«Իմ սիրտը լեռներում է» պիեսն ունի յուրահատուկ մթնոլորտ, որը բնորոշ է Վիլյամ Սարոյանի գրչին։ Այնտեղ չկա հստակ դրամատիկական կառուցվածք, սյուժեն ավելի շատ նման է իրական կյանքից վերցված մի պատմության։ Դա մի կողմից հետաքրքիր մոտեցում է՝ համոզիչ կերպով միջավայր նկարագրելու, մյուս կողմից՝ պատմությունը դարձնում է անհասկանալի և առանց միանշանակ սյուժետային գծերի։ Սարոյանը մի քանի անգամ այցելել է սովետական Հայաստան, որոնցից մեկի ժամանակ հեղինակին հարցրել են, — «Իմ սիրտը լեռներում է» պիեսի հերոսներն ունե՞ն նախատիպեր, — ինչին վերջինս պատասխանել է՝ «Նախատիպն այստեղ մեկն է՝ ես ինքս: Ես և՛ Ջոնին եմ, և Մաք-Գրեգորը: Ես տատիկն եմ, ես նպարավաճառի դուստրն եմ: Ես շատ եմ սիրում «Իմ սիրտը լեռներում է» պիեսը: Ես հպարտ եմ, որ այն բեմադրվել է Երևանում։ Որքա՜ն լավ է բեմադրել պիեսը Վարդան Աճեմյանը: Առնո Բաբաջանյանի երաժշտությունը մինչև հիմա հնչում է ականջներումս. ..»։ Այս պիեսն, ամենայն հավանականության, նկարագրում է Վիլյամի մանկության տարիները՝ նրանց ընտանիքի հյուրասիրությունը բոլորի նկատմամբ, պարզությունը, արտասահմանյան ավանդույթներին չտրված տատը։ Երբ դեռ չէի ընթերցել պիեսը, վերնագրից տպավորություն էր առաջացել, որ այն լինելու է հայկական լեռնաշխարհի նկատմամբ առաջացած կարոտի մասին, արդյունքում պարզվեց բացարձակ այլ պատկեր։ Իսկ «իմ սիրտը լեռներում է» արտահայտությանը ընթերցողը ծանոթանում է պիեսի հերոս միստր Մաք-Գրեգորի շուրթերից, որի համար սակայն առաջնային «հետաքրքրությունը» ուտելիքն էր, և նույնիսկ այն աստիճան, որ վերջինս համոզում էր իրեն հրամցնել հյուրընկալող ընտանիքի որդու՝ Ջոնիի պահած օձերին։ Հավանաբար նա պարզապես շատ սոված էր, և փոքր ընտանիքի չափազանց համեստ սեղանը չէր բավարարում նրա ախորժակը, չնայած մնացած անդամները բացարձակ չէին բողոքում, չնայած նույնպես ստիպված էին բավարարվել սաստիկ սակավ սննդով։ Ջոնիի հայրը բանաստեղծ էր (ինչպես և Սարոյանի հայրը), և վերջինիս բանաստեղծություններ գրելով չէր հաջողվում բավականին գումար վաստակել, չնայած դա նրանց առանձնապես չեր էլ անհանգստացնում։ Այդ ամենը ցույց է տալիս հյուրընկալողների պարզությունը, որը շատ բնորոշ է հայ ընտանիքին։ Պիեսի հերոսներն այնքան էլ միանշանակ չեն։ Մի գուցե, ավելի ծավալուն և հագեցած պատմության դեպքում, նրանց ճանաչեինք ավելի լավ, ուստի այդ դեպքում կարող էր փոխվել ընթերցողի տպավորությունը, կամ էլ ավելի ամրապնդվեր։ Ամենաառեղծվածային կերպարն այստեղ Մաք-Գրեգորն է՝ մի օտարական մարդ, որն անընդհատ ասում է, որ իր սիրտը շոտլանդական լեռներում է, փող է փչում՝ հիացնելով մարդկանց իր նվագով, և անընդհատ ուտել է ուզում։ Մաք-Գրեգորը մասնագիտությամբ դերասան է, նա որոշ ժամանակ մնում է Ջոնիենց տանը, մեկ էլ ինչ-որ մի մարդ է գալիս ծերանոցից և իր հետ տանում է նրան, ասելով, թե վերջինս պետք է ինչ-որ ներկայացման մեջ խաղա։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչով է Մաք-Գրեգորը այդքան գրավում տեղի բնակիչներին։ Ջոնիի մասին իմանում ենք, որ նա ունի որոշ չափով համառ և հետաքրքրասեր բնավորություն, պահում է օձեր ու ծղրիդներ, լավ կարողանում է համոզել խանութպանին․․․ Նրա հայրը հյուրասեր մարդ է, բանաստեղծ, տրված է արվեստին։ Տատի մասին շատ տեղեկություն չկա, հիմնականում գիտենք, որ նա հաճախ երգում է։
Պիեսի հիման վրա, սովետական տարիներին Հայֆիլմը նկարահանել է համանուն էկրանավորում, որում պիեսի դիալոգների երկրորդական մասերը կրճատած է և բավակաչափ հագեցված Վիլյամ Սարոյանի այլ ստեղծագործությունների դրվագներով, հակառակ դեպքում այն դժվար թե հասներ լիամետրաժ ֆիլմի չափին։ Ըստ իս ֆիլմն այնքան էլ հաջողված չէ, չնայած Սոս Սարգսյանի և Առնո Բաբաջանյանի մասնակցությանը։ Սկզբնական հատվածում բնագրից շեղումները քիչ են, բայց դա ֆիլմի կազմության փոքր մասն է, իսկ մեծ մասը ֆիլմի հեղինակի մշակումներն են ՝ հիմնված Սարոյանի այլ ստեղծագործությունների վրա (օրինակ «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»)։ Նման փոփոխությունների արդյունքում ընդհանուր ֆիլմի ազդեցությունը տարբերվում է պիեսից, հատկապես Մաք-Գրեգորի վերադարձի դրվագով։ Իմ կարծիքով նման ավարտը անհասկանալի է այն առումով, թե ի՞նչ է արել Մաք-Գրեգորը այդ ընտանիքի համար, որ արժանացել է նման մեծ ուշադրության։ Չնայած բնագրից դուրս այլ ստեղծագործություններից ավելացումների դեպքում, նրա վերադարձը դարձել է անհրաժեշտություն, որպեսզի ֆիլմ ունենա տրամաբանական ավարտ։ Ինչպես ասել եմ, այս պիեսն այդքան էլ սովորական չէ իր կառուցվածքով և պահանջում է նույնպես անսովոր մոտեցում էկրանավորման համար, որը կկարողանա փոխանցել այն անհասկանալի պարզությունը, որը փոխանցել է ընթերցողներին Վիլյամ Սարոյանը։
Оставьте комментарий