19-րդ դարում Ռուսաստանը Թուրքիայի և Պարսկաստանի հետ պատերազմել է յուրաքանչյուրի հետ երկու անգամ։ Ռուս-պարսկական պատերազմներն ընթացել են 1804-1813թթ․, այնուհետև՝ 1826-1828թթ․-ին: Իսկ ռուս-թուրքական առաջին պատերազմը 1828-1829թթ էր, երկրորդը՝ 1877–1878 թթ-ին։ Այս պատերազմների ընթացքում ռուսական բանակի կողմից կռվել են հազարավոր հայեր, պատերազմների որոշ ընթացք էլ տեղի է ունեցել ներկայիս ՀՀ տարածքներում։ Իրականում, Պարսկաստանի և Թուրքիայի դեմ մղվող այս պատերազմները բազմաշերտ աշխարհաքաղաքական գործընթացի ռազմական փուլերն էին, որոնք սկիզբ էին առել XVIII դարից և ձգվում էին Արևելյան Եվրոպայից մինչև Կասպից ծով։
1804-1813 թթ- Ռուս-Պարսկական պատերազմի պատճառը եղել է Ռուսական կայսրության ընդլայնումը դեպի «տաք ծովեր» (Սև ծով, Կասպից ծով) ինչպես Ղաջարական Պարսկաստանի, այնպես էլ Օսմանյան կայսրության տիրապետության տակ եղած տարածքների հաշվին։ Պատերազմի առիթը 1801 թվականի հունվարի 18-ին Արևելյան Վրաստանի միացումն էր Ռուսաստանին։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին Ալեքսանդր I-ը ստորագրում է հռչակագիր՝ Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին։ Դրանով Քարթլի-Կախեթի թագավորությունը մտնում է Ռուսաստանի կազմի մեջ և դառնում կայսրության վրացական նահանգ։ Վրաց Բագրատունիների արքայատոհմը, որը մինչ այդ ղեկավարում էր Վրաստանի տարածքի մեծ մասը շուրջ հազար տարուց ավելի, հեռացվում է իշխանությունից, և Թբիլիսիում ստեղծվում է գերագույն իշխանություն ռուսական զինվորականության գլխավորությամբ։ Վրաստանի ղեկավար նշանակվում է գեներալ Պավել Ցիցիանովը, իսկ արդեն 1804 թվականի հունվարի 3-ին ռուսները հարձակվում են Գանձակի բերդի վրա։ Հունիսի 10-ին պարսից շահը դաշինք է կնքում Անգլիայի հետ։ Այդպիսով սկսվում է տասնամյա պատերազմը։ Ավելի ուշ եվրոպական գերտերությունները Ռուսական կայսրության դեմ հրահրում են Օսմանյան կայսրությանը, և զուգահեռաբար տեղի է ունում Ռուս-թուրքական պատերազմը (1806-1812)։ Պատերազմն ավարտվում է 1813 թվականին Ռուսական կայսրության հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին Արցախի մելիքությունների Գյուլիստան գյուղում կնքվում է ռուս-պարսկական հաշտության պայմանագիր, որով պարսկական կողմը հօգուտ ռուսների հրաժարվում է Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի Երևանից ու Նախիջևանից)։ Հաշտության պայմանագիրը խախտվում է 1826 թվականին, երբ սկսվում է երկրորդ ռուս-պարսկական պատերազմը(1826-1828թթ)։ Պատերազմի առիթը 1825 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում բռնկված ապստամբությունն էր։ Որոշ պատմաբաններ համարում են, որ այդ ընդվզումը կապված է ԱՄՆ-ի անկախության հռչակագրի և անկախության պատերազմի հետ։ Ալեքսանդր I-ի մահից հետո Սանկտ Պետերբուրգում գահ է բարձրանում նրա եղբայրը՝ Նիկոլայ I-ը, որի թագադրմանը դեմ լինելով՝ բանակի որոշ սպաներ ընդվզում են։ Նրանք հայտնի են դառնում «դեկաբրիստներ» անունով։ Ռոմանովները ճնշում են ապստամբությունը և վերահաստատում իրենց իշխանությունը։
1828-29թթ. ռուս-թուրքական երկրորդ պատերազմին նախորդող ժամանակաշրջանում քաղաքական շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում Բալկանյան թերակղզում։ 1821թ-ին Հունաստանում տեղի է ունենում ապստամբություն՝ Օսմանյան կայսրության դեմ։ Հենց հունական ապստամբությամբ էլ եվրոպական դիվանագիտության մեջ ներդրվում է Արևելյան հարց հասկացությունը, որի հիմքում գերտերությունների մրցակցությունն էր Մերձավոր Արևելքում։ Այս պայքարում լայնորեն ու անխնա օգտագործվում է Օսմանյան կայսրության ճնշված ժողովուրդների, գլխավորապես՝ քրիստոնյաների պայքարը թուրքական լծի դեմ։ Մի քանի տասնամյակ անց Արևելյան հարցի հիմնական տարրերից է դառնում Հայկական հարցը, որի միջազգայնացումը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ծանրագույն հետևանքներ է ունենում հայ ժողովրդի համար։
Եթե XVIII-XIX դարերի աշխարհաքաղաքական գործընթացներն ավելի մեծ պատկերով դիտարկենք, ապա ակնհայտ է դառնում, որ այն պայքար էր Սև ծովի ավազանում ազդեցություն և վերահսկողություն ունենալու համար։ Այդ պայքարի գլխավոր դերակատարը Ռուսական կայսրությունն էր, որը հետևողականորեն, մեծ զոհերով ու ջանքերով տարածվում է հարավ՝ ավելի ու ավելի ամրապնդելով իր դիրքերը «տաք ջրերի» շրջանում։
Оставьте комментарий