Ֆեոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը ցույց է տալիս, թե ինչպես մարդու ուղեղում կարող է ծագել ոճրագործության մտահաղացումը, ինչն է իրեն դրդում դա անել, ինչպես է նա վերապրում արդյունքները և ինչը նրան կարող է տալ կյանքի նոր նպատակ ու ապրելու ձգտում։ Իհարկե, վեպում ներկայացված ոճրագործության և պատժի մեխանիզմը համատարած չէ․ այն ցույց է տալիս հստակ մարդկային տեսակ, որը, ինչպես տեսնում ենք վերջում, տարբերվում է մնացած հանցագործներից։ Ռոդիոն Ռոմանովիչ Ռասկոլնիկովը՝ վեպի գլխավոր հերոսը, սպանել է պառավին և Լիզավետային մտամոլոր վիճակում․ առանց հստակ պատկերացման, թե ինչ է անում և ինչի համար։ Հետագայում նա ներկայացնելու է բազմաթիվ պատճառներ, օրինակ՝ կողոպտելը և իրեն, ինչպես նաև անօգնական հասարակությանն ապահովելը։ Մեկ այլ և այս դեպքում ավելի ռեալիստական մոտիվացիա էր «Նապոլեոնին նմանվելը»․ այսինքն՝ նա, լինելով ինքնամփոփ, ընկճված, աղքատ անձնավորություն, իրեն զգում էր որպես «յուրահատուկ» մարդ, ով «ուներ ոճրի իրավունք», կամ ուզում էր դառնալ նման կերպար։ Ռասկոլնիկովն ուզում էր ապացուցել իրեն, որ ունակ է ինչ-որ նշանակալից բան անել, ինչպես Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ» ֆիլմի հերոսը։
Սակայն, չնայած այդ արդարացումներին, Ռասկոլնիկովը լիարժեք չէր գիտակցում իր նպատակը ոճրագործության պահին։ Նա սնահավատ մարդ էր, և երբ պառավի մոտ առաջին այցելությունից հետո լսեց խոսակցություն վերջինիս մասին, որտեղ մի անծանոթ ուսանող կատակով առաջարկում էր զրուցակցին սպանե՛լ անպետք, «ոջիլ» պառավին, կողոպտել նրան և այդ փողերով փրկել հազարավոր կյանքեր, դա նրա վրա մեծ ազդեցություն թողեց։ Ռասկոլնիկովին այդ պատահական զրույցը սաստիկ հետաքրքրեց, քանզի նա հենց նոր էր գալիս պառավի մոտից, իսկ ուսանողի բացատրություններն ընդունեց «հալած յուղի պես»՝ որպես նպատակ։ Նա դա նպատակ չէր անվանում․ դա դեռ ընդամենը միտք էր, որը մի քանի իրադարձությունների շնորհիվ ամրապնդվում էր։ Իսկ երբ իմացավ, որ Լիզավետան՝ պառավի քույրը, հստակ օր և հստակ ժամին տանը չի լինելու, նրա մտահաղացումն անկախ իր կամքից վերածվեց նպատակի, որովհետև կատարման հստակ ժամը դրված էր, և ուրիշ հնարավորություն կարող էր և չլինել։ Բայց, իհարկե, Ռասկոլնիկովը չէր գնա նման քայլի, եթե իր մտքերը մշուշի մեջ չլինեին, ինչին էլ նպաստում էին նրա փոքրիկ բնակարանը և ընդհանուր պետերբուրգյան միջավայրը։ Հնարավոր է, որ Ռասկոլնիկովը չաներ այդ հանցանքը, աշխատեր և երջանիկ լիներ ավելի բարենպաստ բնակավայրի պայմաններում։
Ռասկոլնիկովի մտավոր վիճակի մասին նշվում է նաև վեպի սկզբում։ Այնտեղ ասվում է, որ Ռոդիոնը սկսել է հաճախ ինքն իր հետ խոսել, ինչը, բացի նրանից, որ շեշտում է նրա մենակությունն ու խառը մտքերը, նաև հնարավոր է դարձնում, որ մենք՝ ընթերցողներս, կարդանք ու հասկանանք նրա մտքերը, տեսնենք, թե ինչ է կատարվում նրա գլխում։ Դա հավանաբար կարևորագույն նշանակություն ունի, քանզի առանց Ռոդիայի մտքերի՝ նրա գործողությունները չափազանց անտրամաբանական կթվային։ Կարելի է ասել, որ հենց դրանում է կայանում այս վեպի հիմնական ուժը, որ մենք ապրում ենք հանցագործի վիճակը անհավանական մտահաղացումից մինչև պատիժ։
Իհարկե, մինչ ոճրագործությունը տեղի են ունենում բազմաթիվ տեսարաններ, որոնք ավելի շատ ծանոթացնում են կարևոր հերոսների՝ Մարմելադովի, մոր և Դունյայի հետ, քան ազդում բուն սպանության վրա։ Սակայն այդ իրադարձություններով մենք ավելի լավ ենք ճանաչում Ռասկոլնիկովին, ինչի արդյունքում անակնկալ կոնտրաստ է առաջանում, երբ իմանում ենք նրա մութ մտահաղացումների մասին։ Իսկ այդ մտահաղացումները բավականին սահուն են բացահայտվում․ սկզբում՝ մանր, հազիվ նկատելի հուշումներով, մինչև նախապատմության միջոցով լիարժեք բացատրությունը։ Ամենամեծ հուշումը Ռասկոլնիկովի երազից հետո է։ Այդ երազում նա տեսնում է, թե ինչպես են դաժանաբար սպանում ձիուկին, որը չէր կարողանում տանել մարդկանց ծանրությունը, և այդ երազից հետո Ռասկոլնիկովը մտածում է՝ արդյո՞ք ինքը կարող է նմանապես սպանել պառավին։ Նա այդ մասին մտածում է՝ ինքն իրենից սարսափելով․ չէր պատկերացնում, որ դա կանի, իսկ երազն ընկալում է հենց որպես հուշում։ Հետաքրքիր է, որ նույն երազում ինքը խղճում էր ձիուկին, իսկ արթնանալուց հետո իր վրա վերցրեց սպանողի դերը։
Նաև հետաքրքիր է, որ Ռասկոլնիկովը դեռևս իր հոդվածում բացահայտել էր երկու կարևոր բան՝ հանցագործի բռնվելու պատճառը և այն մոտիվացիան, որը նրան դրդեց հանցանքին (իհարկե, մարդկանց բաժանումը ոճրի իրավունք ունեցողների և չունեցողների բացարձակ անհեթեթություն է, սակայն «ոճրի իրավունք ունեցողների» նկարագրությունը, որ նրանք աշխարհ են փոխում և արդարացնում են հանցանքն արդյունքով, ընկած է իր իսկ մոտիվացիայի հիմքում)։ Այդքանով հանդերձ՝ նա չգիտակցեց, որ նույն բանը կատարվում է իր հետ։
Բացի այդ, Ռասկոլնիկովի մոտեցումը հիմնված է Մաքիավելիի հայտնի արտահայտության վրա, որ «նպատակն արդարացնում է միջոցները», սակայն դա բավականին վիճելի պնդում է և նման հանցանքների դեպքում՝ անթույլատրելի․ հանցանքը մնում է հանցանք՝ անկախ արդյունքից։ Իսկ Ռասկոլնիկովի դեպքում նույնիսկ չկա արժեքավոր արդյունք, կա միայն հանցանք։
Ռասկոլնիկովը վեպի վերջում և ամբողջ ընթացքում չի զղջում իր ոճրի համար․ նրան ավելի շատ անհանգստացնում են հետապնդումներն ու հարցաքննությունները, և նա ավելի շատ զղջում է իր հիմարության համար։ Սակայն վեպի վերջում, երբ նա գտնվում է Սիբիրում և վերջապես «ազատ» է (ազատ է հետապնդումներից և լարված վիճակներից, կարելի է ասել՝ ազատ է նրա միտքը), Ռասկոլնիկովը մտածում է, որ ավելի շատ զղջում է հանձնվելու և ինքնասպանություն չգործելու համար։ Նա մտածում է, որ այդ ամբողջ ընթացքում գործել է ըստ տրամաբանության, և միակ հիմարությունը հանձնվելն ու մատնվելն էր։ Սակայն մենք գիտենք, որ ոճիրը գործելուց առաջ նա անշուշտ չէր շարժվում առողջ տրամաբանությամբ, իսկ հետո գտնվում էր լարված տենդային վիճակում և բռնվելու վախի ներքո էր գործում։ Սակայն կարծես կյանքի այդ կտրուկ փոփոխությունը նրա միտքն ինչ-որ կերպ ցնցեց և արթնացրեց, և չնայած նա ավելի խելագարի պես էր իրեն պահում, նրա միտքն ավելի ակտիվ էր աշխատում, երբեմն էլ՝ առողջ տրամաբանությամբ։ Չի կարելի ասել, որ նա այդ սարսափելի դեպքից հետո ապաքինվեց կամ խելագարվեց, բայց նրա գլխում անշուշտ կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ․ դրան վկայում է այն փաստը, որ մինչ այդ դեպքը նա խուսափում էր բոլոր տեսակի մարդկանց հետ շփումից, իսկ դրանից հետո սկսեց շատ ակտիվորեն շփվել։ Այնուամենայնիվ, նրա մտքերում մնացին անտրամաբանական դետալներ, և հենց դրանց համար էլ նա այդքան բնական է մտածում և նման է մարդու։
Ինչպես ասում էր Զոսիմովը․ «Ամեն մարդ ինչ-որ չափով խելագար է»։
Եվ վերջապես, Ռասկոլնիկովը գաղափարի մարդ էր․ նա ապրում էր հանուն գաղափարի։ Պառավի սպանությունը նրան թվաց որպես բարեգործական գաղափար, որի համար էլ նա այդպես ռիսկի դիմեց։ Երբ Ռասկոլնիկովին թվում էր, թե իրեն հետապնդում են, նրա միտքը բացառապես գրավեցին հետքերը վերացնելու մտքերը։ Եվ երբ ինքն իրեն շատ սկսեց ճնշել, կիսահաստատորեն որոշեց մեղա գալ․ հենց նման վիճակում նա գրեթե խոստովանեց Զամետովին և գնաց պառավի բնակարանը վարձելու։ Եթե Ռոդիոնը շարունակեր ապրել սովորական կյանքով, շատ հնարավոր է նույնիսկ չբռնվեր, սակայն, ինչպես զգուշացրել էր Պորֆիրին, նա ինքը եկավ և խոստովանեց։ Այն պահից, երբ չհաջողվեց բավական կողոպուտ իրականացնել, արդեն բարեգործության գաղափարը կործանվել էր։ Ռասկոլնիկովը համեմատաբար հանգիստ ժամանակներում մտածում էր, թե որն է իր կյանքի նպատակը, այն դեպքում, երբ մինչ սպանությունը նա ապրում էր փաստացի առանց խոշոր նպատակների և գաղափարների։ Բանտում նա գտավ գաղափար, որի համար պատրաստ էր ապրել․ դա Սոնյան էր։ Հենց բանտում Ռոդիոնը և Սոնյան վերջնականապես սիրահարվեցին, և այդ պահից սկսած Ռասկոլնիկովը փոխվեց։ Նրան արդեն չէր խոչընդոտում բռնվելու վախը, նրա պատկերացումը բանտից դուրս գալու մասին դատարկ էր, և այդ դատարկությունը լրացրեց Սոնյան։
Բացի բուն սյուժետային գծից՝ կցանկանայի նաև խոսել մյուս նշանակալի հերոսների մասին։ Օրինակ՝ Մարմելադովից, որը նոր շունչ տվեց Ռասկոլնիկովին։ Մարմելադովն ինքնին ավելի շատ կապող օղակ դարձավ, որ Ռասկոլնիկովը ծանոթանա իր և Կատերինա Իվանովնայի ընտանիքի հետ։ Հենց կառքի տակ ընկած Մարմելադովին օգնելու շնորհիվ Ռասկոլնիկովը սիրվեց այդ ընտանիքում և երկար կասկածներից ու վախերից հետո իրեն զգաց որպես արժեքավոր և օրինակելի մարդ։ Այդ դեպքը, թեկուզ տխուր ավարտով, դրական ազդեցություն թողեց նրա վրա, և արդեն հուսաթափված Ռասկոլնիկովի մոտ որոշ ժամանակով երջանիկ կյանքի ցանկություն և հույս առաջացավ։ Հենց Կատերինայի ընտանիքն է լինելու հիմնական ոգևորիչ ուժը, իսկ Սոնյայի դերը ճակատագրական նշանակություն ունի։ Սոնյան զարմանալի հավատարիմ աղջիկ է․ Ռասկոլնիկովը նրան այնքան էլ շատ բան չէր արել, սակայն Սոնյան սիրում էր վերջինիս, և նույնիսկ երբ վախենում էր, միևնույն է, սիրում էր։ Դա նպաստեց, որ Ռոդիոնն առաջինը հենց իրեն խոստովանի հանցանքը․ Ռասկոլնիկովը չէր կարողանում դիմանալ այդ գաղտնիքը միայնակ պահելուն, նրան պետք էր մեկը, ում կարող էր վստահել իր կյանքը, և, զարմանալի կերպով, Սոնյան, խոստովանությունը լսելով, բացարձակ չմեղադրեց Ռասկոլնիկովին։ Նա նույնիսկ սկսեց խղճալ հենց Ռոդիոնին և սկսեց ավելի սիրել, քանզի արդեն չկար իրեն վախեցնող անորոշությունը․ Սոնյան չէր հասկանում Ռասկոլնիկովի մոտիվները, և նույնիսկ Ռասկոլնիկովն էր դժվարանում հասկանալ, թե ինչն իրեն դրդեց այդ արարքին։ Սոնյայի շնորհիվ Ռոդյան սկսեց նորից հավատալ Աստծուն, հենց Սոնյայի շնորհիվ նա դիմեց խոստովանության քայլին, քանզի այլևս չէր վախենում տանջանքից։ Սոնյայի հավատարմությունը շեշտում է այն փաստը, որ նա մտերիմ էր Լիզավետայի հետ։ Ի դեպ, գրեթե միշտ այդ գործի մասին խոսակցության ժամանակ հիշում են միայն պառավին, կարծես Լիզավետային բան էլ չի եղել, և նույնիսկ պառավին «անպետք» անվանելով՝ մեղմացնում են հանցանքի նշանակությունը։ Դա մի անգամ նկատեց նաև Ռասկոլնիկովը, սակայն շարունակեց իր խոսքում անտեսել Լիզավետային՝ միայն այն հանգամանքով, որ նա ի սկզբանե չէր պատրաստվում սպանել նրան, չնայած նա ինքն էլ Լիզավետային ավելի բարձր էր գնահատում պառավից, և նույնիսկ պառավին սպանելով՝ նա մտադիր էր ազատել Լիզավետային, քանզի պառավը նրա նկատմամբ շատ խիստ էր։ Համենայն դեպս, Լիզավետան համեմատաբար անծանոթ է և այս վեպում ավելի շատ որպես գործիք է աշխատում, այդ իսկ պատճառով նրան հաճախ անտեսում են նրանք, ովքեր ավելի շատ գիտեն գրավականներ վերցնող պառավին։
Պուլխերիան և Դունյան անշուշտ խոշոր դեր ունեն վեպում և հոգեբանորեն շատ են ազդում Ռոդիոնի գործողությունների վրա, ինչպես մյուս երևացող հերոսները։ Սակայն նրանք այդքան էլ առնչություն չեն ունենում Ռոդիոնի հանցանքի հետ։ Նրանք հիմնականում կապվում են Սվիդրիգայլովին և Լուժինին, և միայն վերջերին մոտ են տեղեկանում և կռահում Ռոդիայի գաղտնիքի մասին։ Մայրը և Դունյան սկզբնական շրջանում անընդհատ իրար հետ են և կատարում են գրեթե նույն ֆունկցիան, միայն թե մայրն ավելի դժվար է ընդունում անծանոթ միջավայրը, քան Դունյան։ Մայրն ավելի շատ է հիասթափվում, երբ տեսնում է Ռոդիոնին խելագար վիճակում, իսկ Դունյան պարզապես գերադասում է վստահել Ռազումիխինին, ով արդեն իրեն սիրահարվել էր, սակայն երկար ժամանակ ամուսնանալու հույս չուներ Լուժինի պատճառով։ Հետագայում մայրն է սկսում հնարավորինս վստահել Ռոդիոնին և նրա անմեղությանը, իսկ Դունյան, ավելի սառը մտածողությամբ, նկատում է Ռասկոլնիկովի տարօրինակության աղբյուրը, սակայն նույնպես խուսափում է ինքն իրեն խոստովանել մինչև Սոնյայի հետ հանդիպումը։ Նույնը կարելի է ասել Ռազումիխինի մասին․ նա շատ լավ նկատում է ընկերոջն ուղղված կասկածանքները և Ռոդիոնի տարօրինակ արձագանքները, սակայն նա նույնպես խուսափում է հավատալ դրանց, հորինում է տրամաբանական պատճառներ, թե ինչու է Ռասկոլնիկովն իրեն այդպես պահում, սակայն գալիս է մի պահ, երբ արդեն կասկած չի մնում։ Ամբողջ ընթացքում Ռազումիխինը բոլորովին բաց էր խոսում ընկերոջ հետ, նա քննադատում էր Պորֆիրիին, Զոսիմովին և Զամետովին՝ Ռասկոլնիկովի կողմն ուղղված կասկածների համար։ Ռազումիխինը չափազանց բաց, անկեղծ, ուրախ և խելացի մարդ է, զարմանալի չէ, որ Դունյան վերջում ամուսնանում է նրա հետ։ Ռազումիխինին բոլորը վստահում են, և նա միշտ իր խոսքի տերն է լինում։ Հենց Ռազումիխինն է հանցանքից հետո իրադարձությունների գլխավոր շարժիչը․ դժվար է ասել, թե ինչ կլիներ, եթե նա չգար․ չէ՞ որ այդ դեպքում չէր գա նաև Զոսիմովը, Ռոդիոնին տնից կվռնդեին, պարզ չէ, թե ինչ կլիներ Պուլխերիայի և Դունյայի հետ, երբ եկան Ռոդիայի մոտ․․․։ Ռազումիխինը կարող էր դառնալ Ռասկոլնիկովի հաջողության բանալին, եթե վերջինս շուտ գնար նրա մոտ և ընդուներ աշխատանքի առաջարկը։
Եվ, իհարկե, չի կարելի չհիշել Պորֆիրիին։ Այդ անորոշ դետեկտիվի խոսակցություններն ուղղակի զարմացնում են։ Թվում է, թե նա հանգիստ խոսում է ամեն ինչից՝ առանց թաքցնելու, բացահայտում է իր աշխատանքի գաղտնիքները, կարծես գուշակում է այն ամենը, ինչ տեղի է ունենում Ռոդիոնի ներսում և ինչ տեղի կունենա։ Սակայն դա չի խանգարում, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես նա է ուզում։ Ռասկոլնիկովին նա պարզ ասում է, որ հանցագործը չի փախչելու, և Ռոդիոնը չփախավ․ նա ասում է, որ ինքն առանձնապես բան չի անում, սակայն հոգեբանության շնորհիվ հանցագործները գալիս և խոստովանում են, և հենց այդպես Ռոդիոնն ինքն իրեն մատնեց։ Իհարկե, Պորֆիրին արդեն ուներ որոշ տեղեկություններ որպես կասկածի առիթ, սակայն դրանք այնքան շատ չէին, որքան զգում էր Ռասկոլնիկովը։ Նույնիսկ Ռազումիխինն էր խոսակցության մեջ ասել, որ Պորֆիրին ոչ մի հիմք չուներ, և այդ բոլոր մեղադրանքները նա հորինում էր։ Իհարկե, Պորֆիրին գիտեր՝ ինչ է անում․ նա օգտագործում էր հենց հոգեբանությունը, որպեսզի Ռասկոլնիկովը խոստովանի, բացի այդ, նա հաշվի էր առնում փաստերը, որպեսզի տարբերեր կեղծ խոստովանությունը (ինչը եղավ Նիկոլայի հետ) իրականից։ Ռասկոլնիկովը խոսակցության ընթացքում այնպիսի ծուղակներն էր ընկնում, որոնցում կարող էր ընկնել նաև անմեղ մարդը, սակայն Ռոդիոնի արձագանքից զգացվում էր նրա ինքնապաշտպանողական համակարգը։ Սակայն Պորֆիրին այդքան վստահ չէր լինի իր որոշման մեջ, եթե իմացած չլիներ Զամետովի և պառավի բնակարանի դեպքերի մասին, այնպես որ, կարելի է ասել՝ Ռասկոլնիկովն ինքն իրեն մատնել է հենց ամենասկզբից՝ հիվանդագին վիճակով, զառանցանքներով, պառավի թեմայի նկատմամբ յուրահատուկ ուշադրությամբ և այլն։ Պորֆիրիի հետ խոսակցությունները բավականին հետաքրքիր դրամատուրգիայով էին օժտված, երբեք պարզ չէ, թե երբ է ճիշտ ասում և երբ ձևանում, հատկապես կտրուկ և անսպասելի է Ռասկոլնիկովի հետ վերջին խոսակցությունը, որի առաջին մասում շատ միանշանակ և համոզիչ ներողություն է խնդրում Ռասկոլնիկովից վերջինիս կասկածելու համար, ապա սահուն անցումով սկսում է գրեթե հարձակողական պնդել, որ հենց Ռոդիոնն է սպանել․ դա գլխավոր բաղադրիչներից էր, որ Ռասկոլնիկովին դրդեց խոստովանության։ Բացի այդ՝ Պորֆիրին ասաց, որ ինչ-որ լուրջ հանցանշան է գտել, սակայն չասաց, թե ինչ․ հնարավոր է՝ նա ստում էր, կամ մի գուցե այդ հանցանշանը գտել էր Ռոդիոնի տունը հետախուզելուց, երբ Ռասկոլնիկովը տենդային քնի մեջ էր հենց հանցանքից հետո։ Դրանից շատ բան է կախված. մի դեպքում Պորֆիրին ստում էր և, չնայած կասկածներին, չէր կարող ձերբակալել առանց Ռոդիոնի խոստովանության, մյուս դեպքում խոստովանությունը միայն մեղմացրեց պատիժը։ Թե որ տարբերակն է ճիշտ, վեպում այդպես էլ չի բացահայտվում։
Եթե համեմատենք Ռասկոլնիկովին մնացած հերոսների հետ, նրան ամենանմանը կլինի Սվիդրիգայլովը, ով նույնպես անբարոյական ոլորտից է և հասկանում է Ռոդիոնին։ Սակայն նա, ի տարբերություն Ռասկոլնիկովի, վաղուց է զբաղվել հանցագործությամբ և այժմ արդեն չի գտնվում բռնվելու վախի և մտամոլոր վիճակի մեջ։ Սվիդրիգայլովը մի քանի կարևոր ֆունկցիա է կատարում վեպում․ առաջինը կայանում է Դունյայի հետ հարաբերություններում, հետո նա գաղտնալսում է Ռոդյայի առաջին խոստովանությունը և դրա մասին տեղեկացնում է Ռասկոլնիկովին ու Դունյային։ Այդքան էլ պարզ չէ, թե ինչու է նա դրա մասին ասում Ռասկոլնիկովին․ նա կարծես ուզում է օգնել՝ աջակցել փախուստի հարցում, սակայն Ռասկոլնիկովը մերժում է, և նրան անհանգստացնում է միայն այն փաստը, որ Սվիդրիգայլովն ամեն ինչից տեղյակ է։ Ինչ վերաբերում է Դունյային ասելուն, նպատակները համեմատաբար հասկանալի են․ նախ՝ Սվիդրիգայլովը պատճառ է ման գալիս Դունյայի հետ հանդիպելու, հետո նա դեռ հույս է ունենում Դունյայի հետ ամուսնանալու, չնայած արդեն նշանվել է մի աղջնակի հետ։ Սվիդրիգայլովը ոչ միանշանակ հերոս է, ով մի կողմից անբարոյական է, մյուս կողմից՝ զգալիորեն սիրում է օգնել մարդկանց, հատկապես՝ երեխաներին։ Այդ կոնտրաստով նա ավելի է նմանվում Ռասկոլնիկովին, ով մի կողմից հանցագործ էր, մյուս կողմից՝ բարի կամեցող մարդ, և նա, ինչպես Սվիդրիգայլովը, զգալիորեն օգնեց հենց Կատերինայի ընտանիքին։ Երբ Սվիդրիգայլովը համակերպվում է Դունյային այլևս չհետապնդելու մտքի հետ, նա կարծես կորցնում է իր կյանքի հենարանը և դիմում է ինքնասպանության։ Գրեթե նույն բանը կարող էր տեղի ունենալ Ռասկոլնիկովի հետ, եթե նա ավելի հաստատակամ լիներ գետի մոտ կանգնած ժամանակ։
Լուժինը նույնպես ոչ միանշանակ կերպար է, սակայն նա, որքան էլ տարօրինակ հնչի, ավելի քիչ հարգանքի է արժանանում, քան Սվիդրիգայլովը, հիմնականում այն դեպքից հետո, երբ փորձում է Սոնյային զրպարտել՝ որպես գողի, և չի էլ զղջում իր արարքի համար։ Իսկ Սվիդրիգայլովը, բացի այն, որ մի շարք լավ արարքներ է անում, նաև վերջում զղջում է Դունյայի նկատմամբ իր վարմունքի համար։ Հավանաբար Դունյան համաձայնվել էր Լուժինի ամուսնության առաջարկին միայն իրենց աղքատությունից դրդված, սակայն ինքն իրենից էլ խուսափում էր դա խոստովանել։ Դունյան, ինչպես Սոնյան, շատ անձնազոհ է, նա այնքան չի նայում իր երջանկությանը, որքան հարազատներին, որոնց փող է հարկավոր։ Համենայն դեպս, Լուժինը սկզբում լուրջ և պատասխանատու մարդու տպավորություն է թողնում, որն այդքան էլ վատ հատկանիշ չէ, իսկ Լուժինի կասկածելի արտահայտությունները հետին պլան են մնում, և դրանց ուշադրություն է դարձնում միայն Ռասկոլնիկովը։ Հիմնական ընթացքում Լուժինը խիստ դատավորի տպավորություն է թողնում, ով ունակ չէ շփվել էմոցիաներով, այլ միայն փաստերով․ մի գուցե նա իրոք սիրում էր Դունյային, սակայն որպես գործիք՝ իր իսկ ինքնասիրությունը բարելավելու համար։ Լուժինի բնավորությունը երբեք էլ երջանիկ ընտանիք ստեղծելու հույս չէր ներշնչում, սակայն փողն այդ հարցը փակում էր։ Բնական է, որ այդպես չէր կարող երկար շարունակվել, և, բարեբախտաբար, Լուժինը ցույց տվեց իր չորությունն ու ատելությունը նախքան ամուսնությունը, որը չէր լինի, եթե Ռասկոլնիկովը չխառնվեր։ Կարելի է ասել՝ Ռոդիոնը Դունյային երջանիկ դարձրեց․ Ռազումիխինի հետ ամուսնությանն էլ Ռասկոլնիկովը դրդեց։
Հոդվածի սկզբում նշեցի, որ հենց պառավի մոտ առաջին այցելությունից հետո Ռասկոլնիկովը պանդոկում ականատես եղավ հենց այդ պառավի մասին խոսակցությանը։ Եթե նա քիչ առաջ չլիներ պառավի տանը, նրան այդ դիալոգը չէր գրավի, և նա, լինելով սնահավատ անձնավորություն, դա որպես նշան չէր ընկալի։ Այդ դեպքը ցույց է տալիս մեր մտածողությունը, որը համաչափություն և պատճառներ է փնտրում յուրաքանչյուր զուգադիպության մեջ։ Եվ դրանից առաջացած մտքերը կարող են չհամապատասխանել իրականությանը։ Ռոդիոնի դեպքում դա այդքան միտք չէր, որքան զգացողություն, որ կարծես այդ ամենը նրան դրդում է դա անելուն։ Այդ նույն տրամաբանությամբ է աշխատում ասոցիատիվ մոնտաժը կինոյում, որի շնորհիվ ռեժիսորը կառավարում է հանդիսատեսի մտքերը, ինչպես այստեղ Դոստոևսկին կառավարում է Ռասկոլնիկովի միտքը։ Սակայն այդ հնարքը միայն այստեղ չի օգտագործվում։ Օրինակ՝ Պորֆիրին պատմում էր, որ հենց այն պահին, երբ նրա ուշադրությունը գրավել էր Ռասկոլնիկովի գործը, հենց այդ պահին Ռոդիոնը ներս մտավ Ռազումիխինի հետ, և Պորֆիրին դա ընկալեց որպես նշան, որպես հուշում, որ դա է հանցագործը։ Դրա մասին պատմում էր հենց Պորֆիրին․ նա ասում էր, որ հնարավոր է նույնիսկ չկասկածեր Ռասկոլնիկովին և վերջինիս ներս մտնելու ծիծաղն ուղիղ ընդուներ, եթե այդ զուգադիպությունը չլիներ։ Այդքան էլ պարզ չէ, թե ինչպես է պետք վերաբերվել Պորֆիրիի այդ խոսքերին․ դրանք կարող են նույնիսկ հորինված լինել, սակայն այդ ամենը պայծառ օրինակ է, որ հաճախ մեզ շարժում են նման հուշումները, որոնց երբեմն անվանում ենք ինտուիցիա։ Դա ճիշտ կամ սխալ մոտեցում չէ․ Ռասկոլնիկովի դեպքում այն բացասական ազդեցություն ունեցավ, իսկ Պորֆիրիի դեպքում՝ դրական։ Բացի դրանից՝ ինտուիցիան հաճախ այնպիսի բարդ հաշվարկների արդյունք է, որոնք մենք անում ենք գլխում, սակայն չենք էլ կարող ընկալել դա, որ շատ հաճախ նույն ինտուիցիայով կարելի է «գուշակել» աներևակայելի ճշգրտությամբ, սակայն միայն դրա վրա հիմնվելն էլ լավ միտք չէ հենց այն պատճառով, որ չենք կարողանում ընկալել դրա տրամաբանական պատճառը, և այն կարող է սխալ լինել։ Ինչ վերաբերում է վեպին, կարծում եմ՝ սա ավելի շատ կարելի է համարել հեղինակի խաղ, ով, կառավարելով միջավայրի անկանխատեսելի դետալները, հերոսներին տանում է իր ուզած ճանապարհով։ Այո, այս վեպում հերոսներն այնքան զարգացած են և ինքնուրույն, որ հեղինակը կարծես նրանց միայն ուղղություն է տալիս՝ օգտագործելով տարբեր առարկաներ, և ոչ մի կերպ չի գործում ու խոսում հերոսների փոխարեն։
Իհարկե, այս վեպի մասին կարելի է շատ երկար խոսել․ կարելի է երկար վերլուծել հերոսների երկխոսությունները, երազները, ընդհանուր հոգեբանությունը, վեպի ոչ գծային կառուցվածքը, սակայն այդքան թեմաները բավականին ծավալուն են մի փոքր հոդվածի համար և կարող են դառնալ ուրիշ առանձին վերլուծական նյութերի աղբյուրներ, իսկ այս վերլուծությունը կեզրափակեմ այսքանով։»
Оставить комментарий