Պարգև Փարադյան — խորհրդային և հետխորհրդային Հայաստանի գեղանկարիչ

Փարադյան Պարգև Ստեփանի   1941-2016

Ծնվել է 1941թ․-ին Երևանում։ Ծնողները Արևմտյան Հայաստանում ջարդերից մազապուրծ եղած ընտանիքներից էին։ Հայրը՝ Ստեփանը (ծն․ 1900թ․ Կոստանդնապոլսում) 1942-ի օգոստասին զորակոչվել է բանակ և այլևս չի վերադարձել (համարվում է անհայտ կորած), մայրը՝ Մարիամը, միայնակ է դաստիարակել որդուն։ Մանկությունն ու պատանեկությունը անցել է Հին Երևանի «Յոնջլախ» կոչվող թաղամասում (Հայրենիք կինոթատրոնից դեպի I-ին մաս գնացող ճանապարհի աջակողմյան հատվածում), որն իր անվանումը ստացել է սեփական տների հարևանությամբ գտնվող յոնջայի դաշտերից։ Սովորել է Մարտիրոս Սարյանի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել է  Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, ապա Գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 60-70ական թթ․-ի աշխատանքները կարելի է բնութագրել, իբրև վառ, փորձարարական շրջան։

Պարգևը դառնում է Նկարիչների Միության անդամ, ստանում է աշխատանքային տարբեր հրավերներ և պատվերներ, շրջագայում է ԽՍՀՄ-ի տարբեր երկրներով, մասնակցում է ցուցադրությունների։

Աստիճանաբար ձևավորվում է նկարչի ուրույն ոճը, և ավելի ուշ արված աշխատանքները էապես տարբերվում են վաղ շրջանից։ 1970-ին Պարգևն ամուսնանում է, ունենում է չորս զավակ։ Նա փորձում է շատ ժամանակ հատկացնել իր ընտանիքին։ Կյանքում ունենալով հոր պակասը, Պարգևն այդպիսով փորձում է լրացնել այդ բացը՝ իր երեխաների համար լավ հայր լինելով։  Նկարչի ստեղծագործական կյանքում մի պահ դադար է տեղի ունենում, որը պայմանավորված էր բարդ սոցիալա-հոգեբանական վիճակով, որում հայտնվում է արվեստագետը՝ պայմանավորված երկրում տիրող ճգնաժամային պայմաններով (պատերազմ, աշխատանքի բացակայություն․․․)։ Եթե երիտասարդ տարիքում նկարիչն աշխատում էր էքսպրեսիվ, մեծ վրձնահարվածներով, համարձակ գույներով, ապա տարիների հետ նրա աշխատանքները դառնում են ավելի դետալացված, գունային լուծումները ավելի մանրանում և մեղմանում են։ Պարգևը սկսում է աշխատել պուանտելիզմի և ռեալիզմի յուրօրինակ ստիլիզացված ոճով։ Մի նկարի վրա աշխատաժամանակը ձգվում է մի քանի ամիս, երբեմն էլ՝ տարի։ Նկարիչը դառնում է ավելի խստապահանջ ինքն իր հանդեպ, հաճախ ասում է, որ նկարն  իրեն չի բավարարում։ Այդպես ստեղծվում է շուրջ տասնհինգ աշխատանք, որոնց վրա արվեստագետն աշխատում է կյանքի վերջին 15-20 տարիների ընթացքում։

Պարգև Փարադյանը իր ստեղծագործական կյանքում մշտապես փնտրտուքների մեջ էր։ Իրենից հետո նա թողեց բազում աշխատանքներ, որոնցից մի քանիսը այդպես էլ անավարտ մնացին։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы