Հայաստանում բազալտից ստացվող արտադրանքը բավականին մեծ տարածում է ստացել ոչ միայն մեզ մոտ, այլև սկսել է արտահանվել։ Արտադրության հիմնական ու կարևորագույն նախադրյալներն է բազալտի հումքը և ստեղծագործ միտքը։ Հումքի մշակման համար ստեղծվել են հաստոցաշինական հոսքեր, որոնք թույլ են տալիս ստեղծել բազալտե գործվածք, մանրաթել, բամբակ, ցանց, ամրան և այլն։ Հիմա Հայաստանում գործող ամենամեծ բազալտե արտադրող կազմակերպություններն են << Bazalte>>-ն, <<Armbas>>-ը, <<Armbazalt>>-ը։
Արտադրանքների նկարագրեր
Բազալտե բամբակ
Նախատեսված է ցանկացած տեսակի շինությունների տանիքների, հատակների, պատերի ջերմամեկուսացման համար
Բազալտե մանրաթել
Բազմապրոֆիլ օգտագործման համար նախատեսված արտադրատեսակ։ Ունի բարձր ջերմակայունություն, օրգանիկ նյութերին դիմակայելու հատկություն և այլ առավելություններ ինչի շնորհիվ հանդիսանում է այլ արտադրատեսակների համար հումք։ Օրինակ՝ սենդվիչ վահանակների, որոնք օգտագործվում են շինարարության մեջ: Այս վահանակներով հնարավոր է կարճ ժամկետներում կառուցել տարբեր նշանակության տարածքներ:
Բազալտե գործվածք
Բազալտե գործվածքներից ստանում են տարբեր տեքստիլ արտադրանք, որոնք ունեն հուսալի ջերմամեկուսացում, հրդեհի բարձր դիմադրողականություն մինչև 1000°C: Ենթակա չեն քայքայման, ինչպես նաև կայուն են բորբոսների և քիմիական ակտիվ նյութերի ազդեցության նկատմամբ։ Ունեն ճառագայթահարման բազմաթիվ տեսակներ ներծծելու ունակություն, ինչը թույլ է տալիս օգտագործել բազալտե գործվածքները ատոմային և ջերմային էլեկտրակայաններում։
Բազալտե ցանց
Բազալտե ցանցերը կարող են փոխարինել երկաթե ցանցերին շինարարական տարբեր խնդիրներ լուծելիս։ Բազալտե ցանցերը ավելի թեթև են, ունեն ավելի քիչ ջերմահաղորդականություն քան երկաթը, չեն ենթարկվում կոռոզիայի և ավելի հարմար են աշխատանքներ իրականացնելու համար։
Բազալտե ամրան
Բազալտե ամրանները հանդիսանում են նոր ալտերնատիվ լուծում և կարող են փոխարինել ավանդական երկաթե ամրաններին։ Բազալտե ամրանները ունեն ավելի թեթեվ քաշ, ինչը զգալիորեն թեթևացնում է կոնստրուկցիաների քաշը և կրճատում աշխատաժամանակը։ Բազալտե ամրանները նաև ունեն շատ ամուր և ճկուն հատկանիշներ և չեն ենթարկվում կոռոզիայի։