«Сказка сказок» — Մուլտֆիլմի վերլուծություն

 

Փոքր ժամանակ համակարգչում ունեինք մի թղթապանակ՝ հագեցած մի շարք մուլտֆիլմերով, այդ մուլտֆիլմերն ինձ հիշեցնում են մանկությունս։ Ավելի հասուն տարիքում, երբ արդեն սկսել էի ուղղորդված խորանալ ռեժիսուրայի ոլորտում, կրկին դիտեցի այդ ցանկից մի անիմացիոն ֆիլմ, որի անունն է «Сказка сказок», այն ինձ վրա մի այլ կարգի ուժգին ազդեցություն թողեց իր խորությամբ։ Դա մեծագույն մուլտիպլիկատոր Յուրի Նորշտեյնի ամենաանձնական ստեղծագործություններից է, նա ստեղծել է նաև լեգենդար «Ежик в тумане» — ն և այլ հետաքրքիր անիմացիոն ֆիլմեր, սակայն ամենամեծ ճանաչումը ստացել են այդ երկու գլուխգործոցները, որոնք մինչ օրս հիացնում են հանդիսատեսին։ Բազմաթիվ հարցումների արդյունքում «Ежик в тумане» անիմացիոն ֆիլմը մեկ անգամ և «Сказка сказок» — ը՝ երկու անգամ, ճանաչվել են, որպես աշխարհի լավագույն մուլտֆիլմեր։ Որոշ մարդկանց համար կարող է անհասկանալի լինել, թե ի՞նչն է այս անիմացիոն ֆիլմերում այդքան հիացնում, և դա բնական է, քանզի այս մուլտֆիլմերն ունեն հատկություն՝ սրելու նուրբ էմոցիոնալ ապրումները, ինչը տարբեր մարդկանց վրա տարբեր ազդեցություն է թողնում, բայց դրա մասին ավելի ուշ։ Այս նյութը նվիրված է «Сказка сказок» մուլտֆիլմին, այն ինձ շատ հոգեհարազատ է թվում, և ինչպես պարզվեց ոչ միայն ինձ, այս ֆիլմը կարծես խոսի մեր ենթագիտակցության հետ ավելի ուղիղ, քան կյանքի շատ իրադարձություններ։ Այդպիսով հետքարքրությունից, ինչու չէ, նաև անձնական մեծ ցանկությունից ելնելով, որոշեցի ուսումնասիրել այն և բացահայտել ֆիլմի խորության առեղծվածի գոնե մի փոքր մասը։ 

Հետաքրքիր է, որ փոքր ժամանակ ինձ շատ դուր էր գալիս դիտել այս պատերազմական դրաման, սակայն, այն ժամանակ, ընկալում էի ֆիլմը, որպես բարի պատմություն, որտեղ գայլուկը կարտոֆիլ է ուտում։ Միանգամից ասեմ, որ այս վերլուծությունը սուբյեկտիվ է, և հիմնված է այն մտքերի և կարծիքների վրա, որոնք ինձ մոտ են առաջացել, և տվյալ դեպքում տարբեր մարդիկ կարող են ավելի լավ նկատել այլ դետալներ, որովհետև, ինչպես ցանկացած ֆիլմում, այստեղ կան տարբեր պատկերներ, որոնցից յուրաքանաչյուրը կարող է ավելի հոգեհարազատ լինել տարբեր մարդկանց։ Նորշտեյնի և նրա կնոջ՝ Ֆրանչեսկա Յարբուսովոյի մուլտֆիլմերում սովորաբար այդ ազդեցությունը շատ ուժեղ է։ 

Մուլտֆմը կարելի է նկարագրել մոտավորապես այսպես՝ պարզ, դետալիզացված, անորոշ։ Անորոշության էֆեկտը շատ կարևոր դեր ունի, այդ բառն ասելով՝ նկատի ունեմ օրինակ՝ ոչ հստակ նկարչություն, երբ օբյեկտները հաճախ կորում են պայծառ լույսի, խավարի կամ օդի մեջ, այն նման է մառախուղի էֆեկտին, բացի այդ երևում են բնական նկարչական տեքստուրաները, որոնք ազդում են մյուս բաղադրիչների վրա։ Անորոշությունը վերաբերում է նաև ձայնին՝ հիմնականում պերսոնաժների ձայներին, որոնք հանգիստ են խոսում՝ կամաց ձայնով, բնական, չկա ձգտում ամեն բառ կամ արտահայտություն բարձր և հստակ ասելու։ Չնայած դրա, հանդիսատեսի մոտ միայն ուժեղանում է կլանումը, երբ ձայնը խորն է, մի կողմից զգացվում են հերոսի ծանր ապրումները, մյուս կողմից՝ նրա միամտությունը։ Եվ, իհարկե, անորոշությամբ է պարուրված նաև սցենարը, սակայն դա պարզապես մառախուղ է, որի ետևում մերթընդմերթ երևում է շատ մտածված, մանրակրկիտ դետալիզացված պատկեր, որը մենք այսօր կփորձենք ավելի լավ տեսնել։ Մառախուղի էֆեկտը, այդ բառի բոլոր իմաստներով, ավելացնում է այն խորհրդավոր և դրամատիկ էֆեկտը, որ շատերս այսքան սիրում ենք, բացի այդ, այն երբեմն օգտագործում են, երբ անհրաժեշտ է փոքր տարածությամբ ավելի մեծ տպավորություն առաջացնել, սակայն սա այդ դեպքերից չէ։ Այս երեք կետերի համադրությունը որոշ չափով ստեղծում է հայելու էֆեկտ, որն արտացոլում է հանդիսատեսի ներքին աշխարհը։ Դա ոչ բոլորի դեպքում է աշխատում։ Բնականաբար նրանց համար, ովքեր ոչ մի հոգեհարազատ դրվագ չեն գտնում մուլտֆիլմում դժվար թե այդ զգացողությունը ունենան, սակայն, աշխատելու դեպքում, դիպչում է հանդիսատեսի հոգու լարերին՝ ստեղծելով անկրկնելի էմոցիաներ։ Համեմատության համար օրինակ՝ Տարկովսկու «Հայելին» որոշ չափով ունի այդ էֆեկտը, սակայն շատերի համար, առանց հստակ սյուժեի, այդ ֆիլմը ձանձրալի է, ինչը չի վերաբերում կարճամետրաժ, սաստիկ խտացված, մուլտֆիլմին։ 

Իսկ ի՞նչ կապ ունի պարզությունը։ Այն այս մուլտֆիլմի գաղափարական առանցքային դերերից է։ Պարզությունը, մաքրությունը միշտ ասոցացվում է ինչ-որ դրական բանի հետ, նույնիսկ երաժշտական հարմոնիայի մաժորային տոնայնությունը ավելի մոտ է կատարյալին, ավելի պարզ է իր պատկերով և մաթեմատիկական մոդելով, քան՝ տխուրը, կամ, առավել ևս, անհանգիստը, որից ավելի բարդ կառուցվածքն արդեն անընկալելի էմոցիաներ է առաջացնում։ 

Իմ տեսանկյունից այս մուլտֆիլմի ամենամեծ ֆենոմենը կայանում է նրանում, թե ինչպես են այս երեք բացարձակ տարբեր հասկացությունները ձուլված իրար հա՛մ պատկերային, հա՛մ ձայնային, հա՛մ էլ սցենարային մակարդակներով։ 

Մուլտֆիլմը համարվում է այս պահի դրությամբ Նորշտեյնի ամենաանձնական նախագիծը, այնտեղ երևացող շատ դետալներ վերցված են հեղինակի հիշողություններից։ Հիմնականում ամենայուրահատուկ, ուժեղ էմոցիոնալ մթնոլորտ ձևավորող ստեղծագործությունները հեղինակի վերապրումների արդյունք են, դա տեղի է ունենում անկախ ստեղծագործողից, սակայն ավելի լավ արտահայտվում է նրանց մոտ, ովքեր աշխատում են ազատ, առանց ուրիշների թելադրանքի և ունեն լավ հմտություն՝ ցանկացած էմոցիաները ճիշտ փոխանցելու։ Երբեմն այդ ամենը տեղի է ունենում ինքնըստինքյան, կարծում եմ շատերին ծանոթ կլինի այն իրավիճակը, երբ էմոցիոնալ ապրումները ազատ նկարող ձեռքով փոխանցվում են թղթին, կամ դաշնամուր նվագելուց նվագն արտահայտում է զգացմունքները՝ միաժամանակ ազդելով դրանց վրա։ Այս ֆիլմում նույնպես զգացվում են այն էմոցիաները, որոնց ազդեցության տակ են եղել ստեղծողները՝ իրենց գործն անելիս։ Բավականին մեծ նշանակություն է ունեցել ռեժիսորի յուրահատուկ սերը նկարչական և երաժշտական բարձր արվեստի նկատմամբ, այն անշուշտ փոխանցվել է մուլտֆիլմում, հատկապես «Сказка сказок» — ում։ Այնտեղ կա լույսերի հետ հիացնող աշխատանք, որի շնորհիվ շեշտվել է մթնոլորտի զգացողությունը, իսկ մուլտֆիլմի գլխավոր երաժշտությունը՝ Բախի «Մի բեմոլ մինոր» ֆուգան է, որը մի գուցե այս մուլտֆիլմի շնորհիվ, կամ անկախ դրանից, մնում է իմ ամենասիրած Բախի ստեղծագործություններից։ Այս անիմացիոն ֆիլմի կառուցումը դուրս է գալիս դասական ձևաչափից, այն ոչ թե պարզապես պարունակում է հեղինակի հիշողությունից դետալներ, այլ կարծես հենց հիշողություն լինի, այն աշխատում է մարդու ենթագիտակցության նման, դա հնարավոր են դարձնում անել մոնտաժը, նկարչությունը և այլ գործիքները։ Դրա շնորհիվ է, որ ֆիլմերը երբեմն կարող են ավելի անկեղծ խոսել մեզ հետ քան մենք ինքներս։ 

Եթե փորձենք համեմատել Նորշտեյնի անիմացիոն ոճը որևէ կինոռեժիսորի ստեղծագործությունների հետ, կարծում եմ ամենամոտը կլինի Անդրեյ Տարկովսկին, պարզապես Տարկովսկին հաճախ օգտագործել է երկար կադրեր, որոնց հիմնական նպատակը ֆիլմի մթնոլորտը ուժեղացնելը և հանդիսատեսին ավելի ուժեղ կլանելն է, իսկ Յուրի Նորշտեյնի նշված մուլտֆիլմերը կարճամետրաժ են, չնայած և նույնքան ազդեցիկ են, երբեմն էլ ավելի շատ՝ ուշադիր դիտելու դեպքում։ 

Մուլտֆիլմում կիրառված են գաղափարներ, որոնք հիմնականում մարդկային արժեհամակարգում բարձր տեղ են գրավում և լավ են ազդում հուզական դաշտի վրա, օրինակ մանկան և մոր գաղափարը, պատերազմը և դրա ողբալի հետևանքները, խաղաղությունը և այլն։ Կան նաև բազմաթիվ կոնֆլիկտներ, սակայն հիմնականում անսովոր ձևով։ Ամեն դեպքում հստակեցնեմ, որ կինոյի կամ մուլտի տեսանկյունից կոնֆլիկտ կարող է լինել ցանկացած հակասություն։ Օրինակ՝ մուլտֆիլմի գլխավոր հերոսը «գայլուկ» է (ես հազվադեպ եմ օգտագործում փաղաքշական ածանցներ, սակայն այս պերսոնաժին գայլուկ բառն ավելի լավ կնկարագրի), ով իր կերպարով հակասում է օրորոցային երգի բառերին (որոնցով սկսվում է մուլտֆիլմը), սակայն միաժամանակ ինչ-որ տեղ վարվում է այնպես, ինչպես ասվում է երգում, դրանով իսկ ավելի է խորացնում ազդեցությունը։ Գլխավոր կոնֆլիկտը «խաղաղություն» և «պատերազմ» հասկացությունների մեջ է, ո՛չ թե պատերազմող կողմերի։ Բացի այդ, արժի ուշադրություն դարձնել, որ ոչ մի տեսանելի մարտական գործողություն չի երևում ամբողջ ընթացքում, միայն տեսնում ենք պատերազմի արդյունքները։ Դա, կարծում եմ, բավականին ճիշտ լուծում է, քանզի մարտական գործողությունների առաջացրած կոնֆլիկտը ազդում է հանդիսատեսի վրա՝ բնազդային մակարդակով՝ չտանելով դեպի ավելի խորը դրամա, այն աշխատում է մարտատենչության, վրեժխնդրության, անարդարության այլ հուզական էմոցիաների վրա։ Կան նաև ավելի փոքր մասշտաբի կոնֆլիկտներ՝ գայլուկի և օրորոցայինի միջև, մի հրաշալի տեսարանում՝ երեխայի ծնողների միջև, նրանց և երեխայի ցանկությունների և գիտակցության միջև։ Կա շատ դրամատիկ կոնֆլիկտ այն իրադարձության մեջ, երբ ոչ բոլոր զինվոր ամուսինները վերադարձան իրենց կանանց մոտ։ Դա ավելի շատ դիտարկվում է, որպես ծանր իրադարձություն, որը հագեցած է սաստիկ անարդարության զգացումով պատերազմ հասկացության նկատմամբ։ Իսկ անարդարությունը նույնպես կոնֆլիկտ է, հակասություն՝ ցանկալիի, կամ հանդուրժելիի և իրականության միջև, և նույնիսկ շատ մանր կոնֆլիկտներ կան ամենախաղաղ, կարելի է ասել, դրախտային տեսարանում, որովհետև ցանկացած պատկեր առանց ստվերների դատարկ թուղթ է։ 

Ընդհանրապես կարելի է մի առանձին հետազոտություն իրականացնել կոնֆլիկտների մասին՝ արվեստի տեսանկյունից, որովհետև այն շատ ավելին է, քան պարզապես մարդկանց միջև անհամաձայնություն։ Եվ յուրաքանչյուր արվեստի ճյուղում կա իր տեսանկյունը կոնֆլիկտների վերաբերյալ, չնայած երբեմն այլ անվան տակ։ 

Կցանկանայի ուշադրություն դարձնել նաև պատկերի շերտայնության վրա։ Մուլտֆիլմը նկարված է «перекладка» տեխնոլոգիայով, որի ժամանակ բազմահարկանի սարքավորման վրա ամրացվում են ապակու շերտեր, որոնք կարելի է շարժել, իսկ ամենավերևում տեսախցիկն է։ Այդ ապակիների վրա ապլիկացիայի պես ստեղծվում է պատկերը, բայց տարբեր շերտերով։ Դա տալիս է մի քանի լավ հնարավորություն։ Նախ ավելի հեշտ է շարժել օբյեկտները։ Եթե դրանք գտնվում են առանձին շերտի վրա, կարելի է յուրաքանչյուր շերտ առանձին լուսավորել, ինչը շատ ուժեղացնում է խորությունը։ Բացի այդ, տեսախցիկը շարժելու դեպքում, կարելի է ստանալ պարալաքսի էֆեկտ։ Եվ հնարին է դառնում հեշտությամբ շարժել օբյեկտները, ըստ խորության՝ ցույց տալով դրանց մոտենալ և հեռվանալը տեսախցիկի նկատմամբ։ Այս հնարավորությունները փայլուն ցույց են տվել իրենց իրական ուժը այս մուլտֆիլում, դրանք պատկերը դարձնում են խորը, ընդարձակ և նույնիսկ երբեմն ավելի արտահայտիչ, քան 3D ում՝ ոչ թե բնականության, այլ յուրաքանչյուր շերտերի միջև մեծ հեռավորության շնորհիվ։ Բացի այդ որոշ շերտերի վրա կարելի է դնել կիսաթափանցիկ պատկերներ՝ օդի տպավորություն ստեղծելու և շեշտելու համար։ 

Եվ իհարկե ասոցիացիաները, որոնք կարևորագույն բաղադրիչ են կազմում՝ պատմությունը հանդիսատեսին հնարավորինս դիպուկ, հետաքրքիր և կինեմատոգրաֆիկ փոխանցելու համար։ Ասոցիացիաներն ավելի մեծ նշանակություն ունեն ցանկացած ֆիլմում, քան ընդունված է համարել, քանզի մեր ողջ ընկալումը կառուցված է դրա վրա։ Հիմա առանձնացնեմ որոշ դրվագներ «Сказка сказок» մուլտֆիլմից, որոնցում առանցքային դեր է տանում հենց ասոցիացիան։ Նախ և առաջ ընդհանուր մթնոլորտի պատկերը, շարժումները, երաժշտությունը կարող են կապվել որոշ մշակույթների, ժամանակների, գաղափարների հետ, հատկապես այն մարդկանց համար, ովքեր իրենց կյանքում առնչվել են նման իրավիճակների (չնայած այս առումով մուլտֆիլմն այնքան մանրակրկիտ է պատկերում վիճակը, որ այն կարող է դառնալ գլխավոր ասոցիացիոն առարկա)։ Ամենահետաքրքիր ասոցիացիան ինձ համար առաջացնում է խնձորը, որով սկսվում է մուլտֆիլմը։ Ճիշտ է, այն կարելի է կապել Աստվածաշնչյան, հեքիաթային, առասպելական խնձորի գաղափարի հետ, սակայն մուլտֆիլմում այն օժտված է հիմնական հուզական արժեքով՝ աշխատելով կողմնակի տեղեկություններից անկախ։ Հիմնական ասոցիացիան խնձորի նկատմամբ տեղի է ունենում այն տեսարանում, որտեղ երեխան խնձորենու վրա նստած, ագռավների հետ զրուցելով, ուտում է այն։ Այդ դրվագով խնձորը կարծես  կապվում է մանկության հետ։ Հաջորդ քայլում երեխայի ծնողները, նրան ձեռքից քաշելով, տանում են այդտեղից, և խնձորն ընկնում է գետնին։ Գետնին ընկած խնձորը կարծես կապվի առաջին կադրի հետ, իսկ երբ տղան, տեսնելով հոր «Նապոլեոնական» գլխարկը, նույնպես հագնում է այդպիսինը և կարծես ոգևորված դառնում է զինվոր (ի դեպ դա էլ կարող ենք համարել ասոցիացիա)։ Խնձորը ասոցացվում է անցած ուրախ մանկության հետ, իսկ վերջինիս գետնին ընկնելը՝ ավելի տխուր, հարկադրական և հուզական երանգ է տալիս դրվագին։ Սակայն այդ ասոցացիան բազմապատկվում է, երբ տեսնում ենք իրար հաջորդող պատերազմ գնացող զինվորների և գետնին ընկած խնձորների կադրերը։ Կարծես զգանք, որ այդ զինվորներից յուրաքանչյուրը այսպես մանկությունից հեռացած երեխա է եղել։ Այդ ամենը, ճիշտ հերթականությամբ, սքանչելի պատկերային և ձայնային աշխատանքով ցույց տալու շնորհիվ, ստանում է շատ ուժեղ դրամատիկ արժեք։ 

Ասոցացիայով ցույց է տրվում նաև սովը, երբ տեսնում ենք մի բաժակ ջուր և մի կտոր հաց հաղթանակի հրավառության ֆոնին։ Ուրախը և տխուրը համադրելու շնորհիվ ստեղծվում է շատ ավելի հզոր դրամատիկ ընկալում, որով ողողված է ամբողջ հաղթանակի տեսարանը, որում տեսնում ենք վերադարձող զինվորներ, սակայն ոչ բոլորն են վերադառնում։ Նրանցից մեկը ակորդեոնով արդեն ծանոթ տանգոն է նվագում, սակայն տեսախցիկը հեռանում է, և տեսնում ենք, որ նրա մի ոտքը բացակայում է, չնայած դրա, նա ուրախ է, որովհետև որոշները չեն էլ վերադարձել, որոշ կանայք իրենց ամուսինների հետ տանգո են պարում, որոշներն էլ այդ ամենի ֆոնին ողբում են, և այդ հակադրությունը ստեղծում է աննկարագրելի ազդեցություն։ Դա նույնպես կարող ենք համարել ասոցիացիոն հնարք, որովհետև ուրախ իրադարձության հետ մենք կապում ենք ուրախը, սակայն դրան հակառակը տեսնելով, առավել ևս միաժամանակ երկուսը տեսնելու դեպքում, հանդիսատեսի մոտ առաջանում է ներքին կոնֆլիկտ։ 

Ասոցիացիոն ամենաակնհայտ հատվածը մուլտֆիլմում հավանաբար գայլուկի գողացած բանաստեղծության երեխայի վերածվելն է, այդպիսով բանաստեղծի ստեղծագործությունը կապվում է մանկան հետ, ով մաքրության, պարզության, կյանքի մարմնավորումն է։ Գայլուկի օրորոցային երգելու տեսարանը նույնպես ստեղծում է հակասական, սակայն դրական ասոցիացիա, այսինքն առաջին հայացքից հակադրվում է օրորոցայինի երգի խոսքերի հետ, սակայն փաստացի ամեն բան որոշ չափով համընկնում է, որովհետև գայլուկը, կարելի է ասել, գողացավ նրան, թեկուզ անգիտակցաբար, իսկ թե ինչի համար է երեխային գողացել երգում չէր նշվում, սակայն շատերիս թվում է, որ ամենայն հավանականության ուտելու նպատակով, դա նույնպես ասոցիացիայի շնորհիվ։ 

Իհարկե ասոցիացիաներ են առաջանում նաև ձայների հետ։ Ամենահիմնական կապող երաժշտությունը վալսն է, չնայած Բախի երաժշտությունն էլ շատ մեծ տպավորություն է գործում, պարզապես դրա կապվածությունը խաղաղության, հանգստության, պարզության հետ չի օգտագործվում, որևէ այլ միտք հաղորդելու համար։ Իսկ վալսը սկզբում ասոցիացվում է ամուսինների միասնական կյանքի հետ, ապա նրանց բաժանության, (այն պատճառով, որ այդ երկու իրադարձությունները տեղի են ունենում նման միջավայրում և երաժշտության ներքո, հակադրությունը ավելի է աճում)։ Ընդհանրապես, դա և մնացած տեսարաններն այս մուլտֆիլմում շատ գեղեցիկ են և, կարելի է ասել, կինեմատոգրաֆիկ։ Հեղինակն իր առջև կաղապարներ չի դրել այս կամ այն իրադարձությունը պատմելու ձևաչափում։ Որոշ կադրեր շատ բնական տեսք ունեն, ինչը պակասում է նույնիսկ շատ ֆիլմերին։ Որոշ տեսարաններ էլ երաժշտական դրվագներով և ազատ նկարչությամբ նկարագրում են յուրահատուկ վիճակ։ 


Իսկ հիմա կցանկանայի ավելի մանրակրկիտ վերլուծություն կատարել կադրերի մակարդակով, մանրամասն դիրարկելով յուրաքանչյուր կադր։

Մուլտֆիլմը սկսվում է շատ գեղեցիկ, խորհրդանշական և դիպուկ կերպով։ Սկզբում լսում ենք անձրևի ձայնը, հետո բացվում է այս խնձորի տեսարանը, որը միանգամից փոխանցում է մուլտֆիլմի բնույթը, ոճը, մոտեցումը։ Խնձորի վրայով հոսում են անձրևի կաթիլները, դա ինձ մոտ ասոցիացվում է արցունքների հետ, սակայն այդ տպավորությունը առաջանում է մուլտֆիլմն ամբողջությամբ դիտելուց հետո։ Ընդհարնապես ֆիլմը դետալային կադրով սկսելը սովորաբար նշանակում է, որ այդտեղ շատ կարևոր նշանակություն ունեն մանրուքները, ինչին մենք շատ ուշադրություն չենք դարձնում։

Ապա լսվում է օրորոցային երգող մոր ծանր ձայնը։ Օրորոցայինը այս խոսքերով է՝

Баю-баюшки-баю,
Не ложися на краю –
Придет серенький волчок,
Он ухватит за бочок,
Он ухватит за бочок,
И потащит во лесок,
Под ракитовый кусток,
Ммммммм ммммммм

Երգը դանդաղ է, և անձրևի խորհրդավոր ձայնի ներքո կլանում է մուլտֆիլմի մթնոլորտի մեջ։ Այն, որ խնձորի պատկերի ժամանակ լսվում է օրորոցայինը, այդ միտքը որոշ չափով կապվում է երեխայի հետ, և ենթագիտակցական մակարդակով հարցեր է առաջացնում՝ այս ի՞նչ խնձոր է, ինչո՞ւ է այն այսպես անձրևի տակ թրջվում, կամ ինչո՞ւ ենք մենք նայում դրան։ Եվ այդ հարցերին կարծես հաջորդի պատասխանը, որը ձևավորվում է ամբողջ մուլտֆիլմի ընթացքում։ 

Հաջորդ կադրում տեսնում ենք երեխային՝ մոր կաթն ուտելուց, մենք հասկանում ենք, որ լսում ենք այս երեխայի մոր ձայնը։ Ընդհանրապես երեխան այստեղ, ինչպես շատ այլ տեղերում, մարմնավորում է հոգու մաքրություն և ազնվությունը։ Սա գլխավոր խորհուրդներից է, որը հակադրվում է անմարդկայնությանը։

Այս կադրում շատ արտահայտիչ է արված անիմացիան, որը լավ փոխանցում է երեխայի անփութությունը, սակայն ոչ բացասական իմաստով, ընդհակառակը, այն միայն ընդգծում է վերը նշված հատկանիշները։ Տեսախցիկը մտնում է սեղանի տակ, և տեսնում ենք այնտեղ գայլուկին, որը նայում է երեխային (գայլուկի կադրում երևալը ճիշտ համապատասխան է երգի բառերին)։ Երբ հնչում է «Придет серенький волчок» տեսախցիկը մեղմ մոտենում է գայլին՝ շեշտելով այդ համապատասխանությունը։ Եվ ստացվում է այսպիսի իրավիճակ, մի կողմից լսում ենք հայտնի օրորոցայինը, որտեղ ասվում է, որ գայլը կգողանա երեխային, եթե նա պառկի մահճակալի եզրին, և տեսնում ենք գայլին, որը ճիշտ բառերին համապատասխան եկել է, սակայն նայեք նրա հայացքին։ 

Ընդհանրապես Նորշտեյնը չափազանց ուշադիր է պերսոնաժների տեսքին, «Ежик в тумане» մուլտֆիլմի ոզնու կերպարի վրա կա Անդրեյ Ռուբլյովի «Спас» սրբապատկերի ազդեցությունը․ 

— Когда мы рисовали Ежика, мы смотрели на «Спаса»
 Андрея Рублева
. Помните эту икону? Должно было быть ощущение всемирности героя. Его взгляд, движения, все прочее. Я помню, когда мы снимали сцену его встречи с Медвежонком, подошел мой коллега и товарищ Николай Серебряков, посмотрел на него и сказал: «Божий человек».

Իսկ Գայլուկի աչքերը որոշ կադրերում վերցված են լուսանկարի միջի կատվից, որին նոր հանել էին ջրից․

Котенок буквально секунду назад был уже в потустороннем мире. Он сидит на разъезжающихся лапах, и один глаз у него горит дьявольским, бешеным огнем, а другой обернут внутрь, будто для него открылась бездна.

Как тут было не вспомнить глаза булгаковского Воланда!
Я дал фотографию Франческе: «Вот, пожалуйста, будь добра, нарисуй эти глаза Волчку». И вот мы глаза этого котенка перерисовали для глаз Волчка.
Там, где Волчок стоит в дверях дома. Где качает колыбельку и наклонил голову набок…

Мы оставили их в наиболее острых, болевых точках, где нужно напряжение горящего взора, где мы нуждаемся в игровой логике, где силовые поля кинокадра устремляются к ним, где они проявляют инстинкт кинокадра, не поддающийся рациональному разъятию».

Եվ նման մոտեցում կա նաև մնացած դետալներում։ Բայց կան նաև նրբություններ, որոնք ստեղծվել են զգացողական մակարդակով և դիտվում են, նույնպես, զգացմունքներով, առանց գիտակցական վերլուծության։ 

Գայլուկից հետո նորից տեսնում ենք երեխային, նման կադրերի հաջորդականության շնորհիվ հասկանում ենք, որ գայլուկը նայում է նրան։ Հետո երեխան էլ դանդաղ թարթելով նայում է մեր կողմ, գուցե գայլուկին՝ ում հաջորդ կադրում տեսնում ենք արդեն դիմացից։ Այս կադրի նման խոշոր պլանը ամենից լավ են փոխանցում հերոսի էմոցիոնալ վիճակները։ Բացի այդ, տեսախցիկը դանդաղ մոտենում է, ինչը հանդսիսատեսին մոտեցնում է հերոսին՝ բոլոր իմաստներով։

Եվ այս կադրում, «за бочок» երգի խոսքերին համապատասխան, գայլուկը գլխով շարժում է անում՝ կարծես ավելի հետաքրքրությամբ նայելով երեխային։ Ի դեպ, նման շարժում կա նաև ֆիլմի վերջերում, երբ գայլուկը օրորում է երեխային՝ երգելով նույն օրորոցայինը։ Ամենը տեղի է ունենում երեխայի սուբյեկտիվ հայացքից, և դրանից հետո երեխան սկսում է լացել։ Դա հաշվի առնելով այս երկու տեսարանները անշուշտ կապվում են իրար, և այստեղ կարծես նրա գլխով շարժումը կապվի «Он ухватит за бочок» խոսքերի հետ, որը լացի պատճառներից մեկն է դառնում մյուս տեսարանում։ Չնայած ավելի մեծ դեր տանում է հենց գայլուկի երգելը, իսկ լացի վերաբերյալ ավելի հստակ կանդրադառնամ հենց այդ կադրի հատվածում։ Սա շատ նուրբ դրվագ է, սակայն աշխատում է ենթագիտակցական մակարդակով։ Եվ կարելի է եզրակացնել, որ առաջին տեսարանում, դիտում ենք երեխային գայլուկի տեսանկյունից և գայլուկին՝ երեխայի տեսանկյունից։

Տեսախցիկը երեխայի տեսարանից ետ է գնում, պատկերը լղոզվում է։

Նորից երևում է խնձորը անձրևի տակ, այս անգամ համեմաբար հեռվից՝ միջավայրի դետալները բացահայտելով։ 

Նախաբանը ավարտվում է, գրվում է վերնագիրը։ 

Օրորոցայինը դեռ չի ավարտվել, այն շարունակվում է՝ ապահովելով անհրաժեշտ մթնոլորտը մինչև մյուս երաժշտությունը։ 

Բացվում է նոր տեսարանը։ Տուն։ Ծառ։ Աշուն։ Պահպանվում է նույն մթնոլորտը։ Մե՛կ էլ, խորհրդավոր կերպով երևում է միջանցք դեպի լուլս, որը ձգվում է, ինչպես թունելից դեպի ելքը։ Երաժշտությունը փոխվում է, այն դառնում է  լարված և միաժամանակ գաղտնիք պարունակող էմոցիոնալ կոմպոզիցիա։ Հանդիսատեսի մոտ հարց է առաջանում, թե ի՞նչ է դռան ետևում, տեսախցիկը պատասխանում է հարցին՝ մոտենալով դռանը և, ի վերջո, մտնելով այնտեղ։

Բացվում է մի հիասքանչ տեսարան, այն առաջին հերթին առանձնանում է իր գույներով, եթե մինչ այդ պատկերը մեծ մասամբ մութ էր, այժմ հակառակն է։ Առաջին կադրում տեսնում ենք, թե ինչպես է ցուլը պարանը պտտում, որ աղջիկը թռնի։ Բացարձակ ուրիշ զգացողություններ են առաջանում ծանր մթնոլորտից հետո։ Այստեղ ամեն բան անհոգ է։ Տեսարանը կառուցված է հորիզոնական գծով, խորության տարածաչափական ուղղությունը մինիմալ է, սակայն դա չի սահմանափակում նրանց ավելի նեղ վայրում, պարզապես նրանք տեսախցիկին չեն մոտենում կամ հեռվանում, չնայած՝ կարող են։ Իսկ երկար, հիասքանչ կադրը միայն մեծացնում է այս աշխարհը, թվում է, թե այն անսահման է ի տարբերություն մութ տեսարանների։ Ներկայացվում են պարզ գործողություններ, շփում, հերոսներ, և տեսարանի նպատակը հենց պարզությունն է՝ խաղաղությունը, ա՛յն, հանուն ինչի կռվում են։ Տեսարանում երևում են մի քանի հերոսներ։ Աղջկա և ցլի խաղի կադրից տեսախցիկը թեքվում է մի կողմ, որտեղ կատուն ու բանաստեղծն են։ Կատուն պառկած է, բանաստեղծը անկնդետ հայացքով նայում է ցլի և աղջկա կողմ, նա ստեղծագործություն է գրում, և սպասում է Մուսայի գալստին։ Վերցնում է տավիղը և գրիչը, թղթերի վրա կաթում է թանաք, բանաստեղծը ճմռթում է դրանք և նետում, բարկացած քայլում է, և հանկարծ մի միտք է ունենում, ոգևորված վերադառնում է նույն տեղը, թիկնոց գցելով և գլխին դափնեպսակ դնելով նվագում է՝ ուղիղ կապվելով հունական բանաստեղծական կերպարին։ Այդ ընթացքում մայրը լվացք է անում, նրա կողքին երեխան է, ջրում մի ձուկ է լողում։ Երեխան լացում է, մայրը նրան հանգստացնում է։ Կատուն բանաստեղծին ինչ որ բան է բացատրում։ Մայրը կանչում է աղջկան, որ նա օրորի երեխային։ Աղջիկն ու ցուլը հակաճառում են, որովհետև խաղալ են ուզում, հետո մայրը համոզում է, աղջիկը գալիս է երեխայի մոտ, սկսում է ճոճորել մանկասայլակը, մայրն ասում է աղջկան, որ աթոռին նստի, նա դժգոհ կերպով նստում է աթոռին և շարունակում է ճոճորել։ Գալիս է հայրը ձկնորսությունից՝ բերելով իր հետ մի մեծ ձուկ։ Նա և գրողը ողջունում են միմյանց, իսկ կատուն, ձուկը տեսնելուն պես, վազում է այդ կողմ։ Աղջիկը գալիս է, կարծես, բողոքելով, և գնում՝ ցլի մոտ։ Նրա փոխարեն հայրն է օրորում երեխային՝ խոսելով կնոջ հետ։ Կատուն խաղում է ձկնով, ձուկը պոչով հարվածում է նրան։ Աղջիկն ու ցուլը պարան են խաղում, սակայն այս անգամ հակառակը, աղջիկն է պտտում պարանը, իսկ ցուլը՝ թռնում։ 

Այս ամենի ժամանակ չի հնչում ոչ մի բառ, ամենը հասկացվում է բացառապես մարմնի լեզվով։ Նորշտեյնը պատմել է, որ իր վրա մեծ ազդեցություն է թողել Նազըմ Հիքմեթի «Сказка сказок» բանաստեղծությունը, որի անունով էլ վերնագրվեց մուլտֆիլմը։ Այս «սպիտակ» տեսարանը կարծես փոխանցի բանաստեղծության պարզությունը։

СКАЗКА  СКАЗОК

Стоим над водой —
чинара и я.
Отражаемся в тихой воде —
чинара и я.
Блеск воды бьет нам в лица —
чинаре и мне.
Стоим над водой —
кошка, чинара и я.
Отражаемся в тихой воде —
кошка, чинара и я.
Блеск воды бьет нам в лица —
кошке, чинаре и мне.

Стоим над водой —
солнце, кошка, чинара и я.
Отражаемся в тихой воде —
солнце, кошка, чинара и я.
Блеск воды бьет нам в лица —
солнцу, кошке, чинаре и мне.

Стоим над водой —
солнце, кошка, чинара, я и наша судьба.
Отражаемся в тихой воде —
солнце, кошка, чинара, я и наша судьба.
Блеск воды бьет нам в лица —
солнцу, кошке, чинаре, мне и нашей судьбе.

Стоим над водой.
Первой кошка уйдет,
и ее отраженье исчезнет.
Потом уйду я,
и мое отраженье исчезнет.
Потом — чинара,
и ее отраженье исчезнет.
Потом уйдет вода.
Останется солнце.
Потом уйдет и оно.

Стоим над водой —
солнце, кошка, чинара, я и наша судьба.
Вода прохладная,
чинара высокая,
я стихи сочиняю,
кошка дремлет,
солнце греет.
Слава Богу, живем!
Блеск воды бьет нам в лица —
солнцу, кошке, чинаре, мне и нашей судьбе.

Ամբողջ տեսարանի ընթացքում հնչում է Բախի ութերորդ ֆուգան՝ «մի բեմոլ մինոր»։ Այն շատ հանգիստ է, լիովին համապատասխանում է տեսարանին, և նույնիսկ որոշ շարժումներ և գործողություններ կարծես համընկնեն երաժշտության հետ։ Նորշտեյնը նախկինում փորձ է ունեցել երաժշտության էկրանավորման, որտեղ երաժշտությունը հուշում է, թե ինչ պատկեր կարող է լինել, նման մոտեցումը մուլտֆիլմի ձայնի և պատկերի շփումը հասցնում է բարձրագույն մակարդակի։ Այդպիսի երևույթը երբեմն անվանում են երաժշտական կինո, ինչը կարող է վերաբերել նաև Փելեշյանի ֆիլմերին։ Բախի այդ ստեղծագործությունը ինձ շատ հոգեհարազատ է դարձել, գուցե  մուլտֆիլմի շնորհիվ, չգիտեմ, համենայն դեպս մուլտֆիլմն ինքնին կարծես դիպչի ներքին այն շերտերին, որոնք սովորաբար թաքնված են լինում նույնիսկ մեզնից։

Էկրանը մթնում է։ 

Լսվում է քամու ձայն։ 

Սկսվում է մյուս տեսարանը։

Էկրանին հայտնված պատկերը նախորդ տեսարանի համեմատ բավականին մռայլ տեսք ունի, այն թե՛ գույներով թե՛ ձայնով նկարագրում է պատերազմի հետևանքները։ Տեսնում ենք տուն, կողքին ծառ, ընդհանուր առմամբ նման է այն տանը, որը քիչ առաջ երևացել էր, հնարավոր է, որ հենց այն է որ կա։ Երկար սեղան՝ բաղկացած փոքր սեղաններից և այլ կահույքներից, վրան սպասքով հանդերձ սփռոց։ Հարց է առաջանում, իսկ ո՞ւր են մարդիկ։ Քամին սփռոցը տատանում է։ Այն թռնում է։ Սպասքը թափվում է։ Տեսախցիկը հետևում է թռնող սփռոցին, որը կարծես ճմռթվի փողոցային լամպի կողքին։ Լսվում է գնացքի ձայնը։ Երևում է գնացքը՝ որոշ չափով տալով նոր առաջացած հարցի պատասխանը, կարծես մարդիկ գնացել են գնացքով։

Տեսախցիկը նկարում է անկյան տակ, ինչը կիրառվում է կինեմատոգրաֆիայում՝ լարվածություն, ապակողմնորոշվածություն փոխանցելու համար։ Քամու էֆեկտը նպաստում է դրան, որից ուժեղ շարժվում են թփերը՝ սաստկացնելով քաոսը։ Տեսախցիկը, բացի այն, որ անկյան տակ է նկարում, այն կարծես գտնվում է կատաղի շարժվող թփերին կպած։ Այդ ամենից հասկանում ենք՝ գնացքը կա՛մ լավ տեղ չի գնում, կա՛մ էլ փախչում է։

Այստեղ շատ լավ է աշխատում նաև այն փոքր անօգնական տերևը, որը թռնում է գնացքի առաջացրած քամուց, այն աշխատում է խնձորի պես։

Վերադառնում ենք սեղաններին, որոնք առանց սփռոցի են մնացել, դա մարդկանց հեռանալու սյուժետային գծի մի բաղադրիչ է, այսինքն «ո՞ւր են մարդիկ» հարցի պատասխանի մի մասը։

Հաջորդ կադրում տեսնում ենք, այդ նույն կահույքը կույտով լցված ծառի տակ, հասկանում ենք, որ այն այլևս պետք չէ։

Տեսախցիկը շարժվում է, տան պատուհանները ուղիղ աչքի առաջ փակվում են փայտե տախտակներով՝ պատերազմի պատճառով, լսվում է մեխ մեխելու ձայնը, որն ավելի է հստակեցնում պատկերում անսովոր կերպով տեղի ունեցող գործողությունը։ Տեսախցիկը շարունակում է շարժվել, և կանգ է առնում մեքենաների մոտ, որոնք կարծես կտրված լինեն հին ամսագրից։ 

Դա շատ ավելի բնական է դարձնում մուլտֆիլմը՝ մոտեցնելով այն հիշողությանը, չէ՞ որ այն, ինչ-որ չափով, հեղինակի մանկության մասին է, պատկերում է վերջինիս հիշողությունները։ Դա նույնպես մուլտֆիլմի գերբնական և միաժամանակ եթերային լինելու պատճառն է, քանզի այն աշխատում է մեր զգացողական համակարգի նման, որով փաստացի մենք ընկալում ենք ամեն բան, այն հենց դրանով էլ տարբերվում է նրանից, ինչը անվանում ենք իրական։

Մեքենաներից մեկի ետևից դուրս է գալիս գայլուկը, նա ուսումնասիրում է դրանք, ինչպես երեխան իր համար նոր աշխարհի երևույթները։

Ինձ այստեղ շատ է դուր գալիս այն կադրը, որում նա նայում է իր արտացոլանքին մեքենայի անիվում։

Դրանից հետո տեսնում ենք նույն ծառի տակի կահույքի կույտը, որը վերջնականապես վառվում է մինչև մոխիր՝ ավելի կտրելով պայծառ անցյալի հետ կապը։

Ընդհանուր պլան, տեսադաշտում երևում են մոխիրը, ծառը, մեքենաները։ Գայլուկը՝ կանգնած տան մուտքի մոտ։

Տեսախցիկը մոտենում է գայլուկին, լսվում է մեքենաների հեռանալու ձայնը, և մենք դիտում ենք գայլուկի էմոցիաները։

Կադրը հեռանում է՝ վերջնականապես ցույց տալով, որ մեքենաները հեռացել են։ Այսպիսով «Ո՞ւր են մարդիկ» հարցը լիովին ստանում է իր պատասխանը՝ պատերազմական մթնոլորտի սաստկացումով։ 

Մի ժամանակ մտածում էի, թե ինչո՞ւ չեն ցույց տալիս մեքենաների գնալը, հիմա հասկանում եմ, որ բացի տեխնիկական դժվարությունից խուսափելը, սա շատ ավելի դրամատիկ լուծում է․ մարդկանց իրենց տնից հեռանալը ցույց տալ գլխավոր հերոսի հայացքով։  

Ավտոմեքենաների կադրից հեռանալուց հետո, գայլուկը փռշտում է, թռչուններն այդ ձայնից թռչում են, գայլուկը նայում է նրանց, ապա ոտքերին նայելով քայլում է աշնանային տերևների վրայով, որոնք խշխշում են քայլերից։ Ծառից մի դեղին տերև է ընկնում մոխրի վրա։

Տեսնում ենք տան մեջ դրված կարտոֆիլը, որին դեռ անդրադանալու ենք։ 

Գայլուկը ճոճորվում է կարի մեքենայի ոտնակի վրա՝ քթի տակ երգելով մուլտֆիլմի սկզբում իր լսած օրորոցայինը, որին ձայնակցում է կարի մեքենայի ճռճռոցը։ Տեսախցիկի գեղեցիկ շարժում, ուշադրությունը դեպի ծառը։ Մեքենաների հեռանալուց մինչև այս դրվագը հիմնականում ներկայացվում է գայլուկի կյանքը՝ պարզ, «մարդկային»։ 

Եվ մեկ խորհրդավոր կադր, որտեղ գայլուկը նայում է վառարանի փայտերը խառնող մորը։ Այս կադրը, ինչպես նաև սկզբի տեսարանը, ցույց է տալիս գլխավոր հերոսի՝ մարդկանց նկատմամբ հետաքրքրությունը, դա կհաստատվի նրա հաջորդ երևալուց, երբ փորձում է պարել ինչպես մարդիկ։ Նրա համար դա խաղ է, ինչպես երեխաների տուն-տունիկը, որում փորձում են նմանվել մեծահասակների։ 

Եվ սկսվում է մուլտֆիլմի ամենադրամատիկ տեսարաններից մեկը։

Լսվում է տանգոյի երաժշտություն։ Մարդիկ փողոցային լամպի տակ պարում են։ Երաշտությունը ո՛չ միանշանակ ուրախ է, ո՛չ էլ միանշանակ տխուր, այն ավելի շատ կարծես ծանր իրավիճակին թեթև և, ինչ-որ տեղ, քմծիծաղով վերաբերվի՝ ասելով․ «Ունենք այն ինչ ունենք»։ Այդպես նրանք պարում են ու պարում, մի կադրում էլ ընդհանրապես մարդիկ կարծես պարեն երկնքում, բայց դա նման է հենց այն զգացողության ինչ նրանք ապրում են պարելու պահին, համենայնդեպս իմ կարծիքով այդ կադրի գլխավոր նշանակությունը հենց իրականությունից կտրվելն է և երաժշտությանը տրվելը։ Ընթացիկ երևում է այն նույն սեղանը՝ կահույքից բաղկացած, վրան սփռոց, սակայն այդ պահին մարդիկ, ոչ թե գնացել են իրենց բնակավայրից այլ պարում են։ Եթե փորձենք տրամաբանական հաջորդականությունը որոշել, ապա այս տեսարանը տեղի է ունեցել ավելի շուտ, սակայն այս մուլտֆիլմում իրադարձությունների հերթականությունը, հիմնականում, էական դեր չի տանում։ Սփռոցը նույն կերպ ալեկոծվում է քամու հոսանքից, ամեն շարժում ենթարկվում է երաժշտությանը, այդ նույն տրամաբանությամբ բոլորը մի ակնթարթ քարանում են, իսկ տեսախցիկը կտրուկ մոտենում և հեռվանում է, երբ երաժշտությունը կտրվում է, կարծես մեկը գրամոֆոնը ձեռքով շարժեր։ Եվ նման երաժշտության կտրտումը նշանակում է մի բան, որն ընդհատում է իրենց պարը, իսկ ավելի կոնկրետ՝ պատերազմ, որը տանում է ամուսիններին առաջնագիծ։ Մուլտֆիլմում դա ցույց է տրված երաժշտության անկանոն խախտումով և պարող զույգերի ամուսինների կտրուկ անհետանալով, որը շեշտվում է կանանց ձեռքերի շարժումով։

Եվ այդ ամենը հաստատվում է այս կադրով, որում կանայք միայնակ քարացած կանգնած են լամպի լույսի տակ, և ամուսինները նրանց կողքով գնում են, այս կադրում նրանք իրար հետ շփում չեն ունենում, կարծես չնկատեն, դրան գումարվում է կանանց քարացած դիրքը, որը խորություն է տալիս պատկերին, կարծես նրանք ոչինչ անել չեն կարող։

Նորից տեսնում ենք նույն սեղանը՝ քամուց ալեկոծվող սփռոցով, որը նորից հիշեցնում է այրվող կահույքի հետ կապված զգացմունքները։

Որից հետո տեսնում ենք զինվորներին, որոնք գնում են, անձրևի տակ, հետո ձյան տակ, հետո պարզ, բայց մութ երկնքի տակ։ Դա շատ կարճ ժամանակում ցույց է տալիս նրանց երկար ճանապարհը, սակայն առաջնագիծը մենք չենք տեսնում, դրա փոխարեն դիտում ենք, թե ինչպես է կռիվը անդրադառնում միայնակ մնացած կանանց վրա։  

Եվ ահա նրանք, սպասում են իրենց ամուսիններին։

Լսվում է գնացքի ձայնը, երևում են թռնող նապակներ, դրանք առաջնագծից եկած նամակներն են, կանայք բռնում են այդ նամակները, նրանք գիտեն, որ այնտեղ իրենց ամուսինների մասին տեղեկություն կարող է լինել, հնարավոր է լա՛վ, հնարավոր է սարսափե՛լի, լսվում են դռան թակոցի ձայներ, որը կարող է փոստատարների դուռը թակելը նշանակել, բացի այդ այն ուժեղ լարվածություն ստեղծող էֆեկտ ունի, այս դրվագի երաժշտական մոտիվն էլ բավականին լարվածություն է ստեղծում, լարվածություն ստեղծում է նաև լուսարձակների ագրեսիվ լուսավորությունը, որի ֆոնին մարդիկ սև են երևում և թողնում երկար ստվերներ։

Կադրերն ավելի ու ավելի արագ են փոխվում, մեկ տեսնում ենք շարժվող լույսերի ներքո սև ուրվագծեր, մե՛կ տեսնում ենք նամակ բռնած կանանց, մե՛կ էլ արդեն ծանոթ քամուց թռնող նամակներ, մե՛կ սփռոցը՝ ալեկոծվող քամու ներքո, երաժշտությունը սաստկանում է, Լարվածությունը հասնում է իր գագաթնակետին, երբ լամպը քամուց ճոճորվում է՝ մերթընդմերթ ցույց տալով մահվան տեղեկագրերը։

Սա շատ դրամատիկ տեսարան է, և ամեն ինչ նպաստում է դրան, իսկ փաստաթղթերը, որոնք ցույց են տրվել մուլտֆիլմում, իրական են։ Լամպի լույսն իր տատանումով զգալի ուժեղացնում է տեսարանը, գուցե ապահովելով անորոշությունը, շեշտելով քամու ուժը՝  մե՛կ թղթի, մե՛կ տեսախցիկի կողմ թեքվելով։ Դժվար է ասել, թե ինչն է այս մուլտֆիլմին այսքան իրականության զգացողություն տալիս, համենայն դեպս, մենք դա այդպես ենք ընկալում։

Այդպիսի դրամատիկ ապրումներից հետո անհրաժեշտ է հանգստանալ։

Լարվածությունը իջնում է, լամպի լույսի տակ քայլում է միայնակ մնացած կանանցից մեկը, ով չգիտի՝ ինչ ասի, ասելու բան էլ չկա, պարզապես «ունենք այն ինչ ունենք» կրկին տանգոյի երաժշտության ներքո։ 

Սփռոցը քամին քշում է, գնացքն անցնում է, տերևը գնացքից թռնում է, փաստացի արդեն ծանոթ տեսարան, որը արդեն հաստատ գիտենք, որ տեղի է ունենում այս իրադարձությունից հետո։  

Սակայն տեսնում ենք, թե որտեղ ընկավ տերևը, իսկ ավելի կոնկրետ ջրի վրա՝ իրենից տարածելով բարակ օղակաձև ալիք, և ջրի մեջ երևում է մի ձուկ։

Կրկրին վերադառնում ենք գայլուկին, որը նայում է վառարանի փայտերը խառնող մորը, այս կադրը կարծես լինի գայլի հիշողությունը, այն օրերից, երբ այդտեղ դեռ մարդիկ էին ապրում։ Եվ հաջորդ տեսարանը այդպիսի հիշողություններից մեկն է։ Որպես անցում տեսախցիկը շարժվում է դեպի տան դիմացի ծառը, և սկսվում է հաջորդ տեսարանը՝ նույնպես ծառի պատկերով։ 

Սակայն այստեղ ծառին կան բազմաթիվ ագռավներ, այնինչ նախորդ տեսարանի ծառին նստած էր մեկը, դա նույնպես շեշտում է, որ այն ժամանակ ավելի խաղաղ էր և ավելի բնակեցված, իսկ հետո ագռավների մեծ մասը, ըստ երևույթի, հեռացան։ 

Այն, որ գայլուկը մնում է մինչև վերջ, ևս մեկ հետաքրքիր սյուժետային գիծ է, որն իր ազդեցությունն ունի ընդհանուր ընկալման վրա։

Լսվում է Մոցարտի դաշնամուրային չորրորդ կոնցերտը, թեթև, ավելի պարզ՝ դեպի մանկության հիշողություն տանող։ Ինչ վերաբերվում է այս մուլտֆիլմի երաժշտական կոմպոզիցիաներին, դրանք շատ դիպուկ են ընտրված, և այլ երաժշտությունները բոլորովին այլ տպավորություն կթողնեին, այստեղ ուրախ, տխուր, ագրեսիվ, դրամատիկ, էպիկական և այլ նկարագրող բառերը բավական չեն երաժշտության բնույթը բացատրելու համար։ Միայն կարող եմ ասել, որ այս կադրում ձյան նման ճերմակ մանկության հիշողությունների հետ շատ լավ է աշխատում այս կոնցերտը, ինչպես տանգոյի երաժշտությունը և Բախի ֆուգան «սպիտակ» տեսարանում։ 

Տեսախցիկը ներքև է իջնում, այնտեղ փոքր տղան խնձորն ուտելով նայում է ագռավներին։ Սա հենց խնձորի նախապատմությունն է։ Հետո տեսախցիկը կողք է գնում և տեսնում ենք տղայի մորը՝ դժգոհ նստած մորը, և հարբեցող հորը, ստեղծվում է կոնֆլիկտ, որը չի արտահայտվում հստակ գործողություններով, այն աշխատում է մարդկանց տեսակների միջև։ Կրկին նշեմ՝ այստեղ լավի և վատի հարց չկա, միայն հակասություն։ Այս ամբողջ տեսարանը տեղի է ունենում ձմռանը, որը շատ խորհրդանշական է, սպիտակ ձյունը ավելի լավ է կապվում մանկության հիշողությունների հետ, համենայն դեպս ինձ մոտ, բացի այդ սպիտակ գույնը ավելի ջերմ է ընկալվում և այն մաքրության խորհրդանիշ է։ Այսպիսով ստեղծվում է կոնտրաստ մռայլ ներկայի և նոստալգիկ հիշողության միջև։ 

Մարդկային կերպարները կարծես վերցված լինեն իրական կյանքից, և այդ ամենը այնքան նման է հիշողությանը, որ նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր չեն ապրել այդ ժամանակներում և ունեցել են բոլորովին այլ մանկություն, տեսարանը կարող է ընկալվել, որպես անձնական հիշողություն։ 

Հետո տեսախցիկը վերադառնում է տղայի մոտ, ով շարունակում է նայել ագռավներին, տեսախցիկը բարձրանում է ագռավների մոտ, և տեսնում ենք նույն տղային, ով ճյուղին նստած ագռավների հետ խնձոր է ուտում՝ հյուրասիրելով թռչուններին։ Այն բանից, որ տղան նոր նայում էր ագռավներին, հասկանում ենք, որ դա նրա երևակայությունն է։ 

Կցանկանայի ուշադրություն դարձնել, թե մի կադրից ինչքան շատ տեղեկություն ենք ստանում։ Կադրի սկիզբը նախորդ տեսարանի վերջի ֆոնին ցույց է տալիս պատերազմի ազդեցությունը, և ընկալվում է, որպես հիշողություն։ Տեսախցիկը իջնում է՝ ծանոթացնելով տեսարանի հերոսի՝ տղայի, հետ։ Այս տեսարանը ամենից լավ է ցույց տալիս պարզության, խաղաղության և անհիմն կոնֆլիտի հակադրությունը, այս հակադրությանը բավականին մեծ ուշադրություն դարաձվում է «Փոքրիկ իշխանը» գրքում, սակայն այս մուլտֆիլմի էմոցիոնալ կլանումը, իմ կարծիքով, ավելի խորն է։ 

Կադրը փոխվում է, տղան, ծառի տակ կանգնած, նայում է ագռավներին, դա ևս մեկ անգամ հաստատում է, որ նա պատկերացնում է, թե ինչպես է ագռավների հետ շփվում, ինչը բնորոշ է նրա տարիքի երեխաներին, իսկ հենց այս դեպքում դա նաև ցույց է տալիս նրա շփման պակասը։ 

Տեսախցիկը նորից գնում է ծնողների կողմ, հայրը պարբերաբար խմում է շշից, իսկ մայրը նրան ինչ-որ բան է ասում։ Այդ ընթացքում երեխան պատկերացնում է, որ ագռավներն ավելի անկաշկանդ կերպով նրա հետ խնձոր են ուտում։ Եվ կրկին երևում են ծնողները․ ավելի խոշոր պլան, ավելի մեծ ուշադրություն գրավելով իրենց կողմ։ Մայրը կրկին ինչ-որ բան է ասում, հայրը արբած ժպիտով նստած է։ Ագռավներն ու տղան արդեն ընկերացած են։ Կրկին ծնողների կադրն է, այս անգամ ավելի խոշոր պլանով։ Փաստացի մինչ այդ դրվագը տեղի էր ունենում իրադարձությունների աճ, տղան, որ շփման կարիք է զգում՝ երևակայական հյուրասիրությունից հասնում է մինչև ընկերական շփում, իսկ ծնողների փոքր զրույցը հասնում է վեճի, (զրույցի աճը ներկայացված է կադրերի խոշորացումով), որը լուծվում է խմիչքի շիշը ծառին ջարդելով, որից տղան «ծառից ընկնում է ցած»՝ վերադառնալով իրականություն։ Այս կադրում, ինչպես արդեն ասել եմ, խնձորը ասոցացվում է երեխայի միայնակ մանկության, ընկերանալու ցանկության հետ։ 

Հոր գլխին հայտնվում է զինվորական (Նապոլյոնական) գլխարկ, իսկ դեմքի արտահայտությունը միանգամից լրջանում է, նրա մեջ արթնանում է բոնապարտիստական ինքնավստահություն, և նա հպարտ կեցվածքով դուրս է գալիս կադրից։ Ուշադրությունը մնում է մոր կերպարի վրա, տեսախցիկը մոտենում է նրան, և այստեղ երկու բան է տեղի ունենում, մի կողմից նրա հայացքում կարծես երևում են նրա թաքնված մարդկայնությունը, ինքնավստահությունը և միաժամանակ կասկածը, մի գուցե նաև ամուսնու գնալուն վերաբերվող հույզեր, որոնք նա թաքցնում է ինքն իրենից։ Մյուս բանը, որ մենք տեսնում ենք, դա նրա հստակ հայացքն է։ Հարց է առաջանում, թե ո՞ւր է նա նայում, որին հաջորդում է պատասխանը, երբ տեսնում ենք որդուն մտազբաղ խնձոր ուտելուց, մոր այդ հայացքի ազդեցությունից հետո, միանգամից հասկանում ենք նրա վերաբերմունքը որդու երևակայության նկատմամբ։ Դա շեշտվում է նույն կադրում, երբ խնձոր ուտող տղայի ձեռքից կտրուկ քաշում են։ 

Եվ այս լղոզված կադրը տևում է սովորականից երկար՝ շեշտելով կոպտությունը, բռնությամբ մանկությունից կտրելը, խնձորի գետնին ընկնելը և այդպես մնալը։ Այս պատկերը շատ ուժեղ է, իմ կարծիքով, այստեղ ամենից ուժեղն է խնձորի գաղափարը, որը ասոցացվում է մանկության հետ, որն արդեն մնացել է անցյալում, որը բաժանվել է տղայից հարկադրաբար, կտրուկ, իսկ պատճառը անհիմն կոնֆլիկտն է, որի մասին խոսում էի։ Բայց դա կրկին լավի և վատի հարց չի, դա դժվարություն է, որը պետք է հաղթահարել, առանց դրա կստացվի դատարկ սպիտակ թուղթ։ Այդ պատճառով նույնիսկ խաղաղությունը մարմնավորող տեսարանը հագեցած է բազմաթիվ մանր կոնֆլիկտներով, քանզի առանց դրանց պարզապես կստացվի դատարկություն, դրա համար նախընտրում եմ օգտագործել «պարզ» բառը։ «Ունենք այն, ինչ ունենք», այս մոտեցումն է ամենաուժեղ դրամատիզմը, այլ ո՛չ թե հստակ լավի, վատի բաժանումը և դրանց պայքարը։ 

Այն բանից հետո, որ տղային դուրս են քաշում կադրից, տեսախցիկը մոտենում է դեպի ձյան մեջ ընկած խնձորը, ուժեղացնելով դրա հետ կապված ասոցիացաները։ 

Հաջորդ կադրում տեսնում ենք երեխային, ում մայրը քաշում է իր ետևից, տղան սկզբում հակառակվում է, հետո նա տեսնում է հոր զինվորական գլխարկը, նրա գլխին նույնպես հայտնվում է այդպիսինը և նա արդեն ոգևորված քայլում է։ Նրան գրավում է զինվորի մասնագիտությունը՝ տուն-տունիկ խաղի նման, նա չի պատկերացնում, թե դա ինչ է իրենից ներկայացնում քանի չի տեսել իր փորձով։ 

Նրանք դուրս են գալիս տեսադաշտից։ 

Մոցարտի երաժշտությունն ավարտվում է։ 

Խնձորը ձյան մեջ ընկած, համեմատած հեռու պլան՝ «շեշտելով նրա մենակությունը և փոքրությունը»։ 

Ջարդված շիշը, ինչ-որ տեղ խնձորի հակապատկերն է։ 

Լսվում է տանգոն՝ շեփորի կատարմամբ։ 

Նստարանը, որտեղ նստած էին ծնողները, և որի մոտով դանդաղ քայլում է մի մարդ։ 

Այս տեսարանն իր դրամատուրգիայուվ շատ նման է տանգոյի տեսարանին։ Երկու տեղում էլ խաղաղ կյանքի և պատերազմի կոնֆլիկտ է ներկայացված, մի դեպքում խոսքը գնում է ամուսինների մասին, մյուս դեպքում երեխայի։ Երկու տեղն էլ տեղի է ունենում դրամատիկ աճ, որն ընդհատվում է ամենաբարձր նոտայով, երկու տեղում էլ այդ աճից հետո լսվում է շեփորով տանգոյի երաժշտությունը, որն արդեն խորհրդանշական է դարձել, և այդ երաժշտության տակ քայլում է մի կերպար, մի դեպքում փողոցային լամպի մոտով, մյուս դեպքում՝ նստարանի, և այդ երկու օբյեկտներն էլ արդեն ինչ որ նշանակություն են ձեռք բերել տեսարանի ընթացքով՝ ասոցացվելով այս կամ այն կյանքի հետ։ 

Կրկին գնացքի ձայն, վառարանի մոտ տաքացող գայլուկը, վառվող կահույքը, հեռացող մեքենաները։ 

Սակայն այս անգամ գայլուկը վերցնում է այն ծլած կարտոֆիլը, որը թասով դրված էր տան մեջ։ 

Նկատո՞ւմ եք, թե որքան հաճախ են կրկնվում նույն դետալները։ Որովհետև դրանք խորհրդանիշներ են դարձել, հիշողության մասնիկներ՝ կապված իրար ասոցացիոն գծերով։ Սա մի ամբողջ համակարգ է՝ կառուցած այդ դետալներից, և զարմացնում է այն մանրակրկտությունը, այն թե որքան ճշտգրիտ են դրանք աշխատում իրար հետ։ Շատերն ասում են, որ այս մուլտֆիլմը չունի հստակ սյուժե, սակայն ավելի խորը դիտելու դեպքում բացահայտվում է այնպիսի ծավալուն, բարդ, շղթայաձև կապված դրամատուրգիա, որ դժվար է գտնել նման հարուստ սյուժեյով այլ ֆիլմեր։ 

Իսկ այստեղից սկսվում է մանկությանս տարիների ինձ վրա ամենամեծ ազդեցությունը թողած տեսարանը՝ գայլուկի կարտոֆիլ ուտելը։ Այն նույնպես դասվում է պարզության մասին տեսարաններին, սակայն հիացնում են լուսավորությունը, շարժումը, ձայները, գայլուկի կերպարը այս կադրում բավականաչափ բացվում է։  

Տեսարանը սկսվում է խարույկով, որի մեջ գայլուկը գցում է նոր փայտեր և կուչ եկած տաքանում է։ Հանկարծ անցում է մի մեքենա, նա մի պահ վեր է թռչում այդ ձայնից։ Մեքենաները, ըստ երևույթի, նշանակում են, որ մարդիկ շարունակում են հեռանալ այդտեղից, ինչո՞ւ նման եզրակացություն, որովհետև՛ հենց մեքենայի դերը որպես այդպիսին արդեն ասոցացվել է մարդկանց հեռանալու հետ, և այս մուլտֆիլմում հենց այդպիսի գործիք է աշխատում (նույն տրամաբանությամբ գնացքը, կարելի է ասել, առաջնագծի և բնակավայրերի միջև կապ է, կամ էլ հեռանալու միջոց)։ 

Հետո գայլուկը նստում է կարի մեքենայի ոտնակին, որի վրա ճոճորվում էր, և սկսում է մաքրել կարտոֆիլը ծիլերից՝ սուլելով տանգոյի երաժշտությունը։ Այս մասում տեսարանը ընդհատվում է։ 

Լսվում է տանգոյի երաժշտությունը՝ տեսարանների միջև սահուն անցում ապահովելով, օդում հրավառություն է, որից հասկանում ենք, որ պատերազմն ավարտվեց հաղթանակով։ Լամպի մոտ այն ժամանակվա պես քարացած կանգնած են կանայք, նրանց այդ դիրքը ամենից լավ է նկարագրում ամուսիններին սպասելը։ Որոշ ամուսիններ հայտնվում են կանանց կողքը և շարունակում են պարել տանգոյի տակ, կարծես նույն հատվածից, որից, որ ընդհատվել էր։ Սակայն ամեն ինչ չի այդպես խաղաղ, մինչև հիմա երբեմն օգտագործվում է լուսարձակների ագրեսիվ լուսավորությունը՝ երբե՛մն թողնելով սև ուրվագծեր, հրավառության ձայնը՝ պայթյունի է նմանվում։ Տեսնում ենք ակորդեոնով տանգո նվագող երաժիշտին՝ վերադարձած զինվորներից մեկին։ Տեսախցիկը հետ է գնում, և տեսնում ենք, որ նրա մի ոտքը չկա։ 

Հրավառություն։ Ընդհանուր պլան, որտեղ երևում է, որ կանանցից շատերը մնացել են մենակ, և կրկին հիշեցում դրա պատճառի մասին՝ մահվան տեղեկագրի տեսարանով։ Այս ամենը տանգոյի երաժշտության տակ շատ ավելի ուժեղ ներքին կոնֆլիկտ է առաջացնոմ, մի կողմից պատերազմն ավարտվել է, հաղթանակ է, որոշ զինվորները վերադարձել են, մյուս կողմից՝ որոշ կանայք մնացել են այրի։ Այս ամենը իրար կողքի չափազանց ուժեղ դրամատիկա է ստեղծում կոնտրաստի շնորհիվ, իսկ երաժշտությունը միայն սրում է դա, քանզի այն թեթև է վերաբերվում ողբալի իրավիճակին։ Նման տեսարան կարելի է գտնել այլ տեղերում, օրինակ «Թռչում են կռունկները» ֆիլմի վերջում բոլորը ուրախանում են հաղթանակով, և այդ ամենի ֆոնին գլխավոր հերոսուհին իմանում է, որ իր նշանածը զոհվել է։ Իսկ երաժշտության և պատկերի հակասությունը դրաման ուժեղացնելու համար օգտագործել է դեռևս Էյզենշտեյնը։ Այդ տրամաբանությամբ իրար հաջորդում են պարող զույգերի, մահվան տեղեկագրերի, այրի կանանց, հրավառության կադրերը։ Եվ ավելանում է մի նոր կադր՝ մի կտոր հաց, և մի բաժակ ջուր՝ այդ ուժեղ լուսավորության տակ։

Շարունակվում են իրար հաջորդել այդ պատկերները տանգոյի երաժշտության տակ, և տեսարանն ավարտվում է այս նույն հացով և բաժակով, որի ժամանակ երաժշտությունը ավարտվում է և միաժամանակ հանգում են լուսարձակները։ Կարծես թե վե՛րջ, հաղթանակը նշեցին, սակայն պատերազմի հետքերը մնացին, որոնցից կարևորագույնը մարդկային կորուստն է։ 

Վերադառնում ենք գայլուկի մոտ, ով արդեն խարույկից փայտի օգնությամբ հանում է եփած կարտոֆիլը, փորձում է վերցնել, սակայն ձեռքը կտրուկ ետ է քաշում, որովհետև այն դեռ չափազանց տաք է։ Փչում է ձեռքին, փչում՝ կարտոֆիլին։ Ձեռքից ձեռք գցելով վերցնում է կարտոֆիլը, կիսում։ Կարտոֆիլից գոլորշի է դուրս գալիս, այն շատ գրավիչ տեսք ունի։ Գայլուկը ուտում է կարտոֆիլը, քթի տակ երգելով տանգոյի երաժշտությունը, մի պահ ընդհատում է երգը և կուլ տալիս կարտոֆիլը (այնպես հավեսով է ուտում, որ այս մակարդակի դերասանական խաղ նույնիսկ կինոներում հազվադեպ է հանդիպում, չնայած գայլուկի կերպարի շարժումները, ձայնը նման էլ չեն դերասանական խաղի, նա կարծես ապրի, իսկապես վայելի տաք կարտոֆիլը)։ Այս մուլտֆիլմի անիմացիան սահուն չէ, հաճախ չի ենթարկվում անիմացիայի սկզբունքներին և ֆիզիկայի օրենքներին, սակայն հենց դա է դիտվում բնական, մարդկային, և պարունակում այն, ինչ բոլորս զգում ենք, սակայն չգիտենք ինչպես արտահայտել։ 

Հետո նա, ուտելով և քթի տակ երգելով, պարում է՝ կրկին հիշեցնելով տանգոն։ 

Կրկին մեքենա է անցնում։ 

Գայլուկը փչում է խարույկին, որ այն ուժեղանա և ավելի տաքացնի։ 

Նա, նստելով կարի մեքենայի ոտնակին, տաքանում է խարույկի ջերմությամբ։ 

Մեքենաներ են անցնում։ 

Այս տեսարանը հրաշալի ցույց է տալիս, որ մարդիկ հեռանում են, իսկ ինքն իր համար կարտոֆիլ է ուտում՝ տաքանալով խարույկի մոտ։ 

Գայլուկը նայում է կրակին, երևում է նաև կրակը սուբյեկտիվ կադրով, և հանկարծ․․․ 

Տան մոտ նորից խորհրդավոր կերպով հայտնվում է այն լուսավոր դուռը, որը տանում է դեպի «սպիտակ» աշխարհ։ Դա տեղի է ունենում նույն երաժշտական մոտիվով ինչ հնչել էր դռան նախորդ հայտնվելու ժամանակ։ Գիշերվա ֆոնին դա շատ ավելի գեղեցիկ և գրավիչ է դառնում։ 

Գայլուկը որոշում է գնալ այնտեղ։ Նա մի փոքր անինքնավստահ է, դա արտահայտվում է դանդաղ երաժշտությամբ շեշտվող և մի պահ ընդհատվող քայլերով, ինչպես նաև մի պահ գայլուկի ետ նայելով։ Ամեն քայլին հնչում է օրորոցայինի մի նոտա։

Եվ ինձ դուր է գալիս, թե ինչպես է գայլուկի ստվերը, ֆիզիկայի օրենքները խաղտելով, իր ետևից քարշ գալիս դեպի լույս։ 

Լույս։ Լսվում է Բախի դրախտային երաժշտությունը։ 

Մի երիտասարդ տղամարդ՝ կանգնած բլրի վրա, ուսին մի ճամփորդական պայուսակ։ 

Նա մի քար է նետում ծովի կողմ և քայլում է դեպի ձախ, որտեղ արդեն ծանոթ աղջիկն ու ցուլը պարան են թռնում, այդտեղ ժամանակը գնում է իր հունով և այն քաոսը, որ դիտեցինք նախորդ տեսարաններում այս վայրին չի վերաբերվում։ Սա մի հրաշալի երկար կադր է, առանց ոչ մի ընդհատման, և այն ամենից լավ է ցույց տալիս ժամանակի ընթացքը։ Ընդհանրապես մոնտաժը շատ կարևոր նշանակություն ունի հանդիսատեսին ինչ-որ միտք հասցնելու համար, սակայն դրա բացակայությունը սովորաբար ավելի բնական է դիտվում, որովհետև իրական կյանքում չկան հստակ փոփոխվող կադրեր, այն ամենն ինչ մենք տեսնում ենք մի երկար կադր է։ 

Երիտասարդը գալիս է աղջկա և ցլի մոտ, նա էլ է սկսում պարան թռնել, իսկ տեսախցիկը շարունակում է իր ճանապարհը՝ ցույց տալով բանաստեղծի հորն ու մորը՝ սեղանի մոտ նստած։ Երիտասարդը նրանց մոտով անցնելով բարևում է, հայրը առաջարկում է իրենց հետ հաց ուտել, երիտասարդը ասում է, որ պետք է գնա, հայրը համոզում է, երիտասարդը գալիս, նստում է, տեսախցիկը կողք է գնում, կատուն երազելով նայում է ձկանը և նոր կադրը փոխվում է։ Աղջիկն ու ցուլը պարան են թռնում։ Երիտասարդը հրաժեշտ է տալիս և շարունակում իր ճամփան։ Տեսախցիկը բարձրանում է՝ ցույց տալով բլուրները, որոնցով հեռանում է երիտասարդը և, ի վերջո, դուրս գալիս տեսադաշտից։ 

Ձուկը մտնում է թփի ետևը։ 

Գիշեր։ 

Երաժշտության մոտիվը փոխվում է, տեսարանը՝ նույնպես։ 

Այս տեսարանը հասկանալու համար պարզապես պետք է դետալներին ուշադիր դիտել, ինչպես նաև ամբողջ մուլտֆիլմը։ 

Վերադառնում ենք գլխավոր հերոսին՝ գայլուկին, ով մեր հետ միասին մտել էր սպիտակ դռնով։ Նա նայում է սեղանին դրված բանաստեղծությանը, հետո մտնում է սեղանի տակ, և տեսնում ենք ծանոթ տեսարան։ Սեղանի տակից գայլուկը նայում է կաթ ուտող երեխային, պարզվում է, որ այս դրվագն էինք տեսել մուլտֆիլմի ամենասկզբում, սակայն, ինչպես բոլոր մնացած դեպքերում, տեսնում ենք նաև շարունակությունը։ 

Գայլուկը բերանով շարժում է անում նմանվելով երեխային, և կարոտելով իր մանկության տարիները։ Մի պահ երևում է բանաստեղծությունը, այն կապվում է մանկան հետ։ Կրկին երեխան և գայլուկը իրար են նայում։ 

Այս խորհրդանշական տեսարանին հաջորդում է ընտանիքի մյուս անդամներին պատկերող կադրը։ 

Մայրը կրկին կանչում է աղջկան, ցուլը աթոռակի վրա ննջում է։ 

Հայրը գնում է ձկնորսության, աղջիկը նայում է նրան, մայրը վրանի միջից կանչում է աղջկան, վերջինս հոր, տեսադաշտից դուրս գալուց հետո մտնում է լուսավոր վրանը։ Մշուշոտ տեսարանում երևում է, թե ինչպես է հայրը փոքրիկ նավակով մտնում և խորանում ծովը։ 

Այս կադրում երևում է հիանալի խորը միզանսցեն։ Այն դիտվում է գերբնական և խաղարկային միաժամանակ։

Բախի երաժշտությունն ավարտվում է։ 

Գայլուկը դուրս է գալիս սեղանի տակից, նայում է բանաստեղծին, ապա կատվին, որը հանգցնում է մոմը և քնում։ 

Լսվում է արդեն ծանոթ երաժշտական մոտիվ, որը լսվել է ամեն անգամ դեպի այս լուսավոր աշխարհ դռան հայտնվելուց, այժմ դռան նման լուսավորվում է բանաստեղծությունը՝ դրված սեղանին, պատկերային և ձայնային նմանությունը հուշում է այդ բանաստեղծության մի ամբողջ աշխարհ լինելը, դրան գումարվում է տեսախցիկի շարժը քայլ առ քայլ դեպի թուղթ, այս տեսարանը ամեն անգամ բացվում է նման շարժումով, սակայն տեսախցիկը, լիովին թղթի մեջ չմտած, հեռանում է՝ ցույց տալով գայլուկի ուշադիր հայացքը դեպի բանաստեղծություն։ 

Նա ձեռքը մոտեցնում է թղթին, այդ շարժմանը համապատասխան լսվում է օրորոցայինի մոտիվը՝ ավելի շատ շեշտելով գայլուկի զգուշությունն ու անվստահությունը (նույն մոտիվը նման դեր է ունցել նաև գայլուկի լուսավոր աշխարհ մտնելուց)։ Գլխավոր հերոսը մի մի պահ հայացք է գցում բանաստեղծի կողմ, տեսախցիկը, սովորական առաջ գնալուց հետո, հետ է գնում, իսկ գայլուկը, ձեռքերը ետ քաշելով, թեքվում է բանաստեղծի կողմ։ 

Նա նկատում է, որ բանաստեղծն արթուն է, ինչը մենք իմանում ենք հաջորդ կադրում, որտեղ վերջինս, նայելով գայլուկին, ժպտում է։ Տեսնելով այդ ժպիտը՝ գայլուկը, համարելով որ իրեն թույլ են տալիս, արդեն ուզում է վերցնել բանաստեղծությունը, սակայն բանաստեղծը ձեռքը դնում է թղթին, կարծես բացատրելով, որ գայլուկը լավ չի վարվում, սակայն վերջինս բանաստեղծին նայելով համառորեն վերցնում է բանաստեղծությունը, ոլորում թուղթը և սեղանի տակով փախչում։ Գիշերվա մթում նա շատ սահուն կերպով հայտնվում է սովորական միջավայրում, վազում է անտառով, փողոցով։ Վազքը ցույց է տրված ձեռքի տեսախցիկով, դրան գումարվում են մեքենաների ձայները, կոնտրաստային լույսերն ու ընթացքը՝ ստեղծելով ավելի ակտիվ, ո՛չ այդքան փախուստի, բայց վազքի տպավորություն։ Ընթացող մեքենայի դիմացից փախչելով՝ հերոսը մտնում է անտառ։ Կադրից դուրս է գալիս, լսվում է երեխայի լացի ձայն։ Հարց է առաջանում, թե ո՞վ է լալիս, այդ նույն հարցն առաջանում է նաև գայլուկի մոտ, ով աջ ու ձախ է նայում՝ փնտրելով երեխային։ Տեսախցիկը կտրուկ ետ է գնում՝ բացելով մեր առաջ հերոսի շրջապատը, տեսնում ենք, որ այն դատարկ է, գրեթե միանգամից տեսախցիկը մոտենում է, երբ հերոսի հետ միասին նկատում ենք նրա ձեռքերում բանաստեղծության փոխարեն երեխային՝ գլխիվայր բռնած։ Այդ ամենը շատ արագ է տեղի ունենում, սկսվում է լարված երաժշտություն՝ տեղ-տեղ օրորոցայինի մոտիվը հիշեցնող։ Գայլուկը չհասկանալով, թե ինչ է կատարվում հոտոտում է երեխային, շփոթված դնում գետնին, հետո մցնում է թփերի արանքը (ինչպես ասվում էր օրորոցայինի խոսքերում) և արդեն պատրաստվում է հեռանալ, սակայն կանգ է առնում։ Լարված հարձակվող նոտաները փոխարինվում են օորորոցայինի մոտիվները պարունակող ջութակի լացով՝ ձայնակցելով երեխային, գայլուկը հասկանում է, որ այդպես չի կարող վարվել։ Ստեղծված իրավիճակից դժգոհ հոգոց է հանում, վերցնում է երեխային, ով այդ պահին լռում է, և օրորելով քայլում։ Նորից սկսվում է անհանգիստ երաժշտությունը, նա վազում է, ընդհանուր լարվածություն է առաջանում՝ երեխայի լացով, լարված երաժշտությամբ, մանր անհարմար իրավիճակներով։ Տեսարանը փոխվում է նրանով, որ հերոսը երեխային պառկեցնում է օորորոցում և սկսում է երգել ֆիլմի օրորոցայինը։ Այս տեսարանում շատ տպավորիչ մի դրվագ կա, երբ  երգի մեջ «волчек»(գայլուկ) բառից առաջ վերջինս հոգոց է հանում։ 

Ինձ նաև շատ դուր է գալիս, թե ինչպես է երեխայի փոքր ոտքը մերթ ընդ մերթ երևում օրորոցից։ 

Գայլուկը դժգոհությունից հետո, սկսում է խաղալով երգել, ամեն տողի վերջում «ծիկ» անելու պես։ Երեխայի ձայներից հասկանում ենք, որ նրան դուր է գալիս։ Եվ հիմա նայում ենք նրա հայացքով (Սա այն կադրն է որի մասին խոսել եմ սկզբում), այս դեպքում հերթական «ծիկ» — ի ժամանակ, նրա հայացքը մոտենում է, ինչպես արդեն նշել եմ, դա ենթագիտակցորեն նաև կարող է կապվել սկզբի հետ, սակայն այս տեսարանում ավելի շատ գրգռիչ դեր է ունենում ռիթմը։ Երբ երգի տեմպը կանխատեսվածից չափազանց ուշանում է երեխան սկսում է նորից լաց լինել։ Գայլուկը արագ արագ օրորելով երգում է, որ հանգստացնի, տեսախցիկը կողք է գնում։ Եվ, ի դեպ, գայլուկի և ֆիլմի սկզբում հնչող մոր ձայնը նույնն է, և, այդ արդեն ծանոթ, ձայնը հանգիստ քթի տակ երգում է օրորոցայինը, որի ներքո՝ ֆիլմի սկզբում, դիտում ենք անձրևի տակ թրջվող խնձորը։ Խնձորի և երեխայի միջև կապը ամրապնդվում է՝ մնացած ասոցիացաների հետ միասին՝ առաջացնելով անբացատրելի զգացողություն։ 

Խնձորով անցում ենք կատարում ձմեռային տեսարանի, որտեղ հնչում է Բախի երաժշտությունը, իսկ մի խնձորը դառնում է շատ խնձորներ, որոնք ընկում են ծառից գետին։ Այնտեղ երեխան է կանգնած ուտում՝ նույն կերպ պատկերացնելով իրեն ագռավների հետ ծառին նստած։ Ֆիլմի վերջում նման տեսարանը նոստալգիկ զգացողություն է առաջացնում։ Երաժշտության հետ համապատասխան տեսնում ենք գայլուկին՝ ով նույնպես նայում է ծառի վրա նստած երեխային, հետո նայում է գետնին կանգնած տղային, տեսախցիկը, շարունակելով իր հայացքը, թեքվում է նրա կողմ։ Տեսնում ենք զինվորների հեռանալու կադրը, ապա խնձորները, որոնք բազմապատկում են իրենց նշանակությունը։ Կրկին ընկնող խնձորներ (յուրաքանչյուրը մի «մանկություն»), ապա նորից հեռացող զինվորները։ Լուսավոր աշխարհում նույն պարզությունն է, նույն ցուլն ու աղջիկը, նույն մայրը, որ կանչում է աղջկան, նույն բանաստեղծը։ Այն տանը ուր ապրում էր գայլուկը, նույն վառարանն է, նույն լամպն է փողոցում և նույն հեռացող գնացքը։ Այս տեսարանը ամփոփում է մուլտֆիլմը։ Բախի երաժշտությունն ավարտվում է գնացքի ձայնով, մթնում է, լամպի լույսը վառվում է, լսվում է տանգոյի երաժշտությունը, որի տակ էլ գրվում են տիտրերը։ 

Կարծում եմ դժվար է վերլուծել այնպիսի մուլտֆիլմ, որը գրեթե լիովին կառուցված է նուրբ, սակայն ուժգին էմոցիաների վրա, այս դեպքում «էմոցիա» բառն էլ այդքան ստույգ չի, քանզի այն, ինչպես շատ այլ հասկացություններ, վերաիմաստավորվում է։ Գիտեմ, այդքան էլ ճիշտ չէ վերլուծությունը կատարելուց այսքան պատմել հենց բուն իրադարձությունները, մուլտֆիլմը նման կենտրոնացվածությամբ դիտելու ժամանակ պարզ է դառնում, որ այստեղ անկարևոր հատված չկա, և այս ամենը այս պահին իմ ունեցած ընկալումն է, սակայն դա չի նշանակում, որ վաղը ես նույն կերպ եմ տեսնելու։ Դա ևս չի նշանակում, որ մնացած ֆիլմերում չկա նման խորություն, պարզապես ֆիլմի և մարդու շփումը նման է առեղծվածի, որը ձգտում ես բացահայտել։ 

Ինքս այսքանով կսահմանափակեմ այս վերլուծական նյութը, սակայն, ինչպես ասացի, սա դեռ ավարտը չէ․․․ 

Оставить комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы