Հայ Բագրատունիների արքայացանկը
Աշոտ Ա Մեծ (885–890 թթ.), Սմբատ Ա (890–914 թթ.), Աշոտ Բ Երկաթ (914–929 թթ.), Աբաս (929–953 թթ.), Աշոտ Գ Ողորմած (953–977 թթ.), Սմբատ Բ (977–989 թթ.), Գագիկ Ա (989–1020 թթ.), Հովհաննես-Սմբատ (1020–41 թթ.), միաժամանակ՝ Աշոտ Դ (1022–40 թթ.), Գագիկ Բ (1042–45 թթ.)
V դարի վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան: VII դարում հայտնի էր Հայոց իշխան Աշոտ Բագրատունին: VIII դարում Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բագրատունիները և քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս մղել Մամիկոնյաններին: Վրաստանում հիմնել է վրաց Բագրատունիների արքայատունը, որի ականավոր ներկայացուցիչներից էին Դավիթ Շինարարը (1089– 1125 թթ.), Գեորգի III-ը (1156–84 թթ.), Թամար թագուհին (1184–1213 թթ.):
IX դարի սկզբին Բագրատունիներն իրենց տիրույթներին են միավորել Տարոնը, Շիրակը, Արշարունիքը, Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը, ապա` Այրարատի Ոստան Հայոցը: Այս շրջանում նրանց տոհմական կենտրոնը Բագարան քաղաքն էր: IX դարից Բագրատունիները դարձել են Հայաստանի ամենաազդեցիկ նախարարական տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը նախ՝ որպես Հայոց իշխան, ապա՝ իշխանաց իշխան և Հայոց թագավոր (885 թ-ից):
Բագրատունիների արքայատան և թագավորության (885–1045 թթ.) հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է: Նա 862 թ-ին Արաբական խալիֆությունից ստացել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխանի տիտղոսը: Նրան է հանձնվել նաև հարկահանության իրավունքը, որի շնորհիվ հարկերը կրճատվել են երեք անգամ: Աշոտ Բագրատունին վերակազմել է բանակը. նրա թվաքանակը հասցրել է 40 հզ-ի: Պատմիչի խոսքով՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը:
869 թ-ին կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրված հայ իշխանների ժողովը վճռել է Աշոտին հռչակել թագավոր և Հայաստանի թագավորությունը ճանաչելու պահանջով դիմել է խալիֆին: Վերջինս 885 թ-ին ստիպված արքայական թագ է ուղարկել Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչել Հայոց, Վրաց ու Աղվանից արքա: Բյուզանդիայի հայազգի Վասիլ (Բարսեղ) I կայսրը նույնպես արքայական թագ է ուղարկել և դաշինք կնքել Հայաստանի հետ: Կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցին 885 թ-ին երկրի իշխանների ու հյուրերի ներկայությամբ Բագարանում Աշոտ Բագրատունուն օծել է Հայոց թագավոր, որով միջազգային ճանաչում է ստացել Հայաստանի փաստական անկախությունը, և վերականգնվել է 457 տարի առաջ կործանված հայկական թագավորությունը:
Աշոտ Ա Մեծի քաղաքականությունը շարունակել է որդին և հաջորդը՝ Սմբատ Ա-ն, որը մայրաքաղաքը Բագարանից տեղափոխել է Շիրակավան: Նա չեզոք դիրք է գրավել խալիֆության և Բյուզանդիայի միջև` նպաստելով Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացմանը: 893 թ-ին բարեկամության և առևտրական նոր դաշինք է կնքել Բյուզանդիայի հետ: Սմբատ Ա-ն ամրապնդել է թագավորական իշխանությունը ողջ Հայաստանում և Եգերքում՝ մինչև Սև ծովի ափերն ու Վիրք, ընդհուպ` Ալանաց դուռը:
908 թ-ին արաբների աջակցությամբ Բագրատունյաց թագավորությունից անջատվել է Վասպուրականը և վերածվել առանձին թագավորության. առժամանակ ջլատվել է երկրի միասնությունը: 909 թ-ին Ատրպատականի ամիրա Յուսուփը Վասպուրականի Գագիկ և Գուրգեն Արծրունի իշխանների օգնությամբ ներխուժել է Բագրատունյաց թագավորություն: Հնգամյա պայքարից հետո Սմբատ Ա-ն հարկադրված հանձնվել է Յուսուփին, որը, դրժելով խոստումը, գլխատել է արքային:
Սմբատ Ա-ի որդին՝ Աշոտ Բ Երկաթը, տևական պայքարում (914–922 թթ.) վտարել է արաբներին, սանձել կենտրոնախույս ուժերին, միավորել երկիրը: Անզավակ Աշոտ Բ-ին հաջորդել է եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը: Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխել է Կարս, իսկ կաթողիկոսական աթոռը՝ Աղթամար կղզուց Շիրակ: Աբասի որդու՝ Աշոտ Գ Ողորմածի օրոք սկսվել է Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման նոր ժամանակաշրջան: Հաջորդ արքան՝ Սմբատ Բ Տիեզերակալը, ուժեղացնելով կենտրոնական իշխանությունը, ձգտել է մահմեդական ամիրությունների և Բյուզանդիայի հետ վեճերը հարթել խաղաղ ճանապարհով: Սակայն Բագրատունյաց թագավորության վերելքն իր գագաթնակետին է հասել Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի օրոք (989–1020 թթ.):
Բյուզանդիան 967 թ-ին զավթել է Տարոնի իշխանությունը, 1000 թ-ին՝ Տայքի կյուրապաղատությունը, 1016– 1021 թթ-ին՝ Վասպուրականը: Գագիկ Ա-ի ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, Բյուզանդիայի ճնշմամբ Անի-Շիրակի թագավորությունը «կտակել» է կայսրությանը: Կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը 1022 թ-ի հունվարին Տրապիզոնում Վասիլ II կայսեր հետ կնքել է պայմանագիր, որով Հայոց թագավորի մահից հետո Բագրատունյաց թագավորությունը միացվելու էր Բյուզանդիային: Հովհաննես-Սմբատը և նրա եղբայր Աշոտ Դ-ն թագավորությունը բաժանել են. Շիրակը՝ շրջակա գավառներով, մնացել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության արևելյան կողմերն անցել են Աշոտին:
Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան (1042 թ.), պաշարել Անին: Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի Գագիկ Բ-ին: 1045 թ-ին Գագիկ Բ-ին խաբեությամբ գերելուց հետո Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IX Մոնոմաքոսը գրավել է Անին և վերացրել Բագրատունիների հայկական պետությունն ու Բագրատունիների արքայատոհմի հիմնական ճյուղի իշխանությունը Հայաստանում: