողանում լեզու գտնել կնոջ հետ։ Գուստավի սիրուհին տնային տնտեսուհի Մայն է, ում նա խոստացել է հացաբուլկեղենի փուռ նվիրել։ Գուստավը չի սիրում, երբ իրեն անվանում են անխելք՝ նույնիսկ փաղաքշական երանգով։ Իսահակը Էկդալ չէ, սակայն ընտանիքի մոտիկ բարեկամն է, և հենց նրա շնորհիվ են երեխաներն ազատվում խիստ եպիսկոպոսից (հետևաբար՝ նրա շնորհիվ է մահանում նաև Վերգերուսը)։
Ֆիլմի հիմնական դրամատուրգիան ունի պարզ, աճող կառուցվածք, սակայն, հաշվի առնելով հերոսների հրաշալի երկխոսություններն ու մանր գործողությունները, ստանում է երկրորդ շերտ, որն ավելի խորն է ու բարդ, քան բուն սյուժեն։ Իսկ հաշվի առնելով ֆիլմում ներառված գաղափարները՝ կարելի է գտնել երրորդ և հնարավոր է չորրորդ շերտ։ Հենց այդ փոխկապակցված, մանր, սակայն արժեքավոր տեսարաններում է կայանում ֆիլմի սցենարի բուն արժեքը։ Այն կարելի է վերլուծել շատ մանրակրկիտ։ Բերգմանը զգացել է կինոյի մեխանիկան և ստեղծել սեփական դրամատուրգիան, որը չի ենթարկվում շրջակա աշխարհի կամ կառուցվածքային մոդելների ընդունված օրենքներին։
Թողնել մեկնաբանություն