17րդ դարի երկրորդ կեսում ձևավորվեց ազատագրական պայքարի գաղափարախոսությանը։ Դրա համար կար երկու հիմնական նախադրյալ` ներքին և արտաքին։
Ներքինը՝ հայ բնակչության ինքնագիտակցության զգացումն էր, որը պայմանավորված էր դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման անհրաժեշտությամբ։ Անտանելի էր դառնում օտար երկրների ճնշումը, քանզի աստիճանաբար ավելի էին ծանրանում հարկերը և անօրինականությունները։ Միարժամանակ հայ Ժողովրդի մեջ զարգանում էր առևտրաարհեստավորական խավը, որը փորձում էր նպաստել հայոց ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը` հովանավորելով հոգևոր–մշակութային տարբեր ձեռնարկումներ։ Հայ ժողովուրդը մերժում էր օտարի հավատը։
Արտաքին գործոնների մեջ է մտնում Հայաստանը նվաճած Օսմանյան կայսրության և Իրանի համեմատական թուլացման գործընթացը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում։ Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր օսմանյան պետությունը, առավել հզորանալով պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ։ Կարևոր հանգամանք էր օսմանյան տիրապետության դեմ պայքարի ընթացքում հայ ժողովրդի հետ նաև հույների, ասորիների, վրացիների, քրդերի, եզդիների համատեղ հանդես գալու պատրաստակամությունը և խոստումը։ Հռոմի պապական աթոռը և Ֆրանսիան ջանքեր էին գործադրում թուրքական լծի դեմ համատեղ հանդես գալու համար համախմբելու օսմանյան լծի տակ գտնվող ժողովուրդներին։ Հայաստանի ազատագրական ծրագրերի ու բանակցությունների ակտիվ մասնակիցներից էր հայազգի վաճառական Մահտեսի Շահմուրադը։ Նա ժամանել էր Փարիզ և հավաստիացրել ֆրանսիական արքունիքին, թե հայերը հույների հետ պատրաստ են ապստամբելու Օսմանյան կայսրության դեմ։ Պատվիրակության կազմում էր նաև Հովհաննես Թութունջի վարդապետը, որը նախկինում եղել էր Աղթամարի կաթողիկոս։ Արիստակես վարդապետը Հռոմի պապին գրած հայերեն նամակում առաջարկում էր իր ծառայությունները` պատրաստելու զենքի նոր տեսակ, որը սովորել էր Չինաստանում։
Քաղաքական իրադրության փոփոխությունները, սակայն, նպաստավոր չեղան Հայաստանի ազատագրման ծրագրերի
իրականացման համար, իսկ Ֆրանսիան շուտով ստանձնեց Թուրքիային հովանավորելու քաղաքականություն։ Հայ քաղաքական ուժերը ստիպված էին հույսեր կապել հակաթուրքական այլ երկրների` Ավստրիայի, Հունգարիայի, Գերմանիայի ու Լեհաստանի հետ։ Հայաստանի ազատագրության խնդիրը քննարկման առարկա էր ոչ միայն Արևմտյան Հայաստանի, այլև Արևելյան Հայաստանի գործիչների համար: 1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը։ Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ։ Ներկա էին Սյունիքի ու Արցախի մելիքները։ Որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը։ Այդ նպատակով կազմված պատվիրակությունը հասնում է Կոստանդնուպոլիս` Եվրոպա անցնելու նպատակով։ Մոտ երկու տարի մնալով Կոստանդնուպոլսում՝ Հակոբ Ջուղայեցին մահանում է, իսկ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան։ Սակայն պատվիրակության անդամներից մեկը՝ մեկնած 20–ամյա Իսրայել Օրին, որը Սյունիքի մելիք Իսրայելի որդին էր, որոշում է շարունակել ճանապաչհը։
Հայաստանի ազատագրության Իսրայել Օրու ծրագրերը
Իսրայել Օրին Կոստանդնուպոլսից ուղևորվում է Իտալիա, իսկ այնտեղից անցնում Ֆրանսիա։ Ֆրանսիայում նա մտնում է զինվորական ծառայության, ստանում սպայի աստիճան։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա։ Այստեղ կայսերընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության վերաբերյալ իր առաջարկները։ Հովհան Վիլհելմը հետաքրքրվում է Իսրայել Օրու մտահղացումներով և խոստանում աջակցել։ Օրին վերադառնում է Հայաստան, լինում է Էջմիածնում, ապա ճանապարհվում Սյունիք։ Սյունիքի մելիքների աջակցությամբ 1699թ. Անգեղակոթ գյուղում հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն։ Այնտեղ վճռվում է լիազորել Իսրայել Օրուն շարունակելու բանակցությունները ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ ռուսական իշխանությունների հետ։ Այդ նպատակով մելիքներն իրենց կնիքներով և ստորագրություններով հաստատված նամակներ են հանձնում Իսրայել Օրուն և նրան ուղեկցող կարգում Մինաս վարդապետ Տիգրանյանին։ Անգեղակոթի գաղտնի ժողովը Հովհան Վիլհելմին ուղարկված նամակում հայ մելիքները խնդրում էին արագացնել Հայաստան զորք ուղարկելը և հավաստիացնում, թե Հայաստանի թագավորությունը վերականգնելու համար իրենք պատրաստ են անմիջապես զինված ապստամբություն բարձրացնել։ Ռազմական օգնության դիմաց մելիքները խոստանում էին Հովհան Վիլհելմին ճանաչել հայոց թագավոր։ Վերադառնալով Եվրոպա` Իսրայել Օրին կազմում է Հայաստանի ազատագրության ծրագիր և ներկայացնում Հովհան Վիլհելմին, որը հայտնի է «Պֆալցյան ծրագիր» անվանումով։ Ծրագիրը բաղկացած էր 36 կետից։ Այնտեղ թվարկվում էին այն ուղիներն ու միջոցները, որոնք անհրաժեշտ էին Հայաստանից պարսիկներին վտարելու համար։ Հովհան Վիլհելմը հավանություն է տալիս Իսրայել Օրու ծրագրին և առաջարկում է գնալ Ֆլորենցիա և Վիեննա` նրանց համաձայնությունը ևս ստանալու համար։ Ֆլորենցիայում դուքսը խոստանում է զորք տրամադրել, սակայն Վիեննայի արքունիքում հրաժարվում են մասնակցել Հայաստանի ազատագրման գործին, քանի որ Թուրքիայի հետ 1699թ. արդեն կնքել էին հաշտության պայմանագիր։ Իսրայել Օրին համոզվեց, որ այդ պահին Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության դեմ պայքարում Հայաստանի համար հնարավոր դաշնակից կարող է լինել Ռուսաստանը։
Օրին Ռուսաստանում
1701թ. ամռանը Իսրայել Օրին գալիս է Ռուսաստան և Պետրոս I-ին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու իր ծրագիրը։ Նախատեսվում էր կազմակերպել 25-հազարանոց բանակ, որի մի մասը` 10 հազարը, Հյուսիսային Կովկասից պետք է մտներ Վրաստան։ Այնուհետև ռուս-վրացական զորքերին պետք է միանային նաև ապստամբություն բարձրացրած հայերի զինված ուժերը։ Ենթադրվում էր Արևելյան Հայաստանը ազատագրել շատ կարճ ժամանակում, որովհետև թուլացած Պարսկաստանը չէր կարող դիմադրել այդ միացյալ բանակին։ Պետրոս I-ը զբաղված էր Հյուսիսային պատերազմով, ուստի հուսադրում է Իսրայել Օրուն, թե կզբաղվի այդ հարցերով պատերազմի ավարտից հետո։ Միաժամանակ, Պարսկաստանում և Անդրկովկասում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով, Պետրոս I-ը որոշեց դեսպանություն ուղարկել Պարսկաստան։ Դեսպանության ղեկավար նշանակվեց Իսրայել Օրին, որին տրվեց ռուսական բանակի գնդապետի կոչում: Իսրայել Օրին, սակայն, գնաց նախ Եվրոպա և Հռոմի պապից ևս ստացավ պարսից շահին ուղղված նամակ, որտեղ խնդրվում էր հալածանքներ թույլ չտալ քրիստոնյա բնակչության նկատմամբ։ 1708թ. Իսրայել Օրին դեսպանական խմբով ժամանեց Շամախի քաղաք, ապա եղավ Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին վերադարձավ Այսրկովկաս։ Ռուսական դեսպանության ղեկավարի հայազգի լինելու հանգամանքը Այսրկովկասում մեծ տպավորություն գործեց։ Ռուսաստան վերադառնալու ժամանակ Իսրայել Օրուն միացավ նաև Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան–Ջալալյանը Աստրախանում 1711թ. Իսրայել Օրին անակնկալ մահացավ, իսկ Եսայի Հասան–Ջալալյանը վերադարձավ Արցախ։ Մեծ է Իսրայել Օրու գործունեության նշանակությունը ազատագրական պայքարում։ XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ազատագրական շարժման զարթոնքը մեծապես կապված է նրա անվան հետ։ Նա Հայաստանի ազատագրության հարցը դրեց գործնական հողի վրա, մարտական շունչ հաղորդեց քաղաքական բանակցություններին։
Կրճատ տարբերակ
Երբ Արևմտյան Հայաստանը գտնվում էր Օսմանյան կայսրության, իսկ Արևելյանը՝ Պարսկաստանի տիրապետության տակ, XVII րդ դարում ժողովրդի մոտ գաղափարական ձգտում առաջացավ ազատագրվել, դրան նպաստեց Օսմանյան կայսրության թուլացումը։ Ամենահիմնական ազատագրական գործունեությունը սկսվեց Հակոբ Ջուղայեցու կողմից Էջմիածնում կազմակերպված ժողովից, որտեղ քննարկվեց Հայաստանի ազատագրումը։ Արդյունքում որոշվեց մի շարք գործիչներ ուղղարկել Եվրոպա՝ բանակցելու և օգնություն խնդրելու։ Այդ որոշման համաձայն, նրանք բանակցեցին բազմաթիվ Եվրոպական երկրների հետ, սակայն Հակոբ Ջողայեցու մահվան պատճառով խումբը դադարեցեց իր գործունեությունը և վերադարձավ Հայաստան, բացի մի հոգուց՝ Իսրայել Օրուց։ Նա շարունակեց իր գործունեությունը (օգնություն խնդրելու տարբեր Եվրոպական երկրներից), սակայն ոչ-մի տեղ հստակ օգնություն չստանալով դիմեց այդ ժամանակ ծաղկող Ռուսաստանին։ Այդ ժամանակ Ռուսաստանի ղեկավարը Պետրոս Ա — ն էր, Իսրայել Օրին ներկայացրեց նրան իրավիճակը և Պետրոսը համաձայնվեց, սակայն ասեց, որ այդ պահին չի կարող օգնել, որովհետև պատերազմում է, իսկ մինչ այդ հանձնարարեց Իսրայել Օրուն պարզել Պարսկաստանի ռազմական վիճակը՝ համապատասխան ուժերով հարձակում իրականացնելու համար, և Իսրայել Օրուն տվեց ռազմական բարձր պաշտոն, որպեսզի նա վստահություն ձեռք բերի Պարսկաստանում։ Իսրայել Օրին լրացուցիչ այցելեց Հռոմի Պապին և ստացավ հոգևորականի պաշտոն։ Այդպիսով նա այցելեց Պարսկաստան ու պրզեց, որ Պարսկաստանը ռազմական առումով հետամնաց վիճակում է գտնվում։ Նա նաև կազմեց ծրագիր, ըստ որի ռուսական զորքը պետք է գա ու միանա վրաց զորքին և հայկական ուժերի հետ միասին գրավեն կորցրած տարածքները։
Оставьте комментарий