Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի մասին այս ֆիլմը նկարահանել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանը, ով հատկապես հայտնի է «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմով։ «Ամադեուս»-ի համար նա ստացավ իր երկրորդ «Օսկար» մրցանակը, իսկ ընդհանուր առմամբ ֆիլմը շահել է 11 անվանակարգերից ութը։ «Ամադեուս»-ը հիմնված է Պիտեր Շեֆերի համանուն պիեսի վրա․ նա նաև ֆիլմի սցենարի համահեղինակն է։
Ֆիլմը ներկայացնում է Մոցարտի և Սալիերիի մրցակցությունը, որի արդյունքում Սալիերին չի թունավորում Ամադեուսին, սակայն պատրաստվում է անել դա։
Հանուն արդարության արժե նշել, որ Սալիերին չի սպանել Մոցարտին․ նա նույնիսկ ավելի մեծ ճանաչում ուներ Վիեննայում և Մոցարտի հետ մասնագիտական, երբեմն էլ ընկերական հարաբերություններ ուներ։ Նա անվճար դասավանդել է Մոցարտի որդուն, ինչպես նաև Լյուդվիգ վան Բեթհովենին, Ֆրանց Շուբերտին և այլ աշխարհահռչակ կոմպոզիտորների։ Իսկ տարածված միֆը, թե ինքն է Մոցարտի մահվան պատճառը, հիմնականում ծագել է Պուշկինի գեղարվեստական ողբերգությունից։ Հետևաբար, «Ամադեուս» ֆիլմի սյուժեն չի համապատասխանում իրականությանը։ Համենայն դեպս, ֆիլմի գեղարվեստական լուծումները բավականին հետաքրքիր են, ուստի որոշեցի անդրադառնալ այս թեմային։
Ֆիլմը հիմնականում պատմվում է Սալիերիի տեսանկյունից, ինչը, կարծում եմ, օպտիմալ տարբերակն է․ Մոցարտի տեսանկյունից նույն սյուժեն այդքան էլ գրավիչ չէր լինի։ Սալիերին գտնվում է հոգեբուժարանում և, մեղքերի թողություն հայցելով, պատմում է այդ ամենը հոգևորականին․ ֆիլմի հիմնական մասը նրա պատմությունն է։ Դա թույլ է տալիս, որ Սալիերին հայտնի իր ընթացիկ կարծիքը։ Ըստ սյուժեի՝ Մոցարտը արդեն հայտնի էր, երբ Սալիերին դեռ երազում էր զբաղվել երաժշտությամբ, չնայած տարիքով շատ ավելի մեծ էր։ Ֆիլմի գլխավոր դրաման կառուցված է Սալիերիի տեսանկյունից անարդարության զգացողության վրա, որը կողքից կարող է ավելի շատ նախանձ հիշեցնել։ Սալիերին երազում էր դառնալ կոմպոզիտոր, որպեսզի Աստծո խոսքը փոխանցեր մարդկանց․ նա հենց այդպես էլ աղոթում էր։ Հիմնական արգելքը նրա հայրն էր, ով չէր կիսում որդու՝ Մոցարտին նմանվելու ցանկությունը։ Հոր մահը Սալիերին ընկալեց որպես Աստծո պարգև և համաձայնություն․ նա դարձավ կոմպոզիտոր և նույնիսկ ստանձնեց Վիեննայի պալատական կոմպոզիտորի պաշտոնը։
Այն ժամանակ գրեթե բոլոր մեծ ստեղծագործողները ոգեշնչվում էին բացառապես աստվածային թեմաներով, այդ թվում՝ Սալիերին։ Սակայն Մոցարտը ֆիլմում, ընդհակառակը, քննադատում էր կոմպոզիտորին սահմանափակող այդ հանգամանքը։ Արդյունքում Սալիերիի՝ Աստծուն նվիրվածության և Մոցարտի մոտեցման միջև կոնֆլիկտ է առաջանում։ Բայց Սալիերին համարում է, թե Աստված, իրեն մերժելով, ընտրել է այդ «կրկեսային կապիկին»։ Հենց այդ միտքն էր նրա մեջ առաջացնում անարդարության զգացումը։ Նա քննադատում էր Աստծո արարքը և որոշեց գերազանցել Աստծուն։
Մոցարտի թողած տպավորության հարցում մեծ նշանակություն ունի դերասանական խաղը։ Մինչ առաջին հանդիպումը Սալիերին գովաբանել էր Մոցարտին, և մենք՝ հանդիսատեսներս, չենք սպասում տեսնել մեծն կոմպոզիտորին որպես «ջրիկ», անհամեստ ծիծաղով պատանու, ով գետնին պառկած առաջարկություն է անում ապագա կնոջը։ Ֆիլմի ընթացքում նրա կերպարը լրջանում և հասունանում է, իսկ մենք սովորում ենք նրա յուրահատկություններին։ Դրա շնորհիվ, զարմանալի կերպով, Մոցարտը վերածվում է ավելի շատ պրոտագոնիստի, իսկ Սալիերին՝ անտագոնիստի։ Ժամանակի ընթացքում պատմությունը Սալիերիի տեսանկյունից վերածվում է ընդհանուրի, որը չի պաշտպանում որևէ հստակ հերոսի կողմը։ Ամադեուսը ֆիլմի սկզբում առեղծվածային հանճարի տպավորություն է թողնում, ապա վերածվում է անդաստիարակ պատանու, իսկ հետո նորից դառնում է հանճար, սակայն՝ ավելի շոշափելի և թերություններ ունեցող։
Մոցարտի տաղանդն արտահայտվում է պարզ գործողություններով․ օրինակ, երբ նա կարողանում է նվագել Սալիերիի գրած մարշն առաջին անգամ լսելուց հետո՝ միաժամանակ զարգացնելով այն։ Ինչպես նաև դրան նպաստում է Սալիերին, քանի որ նա, որպես լավ կոմպոզիտոր, ընկալում է երաժշտության ուժը և «բացատրում է» այն հանդիսատեսներին, ովքեր ինքնուրույն չեն հասկանում դասական երաժշտության հմայքն ու ուժը։ Օրինակ՝ մի տեսարանում նա նկարագրում է Մոցարտի «Ադաջիո, Սերենադ թիվ 10 «Gran Partita»-ից, KV 361» ստեղծագործության սկիզբն այնպես, որ ընկալելի է բոլորին, ովքեր գոնե մի փոքր լսողություն ունեն։ Նա այդպիսով կարծես սովորեցնում է լսել դասական երաժշտություն։ Կամ թեկուզ Սալիերիի հիացական դեմքի արտահայտությունը, որն առաջանում է նոտաները կարդալիս, ցույց է տալիս դրանց արժեքը մասնագիտական տեսանկյունից։ Եվս մեկ պայծառ օրինակ, որն արտահայտում է Մոցարտի գերազանցությունը Սալիերիի նկատմամբ, այն է, երբ վերջինս օգնում է նոտագրել հայտնի Ռեքվիեմը և որոշ հատվածներում պարզապես չի կարողանում հասցնել կամ հասկանալ Մոցարտի թելադրանքը։ Այդ տեսարանը նաև երկու հանճարեղ կոմպոզիտորների մտերմության կուլմինացիան է, եթե այդպես կարելի է ասել, որից հետո Մոցարտը մահանում է իր իսկ ռեքվիեմի ազդեցության տակ։ Դա ցույց է տալիս նրա զգայունությունը երաժշտության նկատմամբ։ Չէ՞ որ երաժշտությունն ազդում է էմոցիաների վրա․ որքան լավ է մարդու երաժշտական լսողությունը, այնքան ուժեղ է ազդեցությունը։ Մոցարտը, լինելով հանճարեղ կոմպոզիտոր, չդիմացավ այն գործին, որի կողքով դժվար թե որևէ մարդ կարողանա անտարբեր անցնել։ Դա, կարծում եմ, բավականին գեղեցիկ ավարտ է, որի շնորհիվ Սալիերին չի վերածվում բացարձակ անտագոնիստի։ Ի դեպ, ռեքվիեմը այդպես էլ չի ավարտվում Մոցարտի կողմից․ թե՛ ֆիլմում, թե՛ իրական կյանքում դա արել են այլ կոմպոզիտորներ նրա մահից հետո։ Ֆիլմում չեն երևում որևէ աշխատանքներ այդ ստեղծագործության վրա, սակայն կարելի է ենթադրել, որ այն ավարտին է հասցնում Սալիերին։
Մոցարտի մահվան օրիգինալ լուծումը միակ հետաքրքիր սյուժետային շրջադարձը չէ։ Սպանության միտքն առաջանում է Սալիերիի գլխում Մոցարտի օպերայի ազդեցության տակ, որը գրված էր Լեոպոլդ Մոցարտի՝ Ամադեուսի հոր մահվան կապակցությամբ, սակայն դա հանդիսատեսից ընկալում էր միայն Սալիերին։ Եթե չլիներ այդ խրոխտ օպերան, որը շատ քիչ տարածում ստացավ լայն հասարակության մեջ, ապա, հնարավոր է, չառաջանար այդ ծրագիրը։ Խոսքը չի գնում պարզապես նախանձից դրդված սպանության մասին․ Սալիերին արդեն որոշել էր գերազանցել Աստծուն և դրա համար որոշեց պատվիրել Մոցարտից ռեքվիեմ, ապա սպանել և թաղել ընտրյալին իր իսկ ռեքվիեմի ներքո, սակայն նա՝ Սալիերին, պատրաստվում էր ներկայացնել, որ ինքն է գրել այդ ռեքվիեմը Ամադեուսի մահվան կապակցությամբ։ Նա որոշեց, որ հենց այդ ստոր արարքով կարող է վրեժխնդիր լինել անարդարությունից։
Սալիերիի կոնֆլիկտը Մոցարտի նկատմամբ զարգացավ մի քանի փուլով․ սկզբում առաջին հայացքից առաջացած տպավորությունը, ապա այն փաստը, որ Մոցարտը ներգրավել է Կատերինային իր նոր օպերայում (այդ կնոջը սիրում էր Սալիերին, իսկ Կատերինան սկսել էր ավելի շատ համակրել Ամադեուսին)։ Դա ընդամենը հիմքն է բազմաթիվ կոնֆլիկտը գրգռող հանգամանքների։ Ի դեպ, այդ կոնֆլիկտը միակողմանի է․ Ամադեուսը սկզբում վերաբերվում է Սալիերիին որպես թույլ կոմպոզիտորի, հետո՝ որպես գործընկերոջ, սակայն երբեք՝ որպես հակառակորդի, չնայած նա չի կարող չնկատել իր նկատմամբ սառը վերաբերմունքը։
Իսկապես, ֆիլմի ընթացքում հաղթանակներ է ունենում թե՛ Ամադեուսը, թե՛ Սալիերին։ Օրինակ՝ Մոցարտի «Առևանգում հարեմից» օպերայի վերաբերյալ կայսրն ասում է․ «Չափից շատ նոտաներ են», որին Մոցարտը պատասխանում է․ «Նոտաներն այնքան են, որքան անհրաժեշտ է»։ Իհարկե, կայսրի կարծիքը, որը պատկանում էր նրա խորհրդականին, հիմնված էր այն մտքի վրա, որ մարդն ունակ է ընկալել սահմանափակ քանակությամբ նոտաներ, սակայն, ըստ երևույթին, այդ միտքն արտահայտողները թերագնահատում էին մարդկային լսողությունը․ համենայն դեպս, ժամանակի ընթացքում երաժշտությունը ավելի ու ավելի է բարդացել, քանի որ միջին վիճակագրական մարդու երաժշտական ընկալումը զարգացել է։ Անկախ ամենից՝ Մոցարտին նկատողություն արվեց, իսկ Սալիերիի «Թարար» օպերան նույն կայսրն անվանեց որպես բոլոր ժամանակների լավագույն օպերա։ Մոցարտը նրանց համար պարզապես լավ կոմպոզիտոր էր, նրա իրական ուժն ակնառու էր միայն Սալիերիին, և, չնայած կոնֆլիկտին, վերջինս լսում էր Ամադեուսի բոլոր օպերաները։ Դա նպաստեց նրանց որոշ չափով մտերմանալուն․ չէ՞ որ հենց այդ ելույթներից մեկի ժամանակ կոմպոզիտորն ուշաթափ եղավ, և Սալիերին տարավ նրան տուն, տանը Մոցարտը, ինչպես երբեք, անկեծ արտահայտեց իր մտքերը։ Հնարավոր է այդ տեսարանից հետո Սալիերին մտափոխվեր իր ծրագրերում, եթե տեղի չունենար այն, ինչ եղավ։
Իսկ այդ օպերան, որի ժամանակ կոմպոզիտորն ուշաթափվեց, գրվել էր մի կոմեդիոն բեմադրողի համար, ով խոստացել էր ստացված գումարի 50 տոկոսը։ Կոնստանցան դեմ էր այդ առաջարկին․ նա, չվստահելով այդ մարդուն, խրախուսում էր կենտրոնանալ սև հագուստով անծանոթի պատվիրած ռեքվիեմի վրա։ Այդ ստեղծագործության ազդեցության տակ Ամադեուսը զբաղվում էր հարբեցողությամբ և այնքան փոխվում, որ Կոնստանցան իրենց տղայի հետ որոշ ժամանակով հեռանում է։
Ֆիլմում նաև առանցքային դեր ունի Մոցարտի ընտանիքի ֆինանսական վատ դրությունը, որը պայմանավորված է Ամադեուսի՝ երաժշտություն գրելու կլանվածությամբ և սկզբունքներով։ Փող աշխատելու հիմնական եղանակը դասավանդելն է, սակայն դրա համար, Սալիերիի խորհրդով, պահանջում են ներկայացնել աշխատանքները, ինչը Ամադեուսը գտնում է վիրավորական։ Իսկ Սալիերիի առաջարկած աշակերտուհու հետ հնարավոր չի լինում աշխատել, քանի որ ներկա են գտնվում ծնողներն իրենց մշտապես հաչող շներով։ Արդյունքում հիմնական ֆինանսական աղբյուրը մնում է թանկարժեք առարկաներ վաճառելը, իսկ հետագայում՝ ռեքվիեմի և օպերայի պատվերները։ Չնայած ֆինանսական խնդիրներին՝ նրանք բավականին ճոխ ապրելակերպ էին վարում, ըստ երևույթի Լիապոլդ Մոցարտի՝ որդուն տրամադրած խոշոր գումարների շնորհիվ։ Ֆինանսական խնդիրները ևս մեկ կոնֆլիկտ են առաջացնում Ամադեուսի և Կոնստանցանի միջև։ Վերջինս փորձում է ընտանիքը կայուն պահել, իսկ Ամադեուսը պարզապես կլանված է իր աշխատանքով։
Ֆիլմի վերջում Սալիերին եզրակացություն է անում․ Աստված սպանեց իր ընտրյալին հանուն նրա, որ իր երաժշտությունը չգողանան։ Ժամանակի ընթացքում Սալիերիի երաժշտությունը մոռացվել էր, իսկ Մոցարտինը հնչում էր ամենուր, այդ թվում՝ հոգեբուժարանում, որտեղ գտնվում էր Սալիերին։
Թողնել մեկնաբանություն