Ես Անդրանիկն եմ, այսօրվա դրությամբ ունեմ ստեղծած մի կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ, մոտ յոթ անիմացիոն, ինչպես նաև մի շարք վավերագրական և ուսուցողական ֆիլմեր։ Որոշ նախագծեր ավելի մեծ և առանցքային ազդեցություն են ունեցել։ Կինոյի ուղղությամբ ստեղծագործական ճանապարհիս սկիզբը համարում եմ Մատենադարանի մասին ուսուցողական հոլովակը, որը ստեղծել եմ 2018թ․ — ին, որպես դպրոցական հանձնարարություն։ Այն գերազանցեց սպասումները և ոգևորեց՝ նոր հաղորդաշար ստեղծելու համար։ Այդպիսով ստեղծեցի ուսուցողական ֆիլմեր Սասնա Ծռերի, Օպտիկայի, Մինաս Ավետիսյանի, Հարության տոնի, Տիեզերքի, Մարտիրոս Սարյանի, Պարգև Փարադյանի՝ իմ պապու, Ռոբոտաշինության և Էներգիայի մասին։ Մայրս գրում էր տեքտը, ես ընթերցում և մոնտաժում էի։ Այդ հաղորդումների շարքը ձևավորեց պրակտիկ գիտելիքներ նման նյութերի հետ աշխատելու վերաբերյալ, ինչն այժմ էլ արտահայտվում է, երբ նոր ուսուցողական ֆիլմեր եմ ստեղծում, ինչպիսիք են Մխիթարյան միաբանությանը նվիրված հաղորդումները և Clean up — ի տեխնոլոգիաների մասին ծավալուն նյութը։

Դեռևս վաղ շրջանում հաղորդաշարին զուգահեռ սկսեցի հետաքրքրվել և խորանալ մուլտիպլիկացիայի ոլորտում։ 2019թ․ — ին ստեղծեցի իմ առաջին անիմացիոն ֆիլմը՝ <<Արեգակը>>, որը հիմնված է Լիլիթ Հակոբյանի համանուն հեքիաթի վրա։ Այն չնայած գրեթե զուրկ է սահուն անիմացիայից, սակայն մի նոր աշխարհ բացեց, և հիմա դիտելով այն զգում եմ մանկությանս տարիների շունչը, որն կորիզի պես կա հաջորդող բոլոր ֆիլմերումս։ <<Արեգակ>> անիմացիոն ֆիլմում առաջին անգամ ներառեցի <<Zard studio>> անվամբ անիմացիոն նախադրվագը, որը մինչև <<Ճանապարհ>> կարճամետրաժ ֆիլմը վերածվեց խորհրդանշի։ Անիմացիոն ֆիլմը ստեղծեց հետաքրքրություն գեղարվեստական ժանրի նկատմամբ, որը հետագայում դարձավ որոշիչ։ Մի քանի հերթական ուսուցողական հաղորդումներից հետո, ամռան արձակուդին՝ Մեղրի քաղաքում, մանր շինարարական քարերով Կարմիր գլխարկի մասին մուլտֆիլմ պատրաստեցի։ Այն նոր մակարդակ և մոտեցում էր, դա տեղի ունեցավ նույն 2019թ․ — ին։ Մեղրիում ստեղծեցի ևս մեկ մուլտֆիլմ, իսկ ամառային արձակուրդից հետո առաջին անգամ մուտք գործեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, դա մի նշանակալի իրադարձություն էր ինձ համար։ Այն բոլոր ստեղծագործությունները, որոնք մինչ այդ ստեղծել էի, ինքս ինձ և ընտանիքիս անդամների համար, այստեղ նորովի վերագնահատվեցին և ցուցադրվեցին Մարմարյա սրահում։ Այդպիսով սկսվեց բուռն գործունեությունը, արդեն որպես մուլտիպլիկատոր։ Ծանոթացա թվային տեխնոլոգիաների, սկսեցի ուսումնասիրել 3D — ն, ծրագրավորում, բավականին ժամանակ համագործակցեցի ընկեր Ստելլայի հետ Միջին դպրոց TV նախագծի շրջանակում։ Զուգահեռ այդ ամենին ստեղծում էի նոր մուլտֆիլմներ՝ փորձարկելով տարբեր անիմացիոն տեխնոլոգիաներ, չնայած հիմնական եղանակը մնում էր stop motion — ը։ Եվ մեկ առանցքային նախագիծ դարձավ <<Բնակավայր առանց պատնեշների>> մուլտֆիլմը, այն նվիրված է դպրոցական համանուն ծրագրին, որն ուղղված էր պահպանել դպրոցների միջև հիմնական ճանապարհը։ Այդ մուլտֆիլմի երաժշտությունը գրեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։ Նա եկել էր մեր դպրոց, որպես հյուր և միջոցառումից հետո, երբ գնում էի Միջին դպրոցի ակումբի կողմ հանդիպեցի նրան։ Ընկեր Սյուզին, որն այդ պահին ուղեկցում էր Մաեստրոյին, ներկայացրեց ինձ, որպես մուլտիպլիկատոր, որից հետո Մաեստրոն առաջարկեց գրել երաժշտություն նոր մուլտֆիլմի համար։ Այդ խոսքերն ավելի նշանակալից դարձան, երբ ընկեր Լուիզան ոգևորված ասեց նույն բանը։ Դա համընկավ <<Բնակավայր առանց պատնեշների>> մուլտֆիլմի ստեղծման հետ և որոշեցի օգտվել հնարավորությունից։ Արդյունքում Ռոբերտ Ամիրխանյանը գրեց հրաշալի կոմպոզիցիա, որը հնչում է ամբողջ մուլտֆիլմի ընթացքում։ Այդ մուլտֆիլմից հետո որոշեցի ստեղծել նորը, սակայն այդ անգամ ավելի համակարգված և պատրաստված, մինչ այդ գրեթե բոլոր անիմացիոն ֆիլմերը ստեղծում էի ընդամենը մի քանի օրում։ Այդպիսով սկսվեց Ձմեռ պապու մասին մուլտֆիլմի պատրաստությունը։ Այս անգամ բավական երկար ժամանակ ընտանիքիս անդամների հետ պատրաստեցինք անհրաժեշտ տների և դրսի միջավայրի մակետները և հերոսներին, ապա սկսեցինք նկարահանել՝ հեռախոսի փոխարեն օգտագործելով տեսախցիկ և համապատասխան համակարգչային ծրագիր։ Մուլտֆիլմի մեծ մասը նկարահանված էր, երբ այն ընդհատվեց այլ նախագծի պատճառով։ Խոսքը գնում է <<Ճանապարհ>> կարճամետրաժ ֆիլմի մասին։ Դրա ստեղծման մտահաղացումը ծագեց ընկեր Մերիի՝ գրականության դասընթացի շրջանակում հանձնարարված նախագծից։ Առաջադրանքն ուներ մեկ պայման, որ իրականացվող նախագիծն առնչվի գրականության հետ, այդ պատճառով որոշվեց ֆիլմը նկարել Հերման Հեսսեի <<Դժվար ճանապարհ>> ստեղծագործության հիման վրա։ Այն ժամանակ իմ իմացությունները կինոյի ասպարեզում սուղ էին, և չէի պատկերացնում նախագծի իրական մասշտաբը։

Այն նախատեսվում էր իրականացնել մինչ այդ շաբաթվա ավարտ, սակայն արդյունքում տևեց մոտ երկու տարի։ Այդ ֆիլմի ստեղծումը մի առանձին պատմություն է, միայն նշեմ, որ հենց այդ նախագիծը ինձ համար դռներ բացեց դեպի կինոյի լայն աշխարհ։ Այն հետագայում ցուցադրվեց կրթահամալիրում և Նարեկացի արվեստի միությունում, և ջերմ գնահատվեց հանդիսատեսի կողմից։ Այդ ֆիլմից հետո սկսեցի ինքնուրույն ուսումնասիրել կինոարվեստը, մասնավորապես ռեժիսուրան։ Դպրոցում պարբերաբար կատարում էի նախագծեր, ինչպես նաև սովորող-սովորեցնող նախագիծը։ Որպես դպրոցական գործունեություն բազմիցս լուսաբանել եմ հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումները՝ լուսանկարների տեսքով։ Ունեմ բազմաթիվ վերլուծություններ գրականության առարկայից, որոնք առնչվում են նաև կինեմատոգրաֆիայի հետ՝ Վիլյամ Սարոյանի <<Իմ սիրտը լեռներում է>>, Քաջ Նազարը, Շիրվանզադեի <<Նամուսը>>, Անուշ Ասլիբեկյանի <<Մերսեդեսը>> և այլն։ Ինչպես նաև ընկեր Մարգարիտի գլխավորությամբ, համադրելով գրականությունը սովորող-սովորեցնող նախագծի հետ, էկրանավորեցինք հայկական մի քանի դարձվածքներ։ 2025թ․ — ին մասնակցեցի <<Կինոդպրոց առանց սահմանների>> նախագծին և իմացա ավելին սցենարի կառուցման մասին։ Հետո ինձ՝ որպես այդ դասընթացների ակտիվ մասնակից, առաջարկեցին երեք օրով մեկնել Մոսկվա՝ մասնակցելու Մանկական միջազգային արվեստի ֆոռումնին։ Այդ երեք օրը անմոռանալի անցան և շատ հագեցած։ Այս պահի դրությամբ հիմնականում պարապում եմ քննությունների համար՝ զուգահեռ աշխատելով մասնագիտության շրջանակում որոշ նախագծերի վրա։
Оставить комментарий