«Անհաղթ Նազար, քաջ Նազար, մին կզարկի, ջարդի հազար», այս նախադասությունը ծանոթ է կարծես թե բոլորիս դեռ մանկությունից։ Սա այն գրությունն է, որ Նազարի դրաշակի վրա էր, և ահ ու սարսափ էր տարածում այն ընթերցողների մոտ։ Քաջ Նազարի պատմությունը հայտնի է դեռևս ժողովրդական բանահյուսությունից, և պատահական չէ, որ այն մշակել են տարբեր հեղինակներ։ Այս աշխատանքում կհամեմատեմ որոշ տարբերակներ, ավելի կոնկրետ Հովհանես Թումանյանի, Դերենիկ Դեմերճյանի և Ստեփան Զորյանի Նազարներին, ինչպես նաև թեմայի վերաբերյալ հայտնի էկրանավորումները։
Նախ և առաջ կարևոր է հասկանալ, որ Թումանյանը ու Զորյանը Նազարի մասին պատմությունը գրել է, որպես հեքիաթ, իսկ Դեմերճյանը որպես պիես՝ թատերական սցենար։ Եթե հեքիաթի բովանդակությունը ավելի ազատ շարադրանքի է ենթակա է, և հնարավոր է կիրառել այնպիսի ապստրակտ արտահայտություններ ինչպիսին են՝ «Որ շատ կռվում է …», «Պատմում է իր քաջությունը», «Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում», «Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար», «Դու մի՛ ասիլ՝ էս աղջիկը ուզած է լինում հարևան երկրի թագավորը», «Զորքերը կարծում են Քաջ Նազարը հարձակվեց» և այլն, պիեսը պետք է բացի բոլոր չակերտները և պարզագույն մակարդակի վրա բացատրի՝ ցույց տա, այդ իրադարձությունները։ «Որ շատ կռվում է …» — ի փոխարեն պիեսում հստակ նկարագրվում են կռվի գործողությունները և դիալոգները, «Պատմում է իր քաջությունը» — ի փոխարեն Նազարի հստակ խոսքերը՝ պատմելը, որ պետք է արտաբերի դերասանը բեմի վրա։ Թումանյանական «Քաջ Նազարը» ավելի բաց է ցույց տալիս աշխարհը, չի խուսափում Նազարին տանել ամենատարբեր միջավայրեր, պատմողական ձևով տեղեկացնում է ընթերցողին տարբեր բաների մասին, եթե պետք է, որ Քաջ Նազարի լեգենդը ժողովրդում տարածվի բավական է հենց այդպես էլ գրել։ Պիեսում բոլոր գործողությունները հարմարեցված են թատերական բեմում ներկայացնելու համար, միջավայրերն այդքան էլ շատ չեն փոխվում, որոշ տեղերում նկարագրվում է, թե դերասանը բեմի որ մասում է շարժվում, յուրաքանչյուր գործողություն բավականին մանրամասն է նկարագրված, և ի տարբերություն հեքիաթային ձևի մենք ավելի շատ ենք կլանվում իրադարձությունների մեջ, և ավելի շատ ենք հավատում ներկայացվող իրադարձություններին։ Կինոյում նոր աշխարհի համոզիչ լինելու գլխավոր բաղադրիչն է նրա մտածվածությունը և մանրակրկտությունը, որքան խորն է մտածված յուրաքանչյուր դետալ, այնքան համոզիչ և բնական է էկրանի աշխարհը։ Այս դեպքում դա բացակայում է երկու տարբերակում էլ, Նազարի հեքիաթում երևում են շատ ընդհանրական նկարագրած գործողություններ, իսկ պիեսում մանրակրկիտ նկարագրած, սակայն բեմի սահմաններում փակված։ Դեմերճյանի Քաջ նազարը մեծ հաշվով հիմնված է դիալոգների վրա, թատրոնի համար դա բնական է, ինչը չի կարելի ասել կինոյի մասին, այդ պատճառով էլ համարում եմ որ «Քաջ Նազար» ֆիլմը կարող էր ավելի լավ ստացվեր, եթե ավելի մանրակրկիտ թարգմանեին գեղարվեստական լեզուն կինոյի լեզվի, սակայն դրա մասին ավելի ուշ։ Թումանյանի «Քաջ Նազարը» ավելի շատ պարունակում է գլխավոր սյուժետային կետեր, և ընդհանուր առմամբ ավելի խտացրած է։ Կան բազմաթիվ տարբերություններ այդ երկու գրական ստեղծագործությունների միջև, ես կանդրադառնամ դրանցից որոշներին։
Դեմերճյանի «Քաջ Նազարը» պիեսում կան գործող հերոսներ, որոնք կամ պարզապես չկան Թումանյանի տարբերակում կամ էլ մեծ դեր չեն խաղում։ Օրինակ, Նազարի կինը՝ Ուստիանը, Դեմերճյանի տարբերակում ավելի մեծ նշանակություն ունի, Թումանյանի հեքիաթում նրա անունը չի տրվում, և նա երևում է միայն սկզբում և Նազարի հեռանալուց հետո ոչ մի դեր չի խաղում։ Դեմերճյանի Ուստիանը բացի այն որ էջերով դիալոգային, վեճային տեսարաններ ունի Նազարի հետ, նաև երևում է երեքից չորս անգամ՝ սկզբում, ապա երբ նազարը ձիով տուն է վերադառնում, և արդեն ամրոցում։ Բացի դա, հենց ՈՒստիանի շնորհիվ այդ երկու ստեղծագործությունների վերջաբաններն ահագին տարբերվում են, Թումանյանի Նազարը վերջում մնում է թագավոր և վայելում է իր բախտի նվերները, իսկ Դեմերճյանի Նազարին վերջում մատնում է ՈՒստիանը, որովհետև վերջինս այլ թագավորների կնիկների հետ էր ուզում լինել։ Այսինքն այս դեպքում Նազարը պատժվում է, և նրա ստի վրա հիմնած պաշտոնն այնքան էլ կայուն չի լինում։ ԵՎս մեկ տարբերություն, որը խոսքիս մեջ արդեն նշեցի, այն է, որ նազարը ետ է գալիս ՈՒստիանի մոտ։ Հեքիաթում նման դրվագ չկա, Նազարն այնտեղ ճանճերին խփելուց հետո որոշում է ընդմիշտ հեռանալ տնից, գնում է հոգևորականի մոտ և խնդրում է գրել դրոշակի հայտնի տեքստը, վերջինս, որպես կատակ անում է դա, և Նազարը շարունակում է ճամփան։ Որքան հեռանում է տնից այնքան վախենում է, որքան վախենում է այնքան բարձր գոռգոռում է, արդյունքում մի միամիտ գյուղացի տեսնելով Նազարին վախենում, ձին թողնելով փախչում է, Նազարը տեսնում է ձին հեծնում է այն և շարունակում է ճամփան։ Դեմերճյանի տարբերակում նախ Նազարը չէ գնում հոգևորականի մոտ, այլ ինքն իրեն գովում է, ինչը լսելով գալիս է մի «ցնդած Տիրացու» ով նույնպես Նազարին գովում է, պատրաստում է դրոշակը և տալիս Նազարին։ Նազարը նույնիսկ սկզբում չի հասկանում դրոշակի իմաստը, հետո Տիրացուն Նազարին ասելով «Դի՛ր համայիլ այդ ծոցիդ և հաղթիր թշնամյաց», ուղարկում է Նազարին ճամփա։ Նազարը գնում է, կրկին ինքն իրեն խոսում է, ավելի շատ հերոսի դերի մեջ մտնելով, սակայն այս դեպքում նրան հանդիպում է ոչ թե պարզապես մի միամիտ գյուղացի, այլ Սաքոն և Ոսկանը, որոնցից առաջինը բավականին նշանակություն է ունենալու հետագա պատմության մեջ, երկուսն է թաքնված տեղից հետևում են Նազարին և սարսափում նրանից, Նազարը նկատում է, որ այդտեղ մարդ կա, նրանք փախչում են, Նազարն էլ է փախչում, սակայն հետո վերադառնալով տեսնում է ձին, որն առնելով վերադառնում է ՈՒստիանի մոտ։ Ի դեպ, այս դեպքում Նազարը չուներ նժույգ, ինչպես հեքիաթում, որտեղ նշվում է, որ նա էշով է գնում։ Արդյունքում ՈՒստիանը չի գնահատում Նազարի բերած ձին և կրկին վռնդում է նրան, որից հետո Նազարը գնում և հանդիպում է մարդկանց հացուխում անելուց, այնտեղ ներկա է լինում մի շատ կարևոր հերոս՝ Թամադան, ով չկա Թումանյանի հեքիաթում, մարդիկ սկզբում կաշկանդվում են և կասկածներով են նայում Նազարին, Թումանյանի հեքիաթում նրանք հենց սկզբից գրկաբաց հրավիրում են նրան, ապա երկու աղբյուրներում էլ իրար ականջ շշուկով փոխանցելով հարցնում են, թե ով է, հերթը հասնում է Տերտերին՝ ով ընթերցում է դրոշակի վրայի գրածը, և փոխանցում է նույն կերպ մնացածին։ Բոլորն, զգուշանալով Նազարից, սկսում են գովել նրան, և ձևացնել, որ ճանաչում են։ Հետո Դեմերճյանի տարբերակում գալիս են Սաքոն և Ոսկանը, այդ նույն երկուսը որոնց ձին Նազարը տարել էր։ Ժողովրդի հարցին ի պատասխան, թե որտեղ է ձին, Սաքոն սկսում է ճոխացրած պատմել մի իրադարձությունը՝ իրեն հերոս սարքելով, Ոսկանը առաջինն է նկատում, որ Նազարն այդտեղ է, և վախեցած փորձում է Սաքոյին զգուշացնել, ով պատմելով կլանված նրան չի լսում։ Վերջում, երբ մարդիկ հարցնում են, ո՞վ էր այդ մարդը, Սաքոն պատասխանում է «Քաջ Նազարն էր»։ Բոլորը սարսափած լռում են, ասում էն «Սուս, քաջ Նազարը ստեղ է։» Սաքոն տեսնելով Նազարին նույնպես սարսափում է։ Այդ փոքր, հումորային և սյուժետային գծերն իրար կապող դրվագը պատճառ է դառնում, որ Նազարին ավելի հարգեն, Քանզի բացի Նազարի խոսքերից և դրոշակի գրվածքից, Նազարի մասին լսում են նաև մեծապատիվ Սաքոյից։ Ի դեպ այդտեղ ներկա էին երկու գյուղերի ներկայացուցիչներ՝ պարզաշենցիներ և զոռբաշենցիներ։ Դա ևս մեկ հումորային և հետաքրքիր դրվագ է, բոլոր ծանր աշխատանքները զոռբաշենցիները զոռբայաբար գցում են պարզաշենցիների վրա, ովքեր հնազանդաբար կատարում են, և պարզաշենցիները միակ մարդիկ են, ովքեր շարունակաբար չեն հասկանում ինչու՞ են գովում հենց Նազարին, եթե նա փաստացի ոչինչ չի արել։ Թամադան Նազարին առաջ տանող հիմնական կերպարներից է, նա իր ճարտար խոսքը ուղղում է Նազարի արարքներին մեծ նշանակություն տալուն և Նազարին գովելուն։ Փաստացի հենց նրա շնորհիվ է հիմնական հաշվով Նազարը դառնում թագավոր։ Մի գուցե նա այդ ամենն անում է սեփական շահերը հետապնդելով, կամ էլ իրոք հավատում է Նազարի մեծությանը և վախից է ուզում նրան լավություն անել։ Գյուղացիները Նազարին պատմում են յոթ հսկաների մասին, և Նազարին ուղղում են այն մտքին որ նա պետք է այդ հսկաների հողերը գրավի։ Ահա ևս մեկ տարբերություն, Թումանյանի հեքիաթում հսկաների հատվածը կապ չունի այդ մարդկանց հետ, այդ սեղանի մոտի պատմությունը՝ ավելի կոնկրետ, պարզապես հարսանիքի պատճառ է դառնում, որ Նազարի մասին լուրերը տարծվեն, և դա անմիջական կապ չունի հսկաների հետ, Նազարը գնում է հսկաների մոտ, ովքեր, ընդհամենը դրոշակի վրայի գիրը կարդալով արդեն, սարսափում են նրանից, և Նազարին պատվով տանում են պալատ։ Վագրի պատմությունն էլ Թումանյանի տարբերակում տեղի է ունենում հսկաների մոտ՝ հսկաների վրա է հարձակվում վագրը, որին հեծնելու է Նազարը։ ԵՎ հսկաները նրան ամուսնացնում են իրենց քրոջ հետ։ Դեմերճյանի պիեսում այդ իրադարձություններից որոշ հատվածներ կան, սակայն այլ հերթականությամբ և ոչ լիարժեք նույն կերպ։ Երբ Նազարին պատմում են հսկաների մասին, դեռ չգնացած հսկաների մոտ, վագրը հարձակվում է գյուղացիների վրա, Նազարը նույն կերպ ծառն է բարձրանում, ընկնում է վագրի վրա, Թամադան պարզաշենցիներին հրամայում է սպանել վագրին, քանի «Նազարը պահում է նրան», որն էլ անում են պարզաշենցիները, Թումանյանի դեպքում Նազարը և մի շարք գյուղացիներ գնում են հսկաների մոտ՝ հողը գրավելու։ Դեմերճյանի տարբերակում հսկաները ոչ թե վախենում են մի դրոշակից, այլ նրանց այդ վախը ներշնչում է Տերտերը, ով ուղարկված էր գյուղացիների կողմից, որպեսզի գտներ հսկաներին։ Հսկաները բռնում են Տերտերին, լիարժեք չեն հավատում նրա խոսքերին, սակայն երբ տեսնում են, որ Նազարենք եկել են, սարսափում են։ Դրան գումարվում են Նազարի և գյուղացիների խոսակցությունները, հսկաները փորձում են թաքնվել, սակայն գյուղացիները նրանց նկատում են, հսկաները վախից դուրս են գալիս և աղաչում են Նազարին իրենց խղճալ՝ խոստանալով կատարել նրա հրամանները։ Նազարը սկզբից վախենում է, հետո մտնում է դերի մեջ։ Այդ պահին հսկաներից առաջնորդի դերում լինում է Ղոռոբուղան, նշվում է ևս մի քանի հսկաների անուններ։ Հետո հսկաներն իրենց թագավորի դեմ կռվով Նազարին դարձնում են թագավոր, և ոչ միայն մի երկրի։ Նազարը դառնում է մի ամբողջ կայսրության արքա։ Նրա թագավորելու ժամանակ, նա, իր պաշտոնը չարաշահելով, ձեռ է առնում ծառաներին։ ՈՒղարկում է պարզաշենցիներին կռվի, և թագավորական խոհարարի գլուխը կտրել է տալիս՝ բրնձի հատիկի պատճառով։ Ստեղծագործության այդ հատվածում բազմաթիվ նկարագրություններ կան նրա թագավորելու վերաբերյալ, որ իմաստ չեմ գտնում ամբողջովին պատմել։ Միայն թե նշեմ, որ Թումանյանի հեքիաթում հսկաները Նազարին ամուսնացնում են ինենց քրոջ հետ, պարզվում է, որ հարևան թագավորը ուզած էր եղել Նազարի նոր կնկանը, և հարձակվում է նրանց թագավորության վրա։ Իսկ Դեմերճյանի պիեսում պարզապես նրանց կայսրության վրա հարձակվում են հարևան թագավորությունները, որոնք նույնպես պարտվում են։ ԵՎ այդ թագավորությունների թագավորների կանայք, իմանալով Նազարի մասին սիրահարվում են նրան և գալիս են Նազարի մոտ, որից էլ ՈՒստիանը բարկանում է։ Երկու տարբերակներում էլ կռվի հաղթանակը վերագրվում է Նազարին, Թումանյանի հեքիաթում Նազարը ցանկանում է ծառը բարձրանալ, հակառակորդի զորքը կարծում է նա ուզում է ծառը արմատախիլ անելով հարձակվել նրանց վրա, և վախից փախչում են։ Նման դրվագ կա նաև պիեսում, սակայն այն պահին, երբ հսկաները խոնարհվում են Նազարի առաջ, որ նա նրանց խղճա, այդ ժամանակ Նազարը վախից ուզում է ծառը բարձրանալ, հսկաները կարծում են, որ ուզում է արմատախիլ անել ծառը, որ հարձակվի, և համոզում են Նազարին՝ խոստանալով նրա բոլոր հրամանները կատարել։ Այդ ժամանակ միայն Նազարը հասկանալով դերի մեջ է մտնում։ Իսկ մյուս կռվի ժամանակ ասում են, թե հակառակորդը վախեցավ միայն Նազարին տեսնելուց։
Կան այլ բազմաթիվ տարբերություններ, որոնց մասին դեռ կարելի է երկար խոսել։ Անկախ ամենից այս երկու ստեղծագործություններն էլ մեկ ճյուղից ծագած պտուղներ են։ ԵՎ ընդհանուր առմամբ պահպանում են նույն միտքը։ Պիեսում, իչպես բնական է, ավելի շատ են հերոսները, և ավելի մանրակրկիտ որշված բնավորություն ունեն, ավելի շատ է հումորը, թե՛ հերոսների ձայնարկություններով, թե՛ սյուժետային հետաքրքիր գծերով և թե՛ հերոսների դիալոգների բովանդակությամբ։ Այն հագեցած է ոչ միայն հումորային, այլ նաև ավելի սուր և դրամատիկ, լարվածություն առաջեցնող դրվագներեվ։ Քաջ Նազարի մասին պատմությունը ավելի ամբողջական հասկանալու համար լավ է նայել տարբեր օրինակներ և մշակումներ։
Կա նաև ֆիլմ Նազարի մասին, հիմնված Դեմերճյանի ստեղծագործության վրա։ Խոսքը գնում է 1940թ․ ի «Քաջ Նազարը» ֆիլմի մասին։ Այնտեղ կան կրճատումներ և տարբերություններ, ֆիլմը սկսվում է հենց այն տեսարանից երբ Նազարը զարկում է ճանճերին, այստեղ էլ հոգևորականը է Նազարենց տուն, սակայն այս անգամ նրան բերում է Նազարը և ինքն է խնդրում պատրաստել դրոշակ, Սաքոն և Ոսկանը կարծես տան մոտակայքում են գտնվում, հսկաները վախենում են Նազարից, ո՛չ թե Տերտերի խոսքերը լսելուց, այլ տեսնելուց, թե Նազարն ինչպես է վագրին հեծնել, Նազարի արդեն թագավոր ժամանակվա կռիվը և դրա հաղթանակը չեն ցույց տալիս, այդ պատճառով պարզ չէ, թե ինչպես են հարևան երկրների կանայք թողել եկել Նազարի մոտ, այն ժամանակ, երբ նրանց ամուսինները կռվում են Նազարի կայսրության դեմ։ Ընդհանուր առմամբ ֆիլմի սցենարն ունի բավականին շատ կրճատումներ, և կատարված է թատրոնի ոճով։ Հիմա դա այդքան էլ ողջունելի չէ կինեմատոգրաֆիայում, սակայն այն ժամանակվա համար դա սովորական էր։ Ֆիլմերը նկարում էին հիմնականում թատրոնի մասնագետները, և ընդհանուր կինոարվեստն այդքան էլ զարգացած չէր։ Իսկ ինչ վերաբերվում է պատմության զարգացման հիմնական ուղղություններին, այն համապատասխանում է բնօրինակին՝ Դեմերճյանի «Քաջ Նազարը» պիեսին։
Քաջ Նազարի պատմությունը վերածվեց նաև մուլտֆիլմի, որը նկարել է Ռոբերտ Սահակյանցը։ Մուլտֆիլմը կարծես Թումանյանի և Դեմերճյանի տարբերակների խառնորդ լինի՝ Սահակյանցի մշակմամբ։ Այստեղ Նազարը ոչ թե խփում է ճանճերին, այլ քթի մոտի ճանճի պատճառով փռշտում է, որից էշը մուլտիպլիկացիոն եղանակով թռնում է, և պատը որին կապած էր էշը փլվում է։ Մուլտֆիլմի ամբողջ ընթացքում հիմնականում Նազարի ուժը ցույց տվող հանգամանքը լինում է նրա փռշտոցը, հսկաների մոտ նա փռշտում է, և հենց այդ պահին ժայտքում է հրաբուխը, որից էլ քանդվում է հսկաների պալատի մի մասը։ Հսկաները սկում են վախենալ Նազարից հենց այդ պատճառով։ Իսկ թագավորը, որ ուզում էր ամուսնանալ հսկաների քրոջ հետ, ուշագնաց է լինում։ Նազարին ուզում են ամուսնացնել հսկաների քրոջ հետ, և այդ պահին գալիս է ՈՒստիանը, տեսնելով այդ դրությունը Նազարի վրա է հասնում։ Սակայն, ի տարբերություն պիեսի, հսկաներն ու գյուղացիները շարունակում են հավատալ Նազարի մեծությանը։ Կան այլ բազմաթիվ տարբերություններ, որոնք ավելի լավ կլինի տեսնել մուլտֆիլմը դիտելով։ Այն ունի հետաքրքիր լուծումներ և հագեցած է Սահակյանցական հումորով։
Նազարի մասին հեքիաթ ունի գրած նաև Ստեփան Զորյանը պարզապես արդեն «Անհաղթ Նազար» վերնագրով։ Այն ավելի շատ է տարբերվում թվարկված տարբերակներից, և լրացնում է դրանք։ Այս տարբերակում Նազարը սկզբում կին չի ունենում, սակայն ունենում է եղբայրներ, ովքեր նրան առհամարում են, չեն թողնում նրան անել բազմաթիվ բաներ, անվանելով Նազարին վախկոտ, թույլ, և այլն։ Դա բացատրում է Նազարի վախկոտության և աշխարհի դեմ խռովքի՝ ավիրելու ձգտման, պատճառը։ Այս պատմությունում Նազարն ավելի դրական կերպար է, քանզի մենք որոշ չափով հասկանում ենք նրան։ Սա իմ կարծիքով ևս մեկ հետաքրքիր տեսանկյուն է դիտելու հայտնի ժողովրդական հեքիաթին։ Զորյանի տարբերակում ընդհանուր պատմությանը թեկուզ և նույն դրվագներն է պարունակում և ունի նույն աղբյուրները, սդակայն բավականին տարբերվում է։ Զորյանի «Անհաղթ Նազար» հեքիաթի և դասական «Քաջ Նազար» — ի տարբերությունները ևս մի առանձին մեծ թեմա է։
Оставьте комментарий