Ինչպես հայտնի է Հայկական լեռնաշխարհը եղել է հայ ժողովրդի բնօրրանը: Այդ մասին ամենավաղ հիշատակությունները մենք գտնում ենք շումերական արձանագրություններից: Մեր պատմությունը սկսվում է մ.թ.ա III-II հազ.-ից: Հայ ժողովրդի կազմավորմանը մասնակցել են մի շարք հնդեվրոպալեզու ցեղեր, որոնցից ամենախոշորներն էին Հայ և Արմեն ցեղախմբերը: Այստեղից էլ մեր ներկայիս Հայաստանի անվանումները: Տարածքի հնագույն պետություններ են եղել՝ Հայասան (Սև ծովի ավազանում), Արմենի-Շուպրիան (Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում), Սումխուն (Հայասայից հարավ), Նաիրին (Վանա լճի շրջակայքում), Էթիունին (Արարատյան դաշտավայրում), Դայան (Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում), Վանի Ուրարտու թագավորությունը (Հայկական լեռնաշխարհի հարավում):
Վանի թագավորությունը թվագրվում է մ.թ.ա 9-6րդ դդ.-ում: Համաձայն արքաների թողած արձանագրությունների երկիրը կոչվել է Բիայնիլի, երբեմն Նաիրի, իսկ ասորական արձանագրություններից հայտի է իբրև Ուրարտու: Թագավորությունը հիմնադրել է Արամեն արքան, որին հաջորդած Սարդուրի Ա թագավորը հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել է Վան (Տուշպա) մայրաքաղաքը:
Երկիրն իր ծաղկմանն է հասնում Մենուա Ա, նրա որդի Արգիշտի Ա և Սարդուրի Բ թագավորների օրոք, որոնք երկրի սահմանները ընդարձակում են դեպի հյուսիս: Արգիշտին գրավում է նաև Արարատյան դաշտավայրը և մ.թ.ա 782 թ.-ին հիմնում է Էրեբունին` որպես վարչական և տնտեսական կարևոր կենտրոն:
Ռուսա Բ թագավորից հետո երկիրը սկսում է անկում ապրել: Մ.թ.ա 6-րդ դարի առաջին կեսին վերջ է տրվում Ուրարտական պետության գոյությանը`քոչվոր ցեղերի հարձակումներից ու ներքին խռովությունների պատճառով:
Վանի թագավորությանը հաջորդում են` Երվանդունիների թագավորությունը (մ.թ.ա 6-2րդ դդ), Արտաշեսյան թագավորությունը (մ.թ.ա 2-1 դդ), Արշակունյաց թագավորությունը (1-5 դդ):
Մինչև 301 թ.-ը հայերը բազմաստված էին: Մեզ հայտնի առաջին հայկական պետության՝ Ուրարտուի ժամանակաշրջանում հովանավոր աստվածը Հայկն էր` իմաստության ու ջրերի աստված Հայայի որդին: Ավանդության համաձայն հայերը սերում են հենց դյուցազուն Հայկից:
Հին հավատալիքներում Արեգակը ներկայանում էր մանկան տեսքով, որը լույսի, կրակի և արդարության աստվածն էր: Մշտամանուկ Արեգակի սրտում ապրում էին 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա մեկ օր արդարություն էր պահում երկրի վրա:
Ուրարտական դիցարանն արձանագրված է Մհերի դուռ կոչվող ժայռի վրա: Այն ղեկավարում էին երեք գերագույն աստվածներ` արարիչ Խալդին, ռազմի և ամպրոպի աստված` Թեյշեբան և արևի աստված Շիվինին: Դիցարանը բաղկացած էր 35 աստվածներից և 35 դիցուհիներից: Ժայռը, որի վրա արված էր այդ արձանագրությունը , կոչվում էր Մհերի դուռ, քանի որ, ըստ մեր էպոսի, այնտեղ է փակվել Փոքր Մհերը:
Հաջորդող ժամանակաշրջանում հայ դիցարանը ևս գլխավորում էր եռյակ` երկնքի ու երկրի արարիչ, բոլոր աստվածների հայր Արամազդը, մայրության և պտղաբերության գերագույն դիցուհի Անահիտը և քաջության աստված Վահագնը: Դիցարանի մյուս աստվածներից ու դիցուհիներից են` Արեգ—Միհրը (արևի, լույսի, կրակի աստվածը, արդարության պահապանը), Տիրը (դպրության, գիտությունների ու արվեսըի հովանավորը), Նանեն (մայրության ու ընտանիքի հովանավոր դիցուհին), Աստղիկը (սիրո և գեղեցկության դիցուհին), Վանատուրը (հյուրընկալության աստվածը):