Ի՞նչ գիտեք սումգայիթյան ոճրագործության մասին։ Ովքե՞ր էին կազմակերպել այն։ Գնահատե՛ք այդ ոճրագործությունը։
Գորբաչովյան վերակառուցման (перестройка) և հրապարակայնության (гласность) քաղաքականության դրսևորումներից մեկը դարձավ արցախյան հիմնահարցի վերաբացումը։ 1988 թ․ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Խորհրդային Հայաստանին միավորելու հարցով խնդրանքով դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին և միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև՝ հարցի դրական լուծման համար։ Ի պատասխան արցախահայության արդարացի և իրավական որոշմանը՝ իրացնելու իր ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի հայաբնակ շրջաններում 1988 թ․ փետրվարից սկսվեցին հայ բնակչության ջարդեր և զանգվածային տեղահանություններ։ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը բռնի ուժով ճնշելու Ադրբեջանի քաղաքականության առաջին զոհը դարձավ Սումգայիթ քաղաքի հայ բնակչությունը։ Ինտերնացիոնալիզմի խորհրդանիշ համարվող քաղաքում 1988 թ․ փետրվարի 27-29-ը ոչնչացվում էր հայ բնակչությունը՝ բացառապես ազգային պատկանելիության համար։ Փետրվարի 28-ի երեկոյան՝ ջարդերի սկզբից երկու օր անց, բանակային ստորաբաժանումներ մտցվեցին Սումգայիթ, որոնք սակայն, չունեին ջարդարարների հանդեպ զենք գործադրելու իրավունք։ Զորքի անգործությունն ու ամենաթողությունը հանգեցրին վերջիններիս վրա ջարդարարների հարձակումներին։ Եվ միայն փետրվարի 29-ի երեկոյան խորհրդային բանակի ստորաբաժանումները դիմեցին վճռական գործողությունների, և հայ բնակչության ջարդերը դադարեցվեցին։
ԽՍՀՄ-ում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։
Վերակառուցումը հռչակվեց ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից, որը երկրի ղեկավար դարձավ 1985 թ․ մարտին։ Գորբաչովը և իր համախոհները հասկանում էին, որ երկիրը մտել է փակուղի և պարզ չէր, թե ինչպես դրանից դուրս գալ։ Ընտրվեց սոցիալիզմը կատարելագործելու ճանապարհը։ «Վերակառուցում», «նոր մտածողություն» և «արագացում» կարգախոսները դարձան Գորբաչովի ընտրած բարեփոխումների քաղաքականության հիմքը։ Առաջադրվեց նոր հայեցակարգ՝ ստեղծել սոցիալիզմի ժողովրդավարական տարաձև, այսպես կոչված՝ «սոցիալիզմ՝ մարդկային դեմքով»։
Ի՞նչը նպաստեց Արցախյան շարժման սկզբնավորմանը։ Ե՞րբ է սկսվել շարժումը և ո՞ր իրադարձությամբ։ Ղեկավար ի՞նչ մարմին և ե՞րբ ստեղծվեց, ո՞վքեր էին դրա առաջին անդամները։
1980-ական թվականների երկրորդ կեսին ԽՍՀՄ-ում տեղի են ունենում գաղափարախոսության, տնտեսական և քաղաքական կյանքի զանգվածային փոփոխություններ։ Ամբողջ համակարգի հիմնարար բարեփոխումը, ներառյալ քաղաքական փոփոխությունները, սկսվեց 1987 թվականի հունվարին, երբ ԽՄԿԿ Կենտկոմի պլենումում հայտարարվեց որպես նոր պետական գաղափարախոսություն։ Օգտվելով դրանից՝ հայերը նորից բարձրացրին 1920-ական թվականներից սկիզբ առած արցախյան հիմնախնդիրը։ Դեռևս 1987 թվականին Լեռնային Արցախում և Հայաստանում ստորագրությունների զանգվածային հավաք տեղի ունեցավ Լեռնային Արցախը ՀԽՍՀ տեղափոխելու պահանջով, որը նրա կազմակերպիչները անվանեցին «հանրաքվե»։ Դեկտեմբերի 1-ին արցախահայության պատվիրակությունը ստորագրություններ, նամակներ և պահանջներ հանձնեց Մոսկվայում ԽՍՀՄ Կենտկոմի ընդունելությանը։ 1980-ական թվականներին, ավելի հաճախացան Ադրբեջանի հայության ներկայացուցիչներին տարբեր պաշտոններից հեռացնելը։ Հուլիսից դեկտեմբեր Շամխորի Կոմկուսի շրջկոմի առաջին քարտուղար Ասադովը հայ բնակչության վտարման քաղաքականություն էր վարում Չարդախլու (Խաչիսար) գյուղից։ Ադրբեջանի ԽՍՀ ՆԳՆ ստորաբաժանումները բռնություններ իրագործեցին այդտեղ և հայաթափեցին այն։ Չարդախլուի և այլ հայկական բնակավայրերի դատարկմանն ի պատասխան՝ 1987 թվականի նոյեմբերից Հայաստանի Ղափանի ու Մեղրու շրջաններից սկսեցին աստիճանաբար վտարել ադրբեջանցիներին։ 1988 թվականի հունվարին գրող Զորի Բալայանի աջակցությամբ և Իգոր Մուրադյանի ակտիվ մասնակցությամբ արցախահայության նոր պատվիրակություն մեկնեց Մոսկվա, սակայն այս անգամ ոչ միայն դիմումներով, այլև 84 այլ փաստաթղթով, որոնք կապված էին Արցախի պատմության, ազգագրության, տնտեսության և մշակույթի հետ։ 1988 թ․ փետրվարին ստեղծվեց կազմկոմիտե՝ Իգոր Մուրադյանի նախագահությամբ, որը հաջորդած օրերից կոչվեց «Ղարաբաղ» կոմիտե, որի կազմը հետագայում համալրվեց: 1988-ի փետրվարի 26-ի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը։ Հանրահավաքը բացառիկ էր մասնակիցների թվի առումով: Ակնհայտ է, որ ժողովուրդը հասկացավ պահի պատմականությունը. «եթե չանենք հիմա, ապա հետո ուշ կլինի»: Արթնացել էր միավորման, համախմբման ոգին: ԽՍՀՄ քաղաքական ղեկավարությունը ի սկզբանե շարժման նկատմամբ բացասական դիրքորոշում որդեգրեց: Արցախում և Հայաստանում ընթացող հանրահավաքները ղեկավարության կողմից որակվեցին «սադրիչ», «ծայրահեղական»։
Հիմնական գծերով ներկայացրե՛ք Արցախյան շարժման էությունը և սկզբնական փուլը։
1․ 1988-ի փետրվարի 12-ին սկսվեց ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը:
Ամեն ինչ մեկնարկեց Հադրութի հանրահավաքից, որի մասնակիցները պահանջեցին Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը: Հանրահավաքի կազմակերպիչը Հադրութի երկրագիտական թանգարանի տնօրեն, իսկ ավելի ուշ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանն էր, «Կռունկ» կոմիտեի անդամներ Իգոր Մուրադյանը, Գրիգորի Հայրապետյանը, Էմիլ Աբրահամյանն ու այլոք: Հոմիտեն հետագայում վերափոխվեց «Ղարաբաղ» կոմիտեի:
2․ Դեկտեմբերի 1-ին ղարաբաղցի հայերի պատվիրակությունը ստորագրություները, նամակներն ու պահանջները փոխանցեց ՄոսկվայումԽՄԿԿ ԿԿ ընդունարան:
Խորհրդային իշխանություններին հասցեագրված խնդրագրի տակ 75-80 հազար ստորագրություն կար: 1988-ի հունվարին գրող Զորի Բալայանի և Իգոր Մուրադյանի ակտիվ աջակցությամբ Մոսկվա մեկնեց ղարաբաղցի հայերի նոր պատվիրակությունը, որը ոչ միայն ղարաբաղցիների նոր դիմումը փոխանցեց, այլև Լեռնային Ղարաբաղի պատմության, ազգագրության, տնտեսության ու մշակույթի վերաբերյալ 84 փաստաթուղթ:
3․ 1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ։
Սակայն ժողովրդավարական կամարտահայտման ու ամեն ինչ քաղաքակիրթ ճանապարհով տանելու յուրաքանչյուր քայլին հաջորդեց հայ բնակչության դեմ ուղղված բռնության ալիքը, հայ ժողովրդի իրավունքների համատարած ոտնահարումը, ժողովրդագրական էքսպանսիան, տնտեսական շրջափակումը և այլն: Սկսվեցին ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող Ադրբեջանի քաղաքաների՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Շամխորի հայ բնակչության ջարդերն ու զանգվածային սպանությունները, արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին: Ադրբեջանի քաղաքաների և գյուղերի մոտ 450 հազար հայ բակիչ փախստականներ դարձավ:
4․ 1991-ի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ շրջանային խորհրդի և Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Դեկտեմբերի 10-ին, ԽՍՀՄ պաշտոնական փլուզումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների ներկայությամբ հանրաքվե անցկացվեց, որտեղ բնակչության մեծ մասը՝ 99,89 տոկոսը արտահայտվեց Ադրբեջանից լիակատար անկախություն ստանալու օգտին: Դեկտեմբերի 28-ին դրան հաջորդած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարանը, որը ձևավորեց առաջին կառավարությունը: ԼՂՀ կառավարությունը ձեռնամուխ եղավ իր պարտականությունների կատարման լիակատար շրջափակման և դրան հաջորդած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում:
5․ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Ինչպես հայտնի է, պատերազմը սկսվեց 1991-ի աշնանը և շարունակվեց փոփոխական հաջողությամբ մինչև 1994-ի մայիս:
Եղավ մի ժամանակահատված, երբ ԼՂ տարածքի 60 տոկոսը օկուպացված էր, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտը և մյուս բնակավայրերը ենթարկվում էին չդադարող զանգվածային ավիահարձակումների ու գնդակոծությունների:
6․ 1992-ի մայիսի 9-ին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն ազատագրեցին Շուշին ու Լաչինի շրջանում միջանցք բացեցին՝ կապելով ԼՂՀ-ն Հայաստանին, դրանով իսկ մասնակիորեն ճեղքելով ԼՂՀ բազմամյա շրջափակումը:
7․ 1992-ի հունիս-հուլիսին ադրբեջանական բանակի հարձակման արդյունքում հակառակորդին հաջովեց զավթել ամբողջ Շահումյանի շրջանը, Մարտակերտի մեծ մասը, Մարտունու, Ասկերանի ու Հադրութի շրջանների մի մասը:
8․ 1992-ի օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսը բանաձև ընդունեց՝ դատապարտելով Ադրբեջանի գործողություններն ու արգելելով ԱՄՆ վարչակազմին կառավարական մակարդակով աջակցել այդ պետության տնտեսական զարգացմանը (Ազատության ակտի 907-րդ ուղղում):
9․1994-ի մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղզստանի և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը ստորագրեցին Բիշքեկի արձանագրությունը, որի հիման վրա մայիսի 12-ին նույն կողմերի միջև ստորագրվեց Հրադադարի մասին պայմանավորվածությունը։

Оставьте комментарий