Մեծապատիվ Մուրացկանները
Հակոբ Պարոնյանը տարբերվում է իր գրական լեզվով մեր հայ գրականության այլ հեղինակներից։ Իհարկե ամեն դասական և ոչ դասական հեղինակ ունի որոշ առանձնահատկություններ, սակայն ընդհանուր առմամբ շատերի մոտ ձևավորվել է մի ընդհանուր ոճ, իսկ Պարոնյանի ստեղծագործություններն այդ ոճից դուրս են։ Ի վերջո նա ապրել է Արևմտյան Հայաստանում, որն այդ պահին գտնվում էր Օսմանյան տիրապետության տակ։ Նրա ստեղծագործություններն արևմտահայերեն են, և բնականաբար, ինչպես գրեթե ամեն գրողի մոտ, նրա գրվածքներում երևում է այն շրջապատի ազդեցությունը որտեղ նա ապրել է։ Հակոբի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը <<Մեծապատիվ Մուրացկանները>> — ն է։ Այդ ստեղծագործությունը համարվում է կոմեդիոն, և այնտեղ բավականին հաջող ներառված են հումորային դրվագներ, որոնք չեն առաջացնում ավելորդ չափազանցվածության զգացողություն։ Ընդհանուր առմամբ Պարոնյանը աշխարհի շատ քիչ գրողներից է, ում հաջողվել է այդքան նրբորեն կատագերգություն ներառել ընդհանուր պատմության մեջ։ <<Մեծապատիվ Մուրացկանները>> գործը սկսվում է հեղինակի կողմից խոսքերով, ապա գլխավոր հերոսի՝ Աբիսողոմ աղայի կերպարի նկարագրությամբ, որն ընթերցողի մոտ առաջացնում է նախնական տպավորություն ստեղծագործության մասին։ Ահա մեջբերում այդ դրվագից։
Այս ճամփորդն օժտված էր զույգ մը խոշոր և սև աչքերով, զույգ մը հաստ, սև և երկար հոնքերով, զույգ մը մեծ ականջներով և զույգ մը քիթեր․․․ չէ՛, չէ՛, մեկ քիթով, թեպետ և բայց զույգ մը քիթերու տեղ կրնար ծառայել․ անոր մեծությունը սխալեցուց զիս։ Ուներ այնպիսի նայվածք մը, որուն եթե պ․ Հ․ Վարդովյան հանդիպեր յուր աչերով, կը հարցուներ այդ մարդուն․ «Ի՞նչ ամսական կուզես՝ թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար»։
Ընդհանուր ստեղծագործությունն օժտված է թեթև տրամադրությամբ, կերպարները հասարակ են, թեթևակի հումորային հատկանիշով օժտվածսակայն օժտված չեն յուրօրինակ խորը բնավորություններով։ Պարոնյանի մոտ ավելի մեծ դեր ունեն հենց ընդհանուր գաղափար, գործողությունները, և երկխոսությունները։ Արևմտյան հայերենը նպաստում է հետաքրքրական էֆֆեկտի փոխանցմանը․ կատակներն այնքան նուրբ են, որ թարգմանելիս կարող են կորցնել իրենց անկրկնելի ազդեցությունը։ Ահա ևս մեկ դրվագ, որտեղ Աբիսողոմ աղային այցելում է մի գրող։
— Ի՞նչ կարծեցիք հապա․ երկու ամիս պիտի սպասեմ, որ մուսաս գա և ներշնչե ինծի, որպեսզի գրեմ․ առանց մուսայի ոտանավոր չի գրվիր։
— Եթե այդ մուսան գալու չըլլա՞․․․։
— Անպատճառ կուգա։
— Չկրնա՞ր ըլլալ, որ նամակ մը գրես և աղաչես իրեն, որ շուտ մը գա և դուն ալ երկու ամիս չսպասես։
— Անիկա ինքնիրեն կուգա, նամակի պետք չունի, մեծապատիվ տեր։
— Ո՞ւր կը նստի․․․ շատ հեռո՞ւն է։
— Այո՛, շատ հեռու է, բայց կուգա։
— Ցամաքե՞ն, թե ծովեն։
— Չէ՛, մեծապատիվ տեր, չէ՛։
— Ո՞վ է ուրեմն սա գետնին տակն անցնելու մարդը․․․ ուսկի՞ց պիտի գա․․․ ըսե, որ ճամփա մը մտմտանք ու բերել տանք․․․ Եթե մեկ երկու ոսկի տանք, այս շաբաթ կուգա՞։
— Այ՛ո, երկու ոսկի տալուդ պես գործը կը դյուրանա, և մուսաս այս շաբաթ վազելով կուգա,— պատասխանեց անմուսա բանաստեղծը ոսկի բառը լսելուն պես։
Մինչ այս դրվագը բանաստեղծը խնդրում էր Աբիսողոմ աղային, որ երկրորդն իր գրքի հրատարակման համար գումար հատկացնի, սակայն Աբիսողոմ աղան անընդհատ հրաժարվում էր մինչև այն պահը, երբ բանաստեղծը խոսեց նրա փառքի մասին, համոզելով, որ այդ գրքի տպագրության շնորհիվ նա ավելի ճանաչված կլինի և ավելի մեծ փառքի կարժանանա հասարակության կողմից։ Դա միակ դեպքը չէ, որ Աբիսողոմ աղան իր փառքի մասին լսելիս կտրուկ փոխում է վարքը։ ԵՎ ինչո՞ւ հենց այս մասը մեջ բերեցի, որովհետև կարծում եմ, որ այստեղ ավելի լավ է երևում <<Մեծապատիվ Մուրացկանները>> վերնագրի և ստեղծագործության կապը։ Այս գրքում ոչ-մի մուրացկան, ուղիղ իմաստով, չկա, իսկ ներկայացված <<մուրացկանների>> մեծապատիվ լինելու հիմնական հուշող դրվագը գրված է քիչ առաջ նշված հատվածից հետո։
Աբիսողոմ աղան, ինչպես գիտեցին ընթերցողներն, կը մոռնար յուր անոթությունն ամեն անգամ, որ մեկն անոր խոսք կուտար անունը լրագրի մեջ անցունելու և կամ եկեղեցվո մեջ ծանուցում ընելու, ինչպես նաև յուր քսակին բերանը կը բանար և դրամով կը վարձատրեր ամեն անոնք, որ իրեն կը խոստանային անունն ժողովրդյան մեջ տարածելու։ Փառասիրությունն ալ տեսակ մը անոթություն է, զոր դրամով կը կշտացունեն մարդերը։ Լրագիրներու մեջ գրվելու փառասիրությունն, զոր ոմանք մոլություն կը համարեն, և ոմանք առաքինության կարգը դասել կը փափագին, և որ մեր ժողովրդյան ամեն դասերուն մեջ կը գտնվի այսօր, տիրած էր նաև Աբիսողոմ աղային վրա, որ բանաստեղծին մեկնելեն ետքը փոխանակ յուր անոթությանը վրա խորհելու՝ սկսավ ոտանավորին վրա միտք հոգնեցունել։
Այսինքն հենց նույն Աբիսողոմ աղան, և ոչ միայն, որքան էլ հարուստ է, սակայն իր փառասիրությամբ միշտ աղքատ է զգում իրեն, և ամեն պահին կարծես փնտրի հնարավորություն իր անբավարարվածութունը լրացնելու։ Փառասիրության զգացողությունը, որպես այդպիսին սահման չունի, եթե դու այն չես տիրապետում։ Մենք հաճախ չենք գնահատում ինչ որ ունենք, և դա չափի մեջ պարզ է, սակայն չարաշահելու դեպքում զգացվում է անբավարարվածություն, որը կարճ ժամկետով կարող է ծածկել էգոյի սնուցումը, սակայն միայն ավելի մեծացնելով խնդիրը։ Ընդհանուր առմամբ խոսքը չի գնում միայն Աբիսողոմ աղայի փառասիրության մասին, այս ստեղծագործության մեջ կան տարբեր կերպարներ, որոնք ցույց են տալիս Պարոնյանի շրջապատի հավաքական մարդկանց տեսակները, իրենց բնավորություններով և լավ ու վատ կողմերով։ Ինչպես գրել է Հակոբ Պարոնյանը՝
Իսկ մենք, որ ներկայացած չենք Աբիսողոմ աղային, կը հրատարակենք սույն գործն ոչ այնքան մեղադրելու նպատակավ ազգային խմբագիրներն, հեղինակներն, բանաստեղծներն և այլն, որքան ներկայացնելու համար ապագա սերնդյան՝ ժամանակիս գրագետներու ողբալի կացությունն և գրականության մասին ազգային մեծատուններու սարսափելի անտարբերությունը։
Оставьте комментарий