Անիի Բագրատունյաց թագավորության անկումից (1045) մի քանի տասնամյակ անց հայ ժողովուրդը նոր պետականություն է կերտել Փոքր Ասիայի հարավ-արևելքում’ Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան մերձափնյա երկրամասում’ Կիլիկիայում:
«Կիլիկիա» անվանումն առաջին անգամ հանդիպում է աքքադական արձանագրություններում՝ Hilakku ձևով։
Հնագույն ժամանակներից Կիլիկիայի հիմնական բնակիչները հայերն էին, ասորիները, հրեաները և հույները: X դ-ում Կիլիկիայում հայ բնակչությունն այնքան է ստվարացել, որ Հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին (973-992) այնտեղ ստեղծել է հայկական նոր եպիսկոպոսություններ: Հայերի համար Կիլիկիայում բարենպաստ պայմաններ են ստեղծվել, երբ Բյուգանդական կայսրությունը Մանազկերտի ճակատամարտում (1071) պարտություն է կրել սելջուկ թուրքերից:
Ռուբինյանների իշխանապետությունը
Կիլիկիայում ստեղծված հայկական վարչական միավորներից ամենակենսունակը Բագրատունի վերջին թագակիր Գագիկ Բ-ի գինակից Ռուբեն իշխանի (ըստ սկզբնաղբյուրների’ Բագրատունի կամ Արծրունի) հիմևադրած իշխանապետությունն էր, որը նրա անունով կոչվել է Ռուբինյանների իշխանապետություն: Ռուբեն Ա-ն (1080-95), տեղի հայերի աջակցությամբ տիրանալով Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդ, Կոպիտառ (Կոսիտառ) ու Կոռոմոզոլ (Կոլիմոզոլ) բեր դերին, թոթափել է (1080) Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնել անկախ ու ընդարձակ իշխանություն:
Ռուբենի ավագ որդին’ Կոստանդին Ա-ն (1095- 1100), սելջուկ թուրքերից և բյուզանդա- ցիներից ազատագրել է մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: 1098-ին գրավել է Լեռնային Կիլիկիայի գլխ. ամրոցներից Վահկա բերդը և դարձրել իշխանության կենտրոնը:
Շարունակելով հոր քաղաքականությունը’ Թորոս Ա-ն (1100-29) 1104-ին պարտության է մատնել բյուզ. զորքերին, ազատագրել Սիս և Անարզաբա քաղաքները, միավորել Դաշտային Կիլիկիայի զգալի մասը: 1107-ին Թորոս Ա-ն Գող Վասիլի օգնությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Կիլիկիա ներխուժած սելջուկներին: Բյուզանդական կայսր Ալեքսիոսը ճանաչել է Թորոս Ա-ի իշխանությունը’ նրան մեծարելով «Առաջին Սեբաստոս» տիտղոսով: Անարզաբա քաղաքում Թորոս Ա-ն հիմնել է ապարանքներ, Սիս քաղաքի մոտ’ Դրազարկի և Մաշկևորի հռչակավոր վանքերը, որոնք վերածվել են գրչության և ուսումնագիտ. կենտրոնների: Դրազարկը դարձել է նաև Ռուբինյանների տոհմական դամբարանը:
Թորոս Ա-ի եղբայրը’ Լևոն Ա-ն (1129- 1137), օգտվելով սելջուկ թուրքերի ու խաչակիրների թշնամական հարաբերություններից, գահակալման սկզբին ջախջախել է նրանց և անխախտ պահել երկրի սահմանները: 1132-ին բյուզանդական տիրապետությունից ազատագրել է Մամեստիա, Ադանա, Տարսոն քաղաքները և ծովեզրյա հայաշատ գավառները: 1135- 1136-ին, կռվելով Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ազատագրել է Կիլիկիայի հարավ-արևելյան հայաբնակ շրջանները:
1137-ին բյուզանդական Հովհաննես Կոմնենոս կայսրը Միջերկրական ծովով ներխուժել է Կիլիկիա: Ամրանալով Անազարբա բերդում Լևոն Ա ավելի քան 35 օր հերոսաբար դիմարդել է թշնամուն՝ նրան պատճառելով զգալի վնաս: Նա ճեղքել է հակառակորդի պաշարման շղթան և դուրս եկել Անազարբայից, սակայն շուտով նոր շրջապատման մեջ ընկնելով՝ անձնատուր է եղել և ընտանիքի հետ գերվել: Թշնամուն դիմակայել է նաև Վահկա ամրոցը՝ Կոստանտին զորավարի գլխավորությամբ:
1143-ին Լևոն Ա-ի որդի Թորոս Բ իշխանը (1145-69) կարողացել է փախչել գերությունից (հայրը մահացել էր Կ. Պոլսի բանտում) և եղբայրների’ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ համախմբելով հայկական ուժերը’ ազատագրել երկիրը բյուզանդացի և սելջուկ զավթիչներից, վերականգնել 1137-ից ընդհատված հայկական պետականությունը: 1152-ին վերստին Կիլիկիա են ներխուժել բյուզանդական զորքերը’ Անդրոնիկոս Կոմնենոսի հրամանատարությամբ: Հայկ. բանակը հանկարծակի գրոհով ջախջախել է թշնամուն: Լքելով բանակը’ Անդրոնիկոսն ապաստանել է Անտիոքի դքսի մոտ: Բյուգ. զորքերի հետագա արշավանքները ձախողվել են, և կայսրը ստիպված Թորոս Բ-ին պատվել է Պան Սեբաստոս բարձրագույն տիտղոսով և7 հաշտություն կնքել նրա հետ: Իշխանապետության սահմանները պաշտպանելու համար Թորոս Բ-ն պահել է 30-հազարանոց բանակ, վարել հայկ. հողերի միավորման և պետականության ամրապնդման հետևողական քաղաքականություն:
Թորոս Բ-ի որդուց’ Ռուբեն Բ-ից (1169-70) հետո իշխանությունն անցել է նրա հորեղբորը’ Մլեհին (1170-75), որը բյուզանդացիներից և խաչակիրներից վերջնականապես ազատագրել է երկրի ծովեզրյա շրջանները, Տարսոն, Ադանա, Պոմպեոպոլիս քաղաքները: 1173-ին պետության մայրաքաղաքը Վահկայից տեղափոխել է Սիս (Փլավիոպոլիս), որը դարձել է քաղաքական, պետական և մշակութային գլխավոր կենտրոն: Դավադրության զոհ դարձած Մլեհին հաջորդել է նրա եղբոր’ Ստեփանեի ավագ որդին’ Ռուբեն Գ իշխանը (1175-87): Վերջինիս գահակից եղբայրը և բանակի գլխավոր հրամանատարը’ Լևոնը, 1180-ական թթ-ին օտար տարրերից մաքրել է Ալեքսանդրետից մինչև Սելևկիա ձգվող ծովեզերքը’ հաղթական ավարտի հասցնելով Բյուզանդիայի դեմ հայոց շուրջ մեկդարյա պայքարը:
Ռուբեն Գ-ն, հնազանդեցնելով անջատամետ որոշ իշխանների, 1182-ին պաշարել է Լամբրոնը’ Հեթումյան հզոր իշխանության կենտրոնը, սակայն գրավել չի կարողացել: Կենտրոնական իշխանության դեմ պայքարում Հեթումյաններն օգնություն են խնդրել Անտիոքի դուքս Բոհեմուդից: Վերջինս 1185-ին Ռուբեն Գ-ին խաբեությամբ հրավիրել է Անտիոք և ձերբակալել: Փրկագին վճարելով՝ Ռուբեն Գ-ն ազատվել է (1187) և կամովին գահը հանձնել է եղբորը’ Լևոնին, որին Սմբատ Սպարապետը բնութագրել է որպես «այր իմաստուն եւ հանճարեղ, ձիավարժ հմուտ եւ ի զինուորութիւնս քաջասիրտ…»:
Լևոն Բ-ն 1187-ին ջախջախել է Իկոնիայի, ապա’ Հալեպի և Դամասկոսի սուլթանությունների զորքերին: Պատրաստվելով դիմագրավել եգիպտական սուլթան Սալահ ադ-Դինինին, 1193-ին նրան դաշնակցող Անտիոքի դքսությունից գրավել է (ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Պաղրաս և Դարպսակ բերդերը: Անդիոքի դուքս Բոհեմունդ III Կակազի (1173-1205) սադրանքով Սալահ ադ-Դինը նույն թվականին խոշոր բանակով շարժվել է Կիլիկիա, բայց սահմանամերձ Սև գետի մոտակայքում, մարտի 4-ին հանկարծամահ է եղել: 1194-ին Լևոն Ա Անտիոքի դքսին հարկադրել է ճանաչել իր ավագությունը, վեըադարձնել սահմանամերձ (Ջահան գետից մինչև Կասսան բերդը) հայաբնակ տարածքը և «Դրունք Ասորվոց» կարևոր ռազմական հանգույցը: Հաշտության պայմանագիրն ամրապնդվել է դքսի գահաժառանգ որդու’ Ռայմոնդի և Լևոն Բ-ի եղբոր 14-ամյա դուստր Ալիսի (Ալիծ) ամուսնությամբ: Ռայմոնդը դաստիարակվել է Հայոց արքունիքում’ պայմանով, որ նրա մահից հետո Անտիոքի գահն անցնի Ալիսից ծնված որդուն: Լևոն Բ Մեծագործի իշխանապետության տարիներին (1187-98) հզորացել է պետությունը, բարձրացել նրա միջազգային հեղինակությունը, ստեղծվել են թագավորություն հիմնելու նախադրյալներ:
Կիլիկիայի թագավորությունը
1196 – ին Գերմանիայի Հայնրիխ VI կայսրը կազմակերպել է խաչակրաց նոր արշավանք և իր զորքերի առաջնորդ Լյուբեկը Կոնրադ արքեպիսկոպոս Ծիրանավորին հանձնարարել է Լևոն Բ-ին օծել Հայոց թագավոր: Նույն թվականին Լևոն Բ-ի թագը ճանաչել է նաև Բյուզանդիայի Ալեքսիոս III Անգելոս կայսրը: Հռոմի պապը նույնպես ճանաչել է նրան Կիլիկիայի թագավոր: Լևոն Բ-ն թագադրվել է 1198-ի հունվարի 6-ին’ Սբ Ծննդյան օրը’ Տարսոն քաղաքի Սբ Սոփիա Մայր տաճարում: Օծել է Ամենայն հայոց կաթողիկոս Գրիգոր Ձ Ապիրատը (1194-1203): Լևոն Բ-ին կոչել են «Թագաւոր ամենայն Հայոց, եւ նահանգին Կիլիկէացոց եւ հսաւռիոյ»: Պատմագիրները նրա թագադրությունը գնահատել են որպես քաղ. մեծագույն իրադարձություն’ Հայոց կործանված թագավորության վերականգնում:
Լևոն Բ պատժել և հնազանդեցրել է արքունիքին ներհակ. Կիսանկախ ու անջատամետ ավատատեր իշխաններին ու հոգևորականներին: Նա խնամիական կապեր է հաստատել մի շարք քրիստոնյա պետությունների՝ Նիկեայի կայսրության, Երուսաղեմի թագավորության, Կիպրոսի, Հունգարիայի արքայատների հետ: Հատկապես հետևողական պայքար է ծավալել Անտիոքի ժառանգության համար: Լևոն Բ-ն արու զավակ չունենալով’ Անտիոքի դուքս Ռայմոնդի (մահացել է 1198/1199-ին) նորածին որդուն’ Անտիոքի գահաժառանգ Ռուբեն-Ռայմոնդին, որդեգրել և հռչակել է նաև Հայոց թագաժառանգ: Այդ քայլով Լևոն Բ-ն փորձել է Անտիոքի դքսությունը, որտեղ հայերն զգալի տոկոս են կազմել, նույնպես միացնել Կիլիկիայի թագավորությանը: 1201-ի Բոհեմունդ III Կակազի կրտսեր որդին՝ Տրիպոլիի դուքս Բոհեմուդ IV Միակնանին, մերժելով Ռուբեն-Ռայմոնդի իրավունքը՝ Տաճարական օրդենի ասպետների և Հալեպի ամիրայության զինակցությամբ խլել է Անտիոքի գահը: 1203-ին տապալելով Բոհեմուդին, Լևոն Բ-ն պատանի Ռուբեն-Ռայմոնդին բազմեցրել է դքսության գահին, Ալիսին կարգել խնամակալուհի: Այդ առթիվ Լևոն Բ-ի անունով Անտիոքում հատվել է արծաթե լատինագիր շքադրամ:Ռայմոնդի գահը 1210-ին ճանաչել են Գերմանիայի կայսրը և Հռոմի պապը:
1209-ին և 1211-ին Նիկիայի կայսր Թեոդորոս Լասկարիսի դաշնակցությամբ հայկական բանակը ջախջախել է սպառնացող Իկոնիայի սուլթանության զորքերին և հասել մինչև Կեսարիա: Լևոն Բ-ն զորքերն այնտեղից դուրս է բերել խոշոր ռազմատուգանք ստանալուց և սուլթանի հետ հաշտության շահավետ պայմանագիր ստորագրելուց հետո: Սակայն Իկոնիայի թուրքերը 1216-ի հունվարին, խախտելով հաշտության պայմանագիրը, ներխուժել են Կիլիկիա և պաշարել սահմանային Կապան բերդը: Հայկական հեծելազորի մի մասով թշնամուն ընդառաջ ելած Կոստանդին գունդստաբլը, Շողականի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում ժամանակին օժանդակություն չստանալով, շրջապատվել է և մի շարք զորականների հետ գերի ընկել: Սակայն շուտով հայկական բանակը թշնամուն դուրս է շպրտել երկրի սահմաններից: 1219-ին Լևոն Բ-ն, զիջելով Լուլուա և Լավզատ ամրոցները, փրկագնել է Կոստանդին գունդստաբլին և մյուս հայ իշխաններին:
1219-ի սկզբին ֆրանկները Գիյոմ դը Ֆարաբելի գլխավորությամբ դավադրաբար գրավել են Անտիոքը և Ռուբեն-Ռայմոնդին մատնել փախուստի: Իր հովանավորյալի անկայուն և թուլակամ վարքից հիսաթափված’ Լևոն Բ-ն նրան ղրկել է Հայոց գահի իրավունքից և թագաժառանգ հռչակել իր մանկահասակ դստերը՝ Զաբելին , որի մայրը Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստրն էր:
Լևոն Բ-ի օրոք Կիլիկիայի հայկական թագավորության սահմանները տարածվել են Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովեզերքից մինչև Տավրոսի և Անւոիտավրոսի լեռները: Բուն Կիլիկիա յից բացի’ Հայոց թագավորության մեջ են մտել Պամփյուլիան, Իսավրիան, Լիկաոնիան, Կադառնիան ու Գերմանիկեն: Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար վերաշինվել են հին բերդերը, կառուցվել նոր ամրություններ ու հսկիչ դիտանոցներ, հզորացվել է հայոց բանակը, հաստատվել է ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն: Տնտեսական կյանքը խթանելու համար բարեկարգվել են քաղաքները, բանուկ ճանապարհները, առևտրական արտոնյալ պայմանագրեր են կնքվել (1201, 1212) Վենետիկի, Ջենովայի, Պիզայի և վաճառաշահ այլ քաղաքների ու երկրների հետ, կազմակերպվել է առևտր. նավատորմիղ, հատվել են արծաթե և ոսկե դրամներ: Լևոն Բ-ի հրամանով նորոգվել են հին վանքերը, կառուցվել նորերը (Ակների, Գայլու ևն) և նրանց կից բացվել վարժարաններ, դպրատներ (ուսուցումը’ հայոց և օտար լեզուներով): Լևոն Բ-ն իր արքունիքում արտոնյալ պայմաններ է ստեղծել գիտնականների ու արվեստագետների համար: Նրա օրոք ընդօրինակվել և կորստից փրկվել են բազմաթիվ հին ձեռագրեր, հայերեն են թարգմանվել գիտական և գրական արժեքավոր երկեր:
Լևոն Մեծագործի մահվանից հետո Զաբելի ամուսնությունը և թագաժառանգությունն արքունիքի համար դարձել են քաղաքական խնդիր: Հայոց արքան պետության խնամակալներ էր կարգել Կոստանդին գունդստաբլին, Գաստոնի տեր Ադանին և Հովհաննես Ձ Ասեցի կաթողիկոսին: Օգտվելով պատեհ իրադրությունից’ Ռուբեն-Ռայմոնդը փորձել է գրավել գահը, բայց Կոստանդինը պարտության է մատնել նրան և բանտարկել Տարսոնում: 1222-ին Ձաբելին (թագուհի’ մինչև 1252-ը) ամուսնացրել են Անւոիոքի դուքս Բոհեմուդի 16-ամյա որդի Ֆիլիպի հետ և նրան հանձնել գահը’ պայմանով, որ պահպանի հայոց հավատն ու սովորույթները, հարգի հայ իշխանների իրավունքները: Սակայն Ֆիլիպը, հոր սադրանքով, չի կատարել խոստումը, որի համար Կոստան դինը 1225-ին ձերբակալել և մահապատժի է ենթարկել նրան:
Իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրած Կոստանդինը, 1226-ին ավելի քան 60 իշխանների հետ խորհրդակցելով, որոշել է իր 13-ամյա որդի Հեթումին պսակել Զաբելի հետ և հռչակել Կիլիկիայի հայոց թագավոր: Դրանով ավարտվել է նաև Ռուբինյաննե րի և Հեթումյան-Օշինյան տոհմերի տևական մրցակցությունը: Մինչև որդու չափահաս դառնալը ինքը եղել է նրա խնամակալը (պայլ) և վարել երկրի գործերը:
Հեթում Ա-ն (1226-69) դարձել է նոր’ Հեթումյանների արքայատոհմի հիմնադիրը: Նրա ավագ եղբայր Սմբատը նշանակվել է սպարապետ (գունդստաբլ) և Կիլիկիայի հայոց բանակը ղեկավարել շուրջ 50 տարի, Օշինը՝ պայլ, Բարսեղը՝ Սիս մայրաքաղաքի արքեպիսկոպոս և Դրազարկի վանահայր: Հեթումյանների ամրոց Լամբրոնը հանձնվել է Հեթում Ա-ի քեռուն՝ Կոստանտին իշխանին, որը վարել է թգադրության գործակալությունը:
Խեթում Ա-ի գահակալման ժամանակ մոնղոլ-թաթարները, պարտության մատնելով հկոնիայի սուլթանությանը, սկսել են սպառնալ Կիլիկիայի թագավորությանը, որտեղ ապաստանել էր Իկոնիայի սոիլթանի ընտանիքը: Այն կանխելու նպատակով Հեթում Ա-ն 1243-ին խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլ զորավար Բաչու Նոյինի հետ, իսկ 1254-ին մոնղոլական տերության մայրաքաղաք Կարակորումում նոր դաշնագիր է կնքել Մանգու մեծ խանի հետ: Այդ դաշինքը ոչ միայն կանխել է մոնղոլների ներխուժումը Կիլիկիա, այլև ապահովել է նրանց աջակցությունը սելջուկ թուրքերի և Եգիպտոսի դեմ մղվող պայքարում: Կիլիկյան Հայաստանը պարտավորվել է զինակցել մոնղոլներին Հյուսիսային Միջագետքը, Ասորիքը և Պաղեստինը գրավելու ժամանակ: Չափավորվել են բուն Հայաստանի բնակչության հարկերը, հայերին արտոնվել է ազատ առևտուր անել մոնղոլական ամբողջ տերության տարածքում:
1256-62-ին Հեթում Ա-ն սանձել է հկոնիայի սելջուկների ու թուրքմենների ոտնձգությունները, ազատագրել Հերակլեա և Մանիոն սահմանային բերդերը, Կապադովկիայի հարավային շրջանները, ինչպես նաև Մարաշ, Այնթապ, Բեհեստ քաղաքներն ու նրանց շրջակայքը:
Վերստին հզորացող Եգիպտոսի սուլթանությունը, օգտվելով մոնղոլական աշխարհակալության տրոհումից ու թուլացումից, 1266-ին մեծ ուժերով ներխուժել է Կիլիկիա. Մառիի ճակատամարտում հայկական զորամասի պարտությունից հետո թշնամին գրավել ու կողոպտել է Սիսը և այլ քաղաքներ, գերեվարել բազմաթիվ հայերի: Հեթում Ա-ն, որոշ բերդեր զիջելով Եգիպտոսի սուլթանությանը, 1268-ի հուլիսին հաշտություն է կնքել և գերությունից ազատել գահաժառանգ Լևոնին: 1269-ին Տարսոն քաղաքում Լևոն Գ-ին օծելով թագավոր (1269-89)’ ծերացած Հեթումը մտել է Դրազարկի վանք որպես «եղբայր Մակար»:
Լևոն Գ-ի գահակալման սկզբնական տարիներին հայոց թագավորությանը հարավ- արևելքից սպառնացել է Եգիպտոսի սուլթանությունը, հյուսիսից’ Իկոնիայի թուրքերը, երկրում սրվել են ավատատիրական երկպառակությունները: 1275-ին Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժել են Կիլիկիա, ավերել և կողոպտել մի շարք բնակավայրեր: Սսի մոտ հայկական բանակը Սմբատ Սպարապետի գլխավորությամբ ջախջախել է թշնամուն և ազատագրել երկիրը: Հայերը մամլուքներին պարտության են մատնել նաև 1276- ին: Այնուհետև Լևոն Գ-ն հաղթել է հկոնիայի սուլթանին և մոնղոլ – թաթարական ուժերով արշավել Ասորիք: Փոփոխակի հաջողություններով կռիվները շարունակվել են շուրջ 1 տասնամյակ: 1285-ին Լևոն Գ-ն և Եգիպտոսի սուլթանն ստորագրել են 10-ամյա խաղաղության պայմանագիր, որով կողմերը փոխանակել են գերիներին, վաճառականներին շնորհվել է ազատ առևտրի իրավունք երկու պետություններում: 1271-ին վերականգնվել են վենետիկցիների, իսկ 1288-ին’ ջենովա- ցիների հետ կնքված առևտր. պայմանագրերը, հատվել են ոսկե, արծաթե և պղնձե դրամներ: Լևոն Գ-ի հովանավորությանն ու մեծարանքին են արժանացել Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Երզնկացին, Վահրամ Րաբունին և ուր.:
Լևոն Գ-ին հաջորդած Հեթում Բ թագավորը (1289-96, 1299-1301), հիասթափվելով թուլացած ու մահմեդականացած մոնղոլների հետ դաշինքից, դիմել է Հռոմի պապի և Արևմուտքի օգնությանը’ ավելի սրելով մահմեդական հարևանների թշնամանքը: 1292-ին եգիպտական զորքերը գրավել են կաթողիկոսանիստ Հռոմկլա բերդաքաղաքը և գերել Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին: Նոր’ Գրիգոր է Անավարզեցի կաթողիկոսը (1293-1307) հարկադրված էր աթոռը տեղափոխել Սիս: Հեթում Բ-ի ապաշնորհ քաղաքականությունից դժգոհ’ նրա եղբայր Սմբատը գրավել է գահը և բանտարկել Հեթումին: 1298-ին նրանից գահը խլել է մյուս եղբայրը’ Կոստանդինը: Օգտվելով երկրում բռնկված գահակալական կռիվներից’ նույն թվականի գարնանը Եգիպտոսի սուլթանության և հարևան ամիրությունների զորքերն ավերել ու կողոպտել են երկրի արևելյան շրջանները, նվաճել Ջահան գետից հարավ ընկած տարածքները’ Հումուս, Թիլ, Համդուն, Կվայրան, Նողայր, Մարաշ և այլ բերդաքաղաքներով: 1299-ին վերստին գահ բարձրացած Հեթում Բ-ն մոնղոլների օգնությամբ վերագրավել է դրանք:
1301-ին Հեթում Բ-Ն թագավոր է հռչակել իր մանկահասակ եղբորորդուն’ Լևոն Դ-ին (գահակալել է մինչև 1308-ը), դարձել նրա խնամակալն ու «թագավորահայրը» և շարունակել վարել լատինամետ քաղաքականություն: Արևմուտքի պետություններն օգնության դիմաց պահանջել են, որ Հայ առաքելական եկեղեցին ընդունի կաթոլիկություն և հպատակվի Հռոմի պապին: 1307-ին Սիս մայրաքաղաքի Սբ Սոփիա Մայր տաճարում Լևոն Դ-ն քննել է կաթոլիկ եկեղեցուն միանալու առաջարկը: Թեև արքունիքի ճնշմամբ ժողովն ընդունել է եկեղեցիների միացումը, սակայն ժողովուրդը մերժել է այն և պայքարել լատինասեր հոսանքի’ ունիթորների դեմ, որի հետևանքով խախտվել է երկրի հասարակա-քաղաքական միասնությունը:
Լևոն Դ-ի քայլը դիտելով որպես խաչակիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ’ մոնղոլ զորավար Փիլարղուն Անարզաբա քաղաքում դավադրաբար սպանել է նրան և նրան ուղեկցող 40 հայ իշխաններին: Իսկ հայկական զորքերը Հեթում Բ-ի եղբայրների’ Օշինի և Ալինախի գլխավորությամբ սպանել են Փիլարղուին, ոչնչացրել նրա ջոկատը, որով փաստորեն վերջ է դրվել հայ – մոնղոլական զինակցությանը:
Լևոն Դ-ին հաջորդած Օշին Ա-ն (1308-20) Հռոմի պապի պահանջով 1309-ին հրավիրել է նոր ժողով’ Սսի ժողովի որոշումները վերստին քննելու հորդորով: Հանդիպելով ազգային ուժերի դիմադրությանը’ Օշին Ա-ն առժամանակ դադարեցրել է դավանաբանական վեճերը: 1316-ին Ադանայում գումարված նոր ժողովում կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշումը կրկին չի իրականացվել ժողովրդի դիմադրության շնորհիվ: 1318-ին Եգիպտոսի մամլուքներն ու Իկոնիայի թուրքմեն կարամանները ներխուժել են Կիլիկիա և ասպատակել Տարսոնի շրջակայքը: Հայկական զորքերը Կոռիկոսի բերդի տեր Օշին պայլի առաջնորդությամբ զգալի կորուստներով հետ են մղել թշնամուն:
Օշին Ա-ին հաջորդել է նրա 10-ամյա որդի Լևոն Ե-ն (1320-42): Սկզբում երկիրը կառավարել են նրա խնամակալ իշխանները, հատկապես բերդի տեր Օշին Ա-ն, որը ճնշել է ունիթորների խռովությունը, կանխել Եգիպտոսի սուլթանության և թուրքմեն կարամանների առաջխաղացումը, դրացիների հետ վարել խաղաղ գոյակցության քաղաքականություն: Սակայն չափահաս դառնալուց հետո Լևոն Ե-ն խաչակրաց նոր արշավանքի հորդորով դիմել է եվրոպացիներին: Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրի զորքերը 1335-ին և 1336-ին վերստին ասպատակել են Կիլիկիան: 1337-ին Լևոն Ե-ն ծանր պայմաններով հաշտություն է կնքել, որով երկրի հարավ-արևելյան շրջանները (Սև լեռներից մինչև Ջահան գետ) և Այաս նավահանգըստային քաղաքն անցել են Եգիպտոսին, իսկ ինքը պարտավորվել է չդաշնակցել Արևմուտքի պետությունների հետ: Լևոն Ե-ն հանկարծամահ է եղել (1342)’ առանց ժառանգ թողնելու, որով ընդհատվել է Ռուբինյան-Հեթումյան արական ճյուղը: Ունիթորները հայոց գահը հանձնել են Կիպրոսի Լուսինյանների արքայատան ներկայացուցիչ Գվիդոնին (Կի), որը 1310-ին հոր’ Ամորի Բ-ի դավադիր սպանությունից հետո 4 եղբայրների և մոր’ Զաբելի (Լևոն Գ Հեթումյանի դուստրը) հետ փախել էր Կիլիկիա, ապրել Լևոն Ե-ի արքունիքում:
1343-ին Գվիդոնը հայկakan ծեսով օծվել է հայոց թագավոր’ Կոստանդին Գ անունով: Նրա լատինամետ քաղաքականությունը բորբոքել է ժողովրդի դժգոհությունը: 1344-ին հայրենասեր ուժերը իշխան Օշին Բակուրանի գլխավորությամբ ապստամբել և Ադանայում սրատել են Կոստանդին Գ-ին և նրա ֆրանկ պալատականներին: Իշխանների խորհուրդը թագավոր է ընտրել Հեթումյանների ազգական, Նղրի տեր մեծ մարաջախտ Բաղդինի որդի Կոստանդին Դ-ին (1345-63):
Մահմեդական ամիրությունների հարձակումները պարբերաբար կրկնվել են 1340-50-ական թթ-ին: 1360-ին մամլուքները նվաճել են Դաշտային Կիլիկիան’ Տարսոն և Ադանա քաղաքներով: 1369- ին Եգիպտոսի 60-հազարանոց բանակը պաշարել է Սիսը, հրդեհել քաղաքը, սակայն չկարողանալով գրավել միջնաբերդը’ նահանջել է: Պաշտպանական մարտերում սխրագործություններով աչքի է ընկել Լիպարիտ սպարապետը:
1373-ին ունիթորները սպանել են Կոստանդին Ե թագավորին (գահակալել է 1365-ից) և գահը հանձնել Ջիվան Լուսինյանի որդի Լևոն Զ-ին (1373-75), որն իր լատինամետ քաղաքականությամբ հարուցել է հայերի և շրջակա մահմեդական պետությունների դժգոհությունը: Եգիպտոսի սուլթան Մելիք-Աշրաֆի զորքերը ներխուժել են Կիլիկիա և 1375-ի հունվարի 5-ին պաշարել Սիսը: Փետըվարի 24-ին նրանց միացել են Հալեպի ամիրության զորքերը: Հայկական սակավաթիվ ուժերը, ամրանալով Սսի միջնաբերդում, շուրջ 3 ամիս դիմադրել են թշնամուն:
Սսի անկումը հայ պատմիչները գնահատել են որպես հայոց պետականության կործանում: Ներքին երկպառակությունները և արտաքին հարձակումներն ի վերջո հանգեցրել են Կիլիկիայի հայկական պետության կործանմանը: Լևոն Զ-ն իր ընտանիքի, կաթողիկոսի և շուրջ 20 հայ մեծամեծների հետ գերեվարվել է Եգիպտոս: 1382-ի սեպտեմբերին թագավորն ազատվել է գերությունից և մեկնել Եվրոպա: Կյանքի վերջին տարիներին ապրել է Փարիզում և այնտեղ էլ վախճանվել 1393-ին: