Անուշ Ասլիբեկյանը ժամանակակից նշանավոր հայ թատերագիրներից է, ով հեղինակել է մի շարք բեմադրությունների սցենարներ։ Նա նաև դասավանդում է Պետական Թատրոնի և Կինոյի ինստիտուտում։ Նրան հաջողվում է պիեսի դրամատրուրգիան կառուցել անսովոր եղանակով, օգտագործելով ասոցացիոն արվեստը։ Ներկա պահին ես դեռևս չեմ ընթերցել նրա բոլոր պիեսները և չեմ դիտել դրանց հիման վրա ստեղծված ներկայացումները, այնպես, որ այս էսսեն հիմնված է այնպիսի ստեղծագործությունների վրա, որոնք ինձ հաջողվեց գտնել համացանցում, մասնավորապես «Մերսեդես» պիեսի։ Եվ որպեսզի, ժամկետի մեջ տեղավորվելով անհիմն կարծիքներ չառաջանան, որոշեցի նյութն ուղղել մեկ ստեղծագործության վերլուծությանը։
Մերսեդես
Անուշ Ասլիբեկյանն ունի երկու տարբերակ այս ստեղծագործության, այն ինչ կընթերցեք քիչ ներքև հետևյալ աղբյուրի վրա է հիմնված՝ https://tatron-drama.am/archives/1146։
Պիեսը բաղկացած է երեք մասից, որոնք բաժանում են գլխավոր հերոսուհու՝ Զարուհու տարիքային տարբեր շրջաններ։ Նա ունի քույր Մերսեդես անունով, ով չի երևում բեմին, լսվում է միայն նրա ձայնը։ Մերսեդեսն ամբողջ ընթացքում նամակագրությամբ շփվում է Զարուհու հետ, նույնիսկ մի պահ տպավորություն է առաջանում, որ Մերսեդեսը Զարուհու երկրորդ եսն է, հնարավոր է դա լինի մտահաղացման շերտերից մեկը, չնայած դա ընդամենը ենթադրություն է։ Անկախ ամենից Մերսեդեսը շատ սերտ էր կապված Զարուհու հետ, չնայած գտնվում էր այլ երկրում։ Նրանց կապը կրկնակի անգամ շեշտում է այն, որ Մերսեդեսը լքում է այս աշխարհը՝ Զարուհու մահվան հետ զուգահեռ։ Իսկ հիմա եկեք սկզբից դիտարկենք պատմության բովանդակությունը և կառուցվածքը։ Զարուհին սփյուռքից վերադառնում է հայրենիք, Մերսեդեսը դեմ էր նրա որոշմանը, նա չէր հասկանում Զարուհու ձգտումը՝ դեպի հայրական երկիր վերադարձը։ Հայաստան հասնելուց և գնացքից դուրս գալուց սկսվում է երկրորդ ակտը, գլխավոր հերոսուհին հիասթափություն է ապրում։ Հեղինակն այդ զգացողությունը հիմնականում նկարագրել է Գյումրվա ավանդական ուտեստ՝ Քյալա, ուտելու սահմռկեցուցիչ տեսարանով, որը տհաճ զգացողություն կարող է առաջացնել թեկուզ Հայաստանի մյուս տարածաշրջանների բնակիչների մոտ։ Այս տեսարաններով նկարագրվում են Հայաստանի դժվար տարիները՝ սփյուռքից վերադարձած հայերի տեսանկյունից։ Իսկ քյալա ուտելու տեսարանը վիզուալ գործիք է՝ Զարուհու ապրումները փոխանցելու։ Այսուամենայնիվ նա ընտելանում է միջավայրին, աշխատանք գտնում, ամուսնանում, ունենում է երկու երեխա։ Սա արդեն նոր շրջան է, որը պարզապես նկարագրում է կյանքի ընթացքը, իր դժվարություններով։ Զարուհին պարբերաբար ստանում է նվերներ Մերսեդեսի կողմից։ Հիսունականներ են, Ստալինի մահից հետո երկրում նկատվում են բազմաթիվ բարեփոխումներ։ Սա արդեն երրորդ ակտն է, որի ժամանակ հանդիսատեսը կարողանում է շունչ քաշել։ Զարուհու երեխաներից մեկը աղջիկ է, մյուսը՝ տղա, ով ունի հոգեբանական խանգարում, այդ տեղեկությունը մտահոգություն է ավելացնում հանգիստ պահերին, և շեշտում նրանց ընտանիքի ծանր մթնոլորտը։ Իսկ դուստրը մեծանում է ակտիվ և համառ։ Զարուհու և նրա դստեր միջև առաջանում է թեթև անձնական կոնֆլիկտ, ավելի ճիշտ այն արտահայտվում է հիմնականում դստեր կողմից, և այդքան էլ միանշանակ չէ, ինչն ավելի բնական երանգ է հաղորդում նրանց հարաբերություններին։ Դուստրը մեծացել է բոլովին այլ միջավայրում, և այդ պահին գտնվում է տարիքային ակտիվ շրջանում, այդ պատճառով էլ այլ կերպ է մտածում։ Նոր սյուժետային գիծ ձևավորվում է, երբ դուստրը պատրաստվում է ամուսնանալ, Զարուհու ամուսինը մեկնում է Ռուսաստան՝ հարսանիքի համար բավականաչափ գումար վաստակելու, սակայն ձերբակալվում է։ Դուստրը փախնում է նշանածի հետ, Զարուհին մնում է միայնակ «Մերսեդեսի հետ», ով հոգեպես նրա կողքին է եղել բոլոր ծանր և հեշտ ժամանակաշրջաններում։ Որոշ ժամանակ անց պարզվում է, որ Զարուհու ամուսինը ազատվելուց հետո ամուսնացել է ռուս աղջկա հետ, սակայն գլխավոր հերոսուհին այդ լուրը հանգիստ է ընդունում, ինչպես կյանքի հերթական իրադարձություն, բացի այդ նա իմանում է որ տատիկ է դարձել, հետագայում տեսնում է իր թոռներին, երբ գալիս է նրա դուստրը։ Կարծես ամեն բան լավ է, Հայաստանն անկախացել է, հոգսերը ետևում են։ Ամենահարմար պահն է անցնել կուլմինացիային։ Զարուհին մահանում է։ Նրա դուստրը ինչ որ տեղ ուրախանում է։ Հենց այդ ժամանակ գալիս է Մերսեդեսի ուղարկած հերթական նվերը, որն այս անգամ անսովոր մեծ էր։ Հյուրերը գալիս են, սեղանին դնում են Մերսեդեսի ուղարկած պահածոները, նաև գտնում են մի փոշի, որի վրա ոչինչ գրված չէր, մտածելով, որ դա եվրոպական սնունդի հավելում է, այն ցանում են բոլոր ուտելիքների վրա և ուտում։ Ուշացումով գալիս է մեկ այլ նամակ, որտեղ գրված է Մերսեդեսի մահվան լուրը, և պարզվում է, որ այդ փոշին, որը տան անդամներն արդեն կերել էին, Մերսեդեսի մոխրացված աճյունն էր։ Այսպիսով «խեղճ Մերսեդեսը» ինքն է դառնում բազմաքանակ հյուրերի սնունդը՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով։
Ընդհանրապես փոխաբերական իմաստով ինչ-որ բան արտահայտելու հետաքրքիր ձև է, վերցնել տվյալ վերացական երևույթը խորհրդանշող առարկա և ֆիզիկապես անել դրա հետ այն, ինչ ցանկանում ենք անել՝ դրա հետ ասոցացվող վերացական առարկայի հետ։ Դա շատ պարզ օրինակ է, սակայն այս նույն մոտեցումը կարող է օգտագործվել ավելի նուրբ և այն սովորական հանդիսատեսի համար կաշխատի ենթագիտակցական մակարդակով, որն ավելի խորհրդավոր և հմայիչ է դարձնում գործողությունը։ Այս և այլ հնարքներ կարելի է դասել ասոցացիոն մոնտաժին, որը այս պահի հայտնագործած ամենաբարձր մոնտաժային գիտակցության կառուցվածքն է, և առկա է ամեն արվեստի, ամեն դետալում։ Ճիշտ է, մոնտաժ բառը հիմնականում վերաբերվում է կինոկադրերի կտրման և միացման արվեստին, սակայն իմ տեսանկյունից այն ընդամենը մի գործիք է մոնտաժի, որն էլ աշխատում է ասոցացիոն կապերի միջոցով։ Այս պիեսում գիտակցաբար կիրառված է «ասոցացիոն մոնտաժ», օրինակ հերոսուհու շոր կարելով գումար աշխատելը, ներկայացված է գնորդի՝ պարանից կախած շորը վերցնելով և փոխարենը գումար ամրացնելով։ Մենք մեր ասոցացիաների միջոցով, այս դեպքում, կյանքի փորձով հասկանում ենք, որ այդ մարդը գնեց շորը։ Սա հավանաբար պարզագույն օրինակներից է, որը ցույց է տալիս հանդիաստեսի ընկալման կառուցվածքը։ Մերսեդեսի ֆիզիկապես կերպարով չերևալը, և պարբերաբար հնչող ձայնը նրան ասոցացնում է Զարուհու հետ, և դա չի նշանակում, որ Մերսեդեսի անունը տալուց մենք պատկերացնում ենք Զարուհուն, կամ հակառակը։ Ասոցացիա ասելով ես նկատի ունեմ մեր գիտակցության մեջ առաջացած տարբեր առարկաների միջև բարդ կապը։ Պիեսի դրամատուրգիան ունի ինքնուրույն կառուցվածք։ Այնտեղ մասնավորապես մեկ հերոսի միջոցով ներկայացված է միջավայր, մթնոլորտ, հայրենադարձության գաղաբարը, և դրա արդյունքները։ Այստեղ չկա հստակ խրատ, այն որոշում է յուրաքանչյուր մարդ ինքն իր համար։ Իհարկե դրամատուրգիան անհնար է առանց կոնֆլիկտի որն այս դեպքում գերակշռաբար ներքին և արտաքինք է։ Ներքինն այդքան էլ ակտիվ չի արտահայտվում, չնայած պիեսը գրեթե ամբողջությամբ հերոսին ներքին ապրումներն է փոխանցում, Զարուհին այդքան էլ չէր տատանվում իր կարծիքների մեջ, նա պարզապես շարժվում էր այն կողմ ուր իրեն տանում էին իրադարձությունները, նրա հիմնական գործողությունը եղավ հայրենիք վերադառնալու ժամանակ, որից հետո գերակշռում էին մնացած հերոսների գործողությունները։ Արտաքին կոնֆլիկտը տեղի է ունենում «վիճակի» հետ։ Խոսքը գնում է պիեսում ներկայացված դժվար կյանքի մթնոլորտի մասին, այդ «էմոցիոնալ ճոճոնակն» է հիմնական շարժիչի դերը տանում։ Եվ, իհարկե, պատմությունն անավարտ կմնար առանց հայրենիք վերադառնալու գաղափարի, որից էլ ծագում են դժվարությունները։
Վերջին նամակը, որն ուշացումով հասնում է հյուրերին գրվել է մադամ Նեմեսիսի կողմից, ով Անօրեններին ու գոռոզներին ըստ արժանվույն պատժող աստվածուհու մարմնավորումն էր, որը Մերսեդեսի, միակ հայ հարևանուհին էր։
Ամփոփելով, նշեմ որ պիեսը հաջողված մոնոներկայացում է, որի դրամատուրգիան ուղղված չէ պարզապես էմոցիանալ տատանումներով հետաքրքրություն առաջացնելուն, այն ներկայացնում է իրական ճակատագրեր ու իրադարձություններ՝ թատերական գործիքներով։
***
Պիեսն, ըստ էության, մոնոդրամա է, որը հյուսվում է Զարուհու և նրա քրոջ` Մերսեդեսի նամակագրական կապի հիման վրա: Այս կերպ ցանկացել եմ ընդգծել հերոսների խորը միայնակությունը: Զարուհին գրեթե միշտ բեմում մենակ է ու զրուցում է քրոջ ձայնի հետ: Թվում է` Մերսեդեսն ամենուր է, կենդանի գործող կերպար, բայց նա այդպես էլ չի երևալու բեմում:գրում է Անուշ Ասլիբեկյանը պիեսի էպիլոգում
Оставьте комментарий