Հռոմը հիմնվել է մ.թ.ա. 753 թ-ին Հռոմուլի կողմից (Հռոմուլը և Ռեմը երկու զույգ եղբայրներ էին, որոնց սնել էր գայլուհին): Այստեղից էլ Հռոմի անվանումը:
Հռոմը իր մեջ ամփոփում է հին աշխարհի մշակույթները՝ սկսած արևելյան միապետություններից և վերջացրած հռոմեական քաղաքակրթությամբ: Հռոմեական էթնոսի հիմքում ընկած են էթրուսկյան ցեղերը: Ենթադրվում է, որ էթրուսկները եկել են Փոքր Ասիայից: Մ.թ.ա 1-ին դարում նրանք արդեն խառնվել էին ուրիշ ազգերի հետ և, որպես ազգություն, վերացել էին:
Հռոմը կառուցվել է 7 բլուրների վրա, նրա առաջին թագավորը Հռոմուլն էր, իսկ վերջին յոթերորդ թագավորը՝ Տարկվինեոս Գոռոզն էր, որը սպանվեց Յունիոս Բրուտոսի կողմից:
Գայոս Հուլիոս Կեսար
Հուլիոս Կեսարը եղել է պետական, քաղաքական և ռազմական գործիչ, զորավար, գրող, պատմագիր: Նա մ.թ.ա. 63 թվականին ընտրվել է որպես մեծ քուրմ, իսկ մ.թ.ա. 61 թվականին նշանակվել Հեռավոր Իսպանիայի պրովինցիայի կառավարիչ։ Սերելով պատրիական ընտանիքից՝ Կեսարը հերթականությամբ հասել է բոլոր հռոմեական պաշտոններին և մեծ ճանաչում է ձեռք բերել։ Մ.թ.ա. 60 թվականին Կեսարը Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ ստեղծել է Առաջին Եռապետությունը։ Մ.թ.ա. 58 թվականից ավելի քան ութ տարի անցկացրել է <<բարբարոսների>>՝ ներկայիս Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի ու Բրիտանիայի տարածքներում՝ մղելով Գալլական պատերազմը և արժանանալով փառքի, որպես տաղանդավոր զորավար։ Մ.թ.ա. 49 թվականին նա անցել է Ռուբիկոն գետը և վերադարձել է Հռոմ։ Չորս տարի նա պայքարել է Պոմպեոսի սենատի կողմնակիցների դեմ։ Վարել է գթասրտության քաղաքականություն, սակայն միևնույն ժամանակ մահապատժի է ենթարկել իր մի շարք հիմնական հակառակորդներին։ Հասնելով լիակատար հաղթանակի հակառակորդների նկատմամբ՝ իր ձեռքում է կենտրոնացրել կոնսուլի իշխանությունը և դիկտատորի արտակարգ լիազորությունները: Հուլիոս Կեսարը հռչակվել է «հայր հայրենյաց», ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44 թվական), ստացել հաղթող զորավարի «իմպերատոր» պատվավոր տիտղոսը, դարձել է միապետ՝ պահպանելով կառավարման հանրապետական ձևերը։ Անցկացրել է վարչական, դրամական, տոմարական բարեփոխումներ։ Սակայն Յունիոս Բրուտոսի գլխավորությամբ մի խումբ սենատորների կողմից Կեսարը դավադրաբար սպանվում է, որից հետո Կեսարի քրոջ թոռը՝ Գայոս Օկտավիանոսը, վերցնում է նրա անունն ու ստանալով ժառանգության մեծ մասը՝ համաձայն կտակի՝ արդյունքում դառնում է առաջին կայսրը։
Հին Հռոմում ժողովուրդը բաժանվում էր 2 մասի` պատրիկների (ազնվականների) և պլեբեյների (հասարակ ժողովրդի): Հասարակական դասերով և կարգավիճակներով որոշվում էր քաղաքացիների ընտրական իրավունքը, որոնք ընտրում էին քաղաքացիական, ռազմական և կրոնական պաշտոնաներին: Պատրիկների ձայներն ավելի շատ կշիռ ունեին քան պլեբեյներինը, ինչը թույլ էր տալիս պատրիկյան փոքրամասնությանն ավելի մեծ իշխանություն ունենալ մի քանի անգամ ավելի պլեբեյներից:
Առաջին երկու դարերի ընթացքում Հռոմեական հանրապետությունը ընդարձակվեց կենտրոնական Իտալիայից և տիրեց ամբողջ Ապենինյան թերակղզում: Մյուս դարում նրանք ներխուժեցին Հյուսիսային Աֆրիկա, նվաճեցին Պիրինեյան թերակղզու մեծ մասը և ժամանակակից հարավային Ֆրանսիան: Դրանից երկու դար հետո մ.թ.ա. 1-ին դարում նրանց տիրապետության տակ անցավ ժամանակաից Ֆրանսիան, Հունաստանը և Միջերկրական ծովի արևելյան ավազանի մեծ մասը:
Օկտավիանոս Օգոստոս
Օկտավիանոս Օգոստոս կայսրը ծագումով եղել է հարուստ ընտանիքից, Հուլիոս Կեսարի քրոջ թոռն էր։ Մ. թ. ա. 44 թվականին որդեգրվել է Կեսարի կողմից, ըստ կտակի, հայտնվել է Հռոմեական Հանրապետության քաղաքական կյանքի կենտրոնում՝ ունենալով Կեսարի բազմաթիվ կողմնակիցների աջակցությունը։ Մ.թ.ա. 43 թվականին կեսարական Մարկոս Անտոնիոսի և Մարկոս Էմիլիանոս Լեպիդոսի հետ ստեղծել է Երկրորդ Եռապետությունը՝ ընդհանուր թշնամիների դեմ պայքարելու նպատակով։
Հռոմեական Կայսրության հիմնադիր Օկտավիանոս Օգոստասի օրոք՝ մ.թ.ա I-ին դար, Հռոմում ծավալվում է ակտիվ շինարարություն: Մ.թ.ա I-ին դարը ծաղկուն շրջան էր Հռոմի համար, ծաղկում է հելենիստական մշակույթը (Հին Հունաստանից ժառանգած), ծաղկում են ճարտարապետությունն ու պոեզիան (Վերգիլիոս՝ գրել է հռոմեացիների ծագումը գովերգող «Էնեական»-ը): Այդ ժամանակաշրջանում է կառուցվում հայտնի Կոլիզեումը: Ակվեդուկները՝ ջրատար կամուրջները, նույնպես հռոմեական շինարարական մտքի արդյունք էին: Հռոմում սկսվում է ակտիվ ճանապարհաշինություն:
Հռոմի ընդարձակումը սկսեց հանրապետության ժամանակաշրջանում, սակայն հասավ իր գագաթնակետին Տրայանոս կայսեր գահակալման ընթացքում։ Պետական միավորման երկարատև գոյատևման շնորհիվ, հռոմեական մշակույթը, օրենքներն ու կառավարման համակարգը մեծ ազդեցություն ունեցան Հռոմեական կայսրության տարածքում ապրող ժողովուրդների վրա։
III դարի վերջում, երկրի սահմանների պաշտպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Դիոկրետյանոս կայսրը Հռոմեական կայսրության տարածքը բաժանեց ենթակայսրերի միջև։ Հաջորդ դարերի ընթացքում կայսրությունը մի քանի անգամ կիսվեց արևմտյան և արևելյան հատվածների։ Իսկ Թեոդոս կայսեր մահից հետո՝ 395 թվականին, կայսրությունը բաժանվեց վերջնականապես: Արևմտյան Հռոմեական կայսրությունը դադարեց գոյություն ունենալ 476 թվականին, իսկ Արևելյան հատվածը դարձավ Բյուզանդական Կայսրություն և շարունակեց գոյատևել և նույնիսկ մի պահ վերականգնել էր Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունը։ Սակայն Բյուզանդական կայսրությունը ի վերջո կործանվեց 1453 թվականին, երբ մայրաքաղաք Կոստանդնոպոլիսը գրավվեց Օսմանյան թուրքերի կողմից և սպանվեց վերջին Կոնստանտին XI Կայսրը: