Հայկական կինեմատոգրաֆի սկզբնավորման շրջանը հիմնականում բաղկացած է ռուս և եվրոպացի կինոօպերատորների խրոնիկաներից, ամենից շատ իր հայկականությամբ աչքի է ընկնում Ալեքսանդր Դիգմելյովի՝ 1911թ․ — ին նկարահանած խրոնիկան, որն իրենից ներկայացնում է Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցու թաղման արարողության կադրեր։ Իսկ հայկական առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը՝ «Խորհրդային հայաստան» վերնագրով, նկարահանվել է 1924թ․ — ին Ի․ Կրասլավսկիի կողմից։
Ամենամեծ և նշանավոր իրադարձությունը եղավ 1925թ․ — ին առաջին խաղարկային ֆիլմի՝ «Նամուս» — ի ստեղծումը՝ Ա․ Շիրվանզադեի համանուն ստեղծագործության հիման վրա։ Ֆիլմի ռեժիսորն էր Համո Բեկնազարյանը, դերերում՝ Հովհաննես Աբելյանը, Հրաչյա Ներսիսյանը, Համբարձում Խաչանյանը, Ավետ Ավետիսյանը, Նինա Մանուչարյանը, Ամասի Մարտիրոսյանը, Սամվել Մկրտչյանը, Հասմիկը, Օլգա Մայսուրյանը, Հռիփսիմե Մելիքյանը, Միքայել Գարագաշը, Հուսիկ Մուրադյանը, Տիգրան Շամիրխանյանը, Արմեն Գուլակյանը և Պահարեն։ Դա «Համո Բեկնազարյանի անվան Հայֆիլմ» կինոստուդիայի առաջին նախագիծն էր, որը ամրապնդեց, ոչ միայն խաղարկային այլև ընդհանուր հայկական կինոինդուստրիան։ Ֆիլմը համր է, թատերական դերասանական խաղով, սակայն այն ժամանակվա դրությամբ բավականին արժեքավոր էր և որակով։ Ֆիլմում արդեն առկա են մոնտաժային հնարքներ, աճող լարվածություն, բազմաթիվ լոկացիաներ, հագուստներ, և այլն։ Այն մշակվել և հնչյունավորվել է 1969թ․ — ին «Հայֆիլմ» կինոստուդիայում։
Նամուսից հետո կինոստուդիան սկսեց բուռն արտադրել համր ֆիլմեր՝ տարին 1-7 ֆիլմ։ Շատերի հեղինակն էր Բեկնազարյանը, ինչպիսիք են «Զարեն», «Շոր և շորորը», «Երկրաշարժ Լենինականում» վավերագրական ֆիլմը, «Խասփուշը», «Տունը հրաբխի վրա», «Երկիր Նաիրին»՝ նույնպես վավերագրական։ Հայֆիլմի ծագման և զարգացման շրջանում աչքի են ընկել նաև այլ կինոռեժիսորներ, օրինակ՝ Ամասի Մարտիրոսյանը, ով հատկապես հայտնի է իր «Գիքորով», իսկ արդեն ձայնային շրջանում «Քաջ Նազարով» և «01 99» — ով։ Նա մասնակցել է բազում համր ֆիլմերում, որպես դերասան («Նամուսը» ներառյալ) և զարգացրել է Հայ կինոն, որպես առանձին և ինքնուրույն կինոլեզու։ Նույնը կարելի է ասել Պատվական Բարխուդարյանի մասին, ով ֆիլմերի համր շրջանում նույնպես հիմնական ռեժիսորներից էր՝ հեղինակելով «Չար ոգին», «Տասնվեցերորդը», «Կիկոսը» և այլն։
Առաջին հայկական հնչյունային ֆիլմը «Պեպոն» է, կրկին Համո Բեկնազարյանի ռեժիսուրայով և Հրաչյա Ներսիսյանի հիանալի դերակատարումով։ «Պեպո» ֆիլմի երաժշտությունը գրեց Արամ Խաչատրյանը, այն հիմնված է Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի վրա։ Այս ֆիլմից հետո բոլորը սկսեցին նկարել ձայնային կինո, իրար հետևից հայտնվում էին նոր գլուխգործոցներ, հանդես էին գալիս նոր դերասաններ և ռեժիսորներ՝ Ֆրունզե Դովլաթյան, Յուրի Երզնկյան, Արման Մանարյան, Հենրիկ Մալյան, Դմիտրի Կեսայանց, Ալբերտ Մկրտչյան, նրա եղբար Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, Արմեն Ջիգարխանյան, Գալյա Նովենց և այլն։ Հենրիկ Մալյանը և Ալբերտ Մկրտչյանը բազմաթիվ հզոր դրամաներ են նկարում, Ֆրունզե Դովլաթյանը հայ կինոյի նոր ալիքի հիմքն է դնում «Բարև ես եմ» կինոնկարով՝ գործողությունների վայրը տեղափոխելով քաղաք, իսկ գլխավոր դերերում գյուղացիների և հասարակ մարդկանց փոխարեն ցույց տալով գիտության հանճարներին, ավելի ճիշտ նրանց կյանքը։ Արդեն բավականին ամուր հիմքի վրա հանդես է գալիս Սերգեյ Փարաջանովը՝ ամբողջ աշխարհում փոխելով կինոյի մասին պատկերացումը։ Իսկ Վավերագրական կինեմատոգրաֆիայում հսկայական դեր է ունենում Արտավազդ Փելեշյանը։
Դեռևս առաջին խաղարկային ֆիլմից հայ կինեմատոգրաֆիան կտրուկ հավասարվել էր համաշխարհային որակին, և շարունակել է պաշտոնական տեղ զբաղեցնել խորհրդային միության կինոյի ոլորտում։ Այժմ նոր շրջան է սկսվել, ոչ միայն մեր այլև ամբողջ աշխարհի ինդուստրիայում, ամենուրեք երևում է նոր բան ստեղծելու անհրաժեշտությունը։
Оставить комментарий