Աղբյուր

Մարդն իր զարգացման սկզբնական շրջանում, երբ զբաղվում էր լոկ հավաքչությամբ և պարզունակ երկրագործությամբ, բնության վրա նկատելի հետք չէր թողնում: Նա միայն յուրացնում էր բնության պատրաստի բարիքները: Դա, այսպես կոչված, յուրացնող տնտեսության ժամանակաշրջանն էր:
Հետագայում յուրացնող տիպի տնտեսությունը վերաճեց արտադրող տնտեսության: Մարդը սկսեց ակտիվորեն միջամտել բնության երևույթներին, օգտագործել բնության տարրերը և նյութական բարիքներ արտադրել: Մարդկային հասարակության և բնական միջավայրի միջև ծագեց հակասություն: Արտադրության զարգացման հաջորդ փուլերում այդ հակասությունը ավելի խորացավ, որը երևում է ստորև բերված աղյուսակից:
ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐԸ
| 1 | Հավաքչություն, որսորդություն – մարդը հարմարվել է բնական միջավայրին, առանց այն վերափոխելու | շուրջ 30 հզ. Տարի առաջ |
| 2 | Գյուղատնտեսական հեղափոխություն – անցում որսորդությունից դեպի երկրագործություն: Բնական լանդշաֆտների մասնակի փոփոխություն | 6-8 հզ տարի առաջ |
| 3 | Երկրագործության ընդարձակում, արհեստագործության զարգացում, բնական ռեսուրսների օգտագործման ընդլայնում: | միջին դարեր |
| 4 | Արդյունաբերական հեղափոխություն – բնական լանդշաֆտների արագ վերափոխում: Բնական միջավայրի վրա մարդու ազդեցության կտրուկ մեծացում: | 300 տարի առաջ |
| 5 | Գիտատեխնիկական հեղափոխության արդի փուլ – արտադրության տեխնիկական բազայի արմատական զարգացում: Կտրուկ տեղաշարժեր «Հասարակություն – բնական միջավայր» համակարգում: | 20-րդ դարի կեսերից սկսած |
Հասարակական արտադրության զարգացման արդի փուլում այդ հակասությունն ընդունել է վիթխարի չափեր և սպառնում է մարդկային հասարակության գոյությանը:
Հակասությունը խորանում է այն ժամանակ, երբ մարդը մտածում է բնությունից առավելագույնը վերցնելու մասին միայն, գիտակցված կամ չգիտակցված խախտում է բնական պրոցեսների հավասարակշռված ընթացքը:
Մարդու գործունեությունից տուժում է Երկիր մոլորակի՝ ձեզ հայտնի այն շերտը, որը կոչվում է աշխարհագրական թաղանթ:
| ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԹԱՂԱՆԹ | Մթնոլորտի ստորին շերտեր (25-30 կմ) |
| Քարոլորտի վերին շերտեր (մինչև 4-5 կմ) | |
| Ջրոլորտ | |
| Կենսոլորտ | |
| Մարդոլորտ |
Աշխարհագրական թաղանթի բաղադրիչների միջև տեղի է ունենում նյութի էներգիայի անընդհատ փոխանակում: Աշխարհագրական թաղանթի բաղադրիչները Երկրի վրա գոյացնում են տարբեր զուգորդություններ, որոնք հայտնի են երկրահամակարգեր անունով:
Համակարգի որևէ բաղադրիչի փոփոխությունը հանգեցնում է մյուս բաղադրիչների, ուստի և ամբողջ համակարգի փոփոխությանը: Դա ամեն մի համակարգի, հետևապես և երկրահամակարգի գլխավոր հատկանիշն է:
Կենսոլորտը և մարդոլորտը, լինելով աշխարհագրական թաղանթի ոլորտային բաղադրիչներ, միաժամանակ հատուկ տեսակի երկրահամակարգեր են: Հատուկ տեսակի, որովհետև դրանց կազմը, կառուցվածքը և ներքին պրոցեսները, ի տարբերություն այլ երկրահամակարգերի, պայմանավորված են գլխավորապես կենդանի օրգանիզմների կենսագործունեությամբ և մարդկանց (հասարակության) արտադրական գործունեությամբ:
Կենսոլորտի սահմաններում է, որ ծագել է մարդը և, զբաղվելով արտադրական գործունեությամբ, վերափոխվել է բնական միջավայրն ու ստեղծել մի նոր ոլորտ՝ մարդոլորտը:
Կենսոլորտում և մարդոլորտում է, որ մարդու ներգործության հետևանքով խախտվում է էկոլոգիական հավասարակշռությունը, և ծագում են էկոլգիական հիմնախնդիրներ:
Էկոլոգիա տերմինը տարբեր իմաստներով է օգտագործվում: Մի դեպքում էկոլոգիան (հուն. Oikos – բնակարան, կացարան և logos – ուսմունք, գիտություն բառերից) գիտություն է կենդանի օրգանիզմների՝ միմյանց և շրջակա միջավայրի հետ ունեցած փոխհարաբերությունների մասին: Այն ձևավորվել է որպես կենսաբանության ենթաճյուղ, մտնում է կենսաբանական գիտությունների համակարգի մեջ և ուսումնասիրում է միջավայրի ու դրանում կատարվող փոփոխությունների ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:
«Էկոլոգիան» օգտագործվում է այլ, ավելի լայն իմաստով ևս: Դա գիտության տարբեր ճյուղերում (կենսաբանություն, աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա և այլն), սահմանագլխին ձևավորված մի համալիր ուղղություն է, որը զբաղվում է բնական աշխարհագրական միջավայրում մարդու, մարդկային բնութայն փոխազդեցությունների ուսումնասիրությամբ:
Կենդանի օրգանիզմների ամեն մի համակեցություն ունի իր հատուկ բնական միջավայրը, որի հետ կազմում է մի ամբողջություն: Այդ ամբողջությունը հայտնի է էկոհամակարգ անունով:
Էկոհամակարգի գլխավոր հատկանիշներն են ինքնակարգավորումը և ինքնավերականգնումը, որոնց իմացությունն անհրաժեշտ է բնօգտագործման ու բնապահպանության հարցերի լուծման ժամանակ:
Մարդու ներգործության հետևանքով էկոհամակարգի հավասարակշռությունը՝ հետևապես և ինքնակարգավորումը կարող է խախտվել:
Էկոլոգիան կամ նույնն է, թե աշխարհագրական հավասարակշռությունը էկոհամակարգի և ընդհանրապես շրջակա միջավայրի այն վիաճկն է, երբ բաղադրիչների փոխազդեցությունը հավասարակշռված է, և տեղի է ունենում համակրգի կայուն բնական զարգացում:
Ուրեմն, նյութի շրջապտույտ են կոչվում բնության մեջ նյութի փոխակերպման և տեղափոխման օրինաչափորեն կրկնվող պրոցեսները:
Ամեն անգամ, երբ ինչ-ինչ պատճառներով խախտվում է նյութի շրջապտույտը, խախտվում է նաև էկոլոգիական հավասարակշռությունը, և փոխվում է շրջապատի որակը:
Ներկայումս մարդու ազդեցությամբ նյութի շրջապտույտի վտանգավոր խախտում նկատվում է թե՛ համամոլորակային, թե՛ ռեգիոնալ և թե՛ տեղական մակարդակներով:
Բնության վրա մարդու վնասակար ազդեցություն թույլ չտալու և դրա հետևանքները չեզոքացնելու համար անհրաժեշտ է խորապես ճանաչել մեր շրջակա բնական միջավայրում տեղի ունեցող նյութի շրջապտույտը և բոլոր տնտեսական – արտադրական միջոցառումները համապատասխանեցնել այդ շրջապտույտին: Դա մարդ – բնություն հարաբերություննը ճիշտ կառուցելու անհրաժեշտ պայմանն է:
Оставьте комментарий