Սա Արցախի հարավում գողտրիկ, փոքրիկ գյուղ է, որը գտնվում է Կովսականից ոչ հեռու, մոտ 70-80 մարդ բնակչությամբ: Երբ յոթ տարեկան էի ես եղա այնտեղ ընտանիքիս հետ և հյուրընկալվեցի, ծնողներիս ընկերների տանը: Իմ հիշողության մեջ այդ տարածքը մնաց իբրև մի դրախտավայր: Փայտե տնակը, որտեղ ապրում էր մեզ հյուրընկալող ընտանիքը, գտնվում էր հենց Ծավ գետի ափին, որի մյուս ափից սկսվում և խորանում էր Սոսյաց անտառը: Դա քաղաքակրթությունից հեռու, մաքրամաքուր բնության մի օրրան էր, որտեղ ազատ շրջում էին ընտանի կենդանիները՝
կովերը, խոզերը, հավերն ու հնդկահավերը, որտեղ բոլոր ընտանիքները միմյանց ճանաչում ու վստահում էին: Մենք լողանում էինք Ծավ գետի սառնորակ ջրերում, շրջում անտառով և վայրի շլոր ու մոշ էինք հավաքում: Երեկոները մենք անց էինք կացնում խարույկի շուրջը, կարտոֆիլ և այլ բանջարեղեն էինք խորովում: Մհերը՝ տանտերը, շատ հետաքրքիր պատմություններ էր պատմում: Նա լավ գիտեր անտառը, գիտեր յուրաքանչյուր ծառը: Նա պատմում էր, որ սոսիները աճում են իրենց սերմից միայն այնտեղ և աշխարհի մյուս ծայրում՝ Կանադայում: Սոսիները շատ հաստաբուն են, դրանցից մեկի փչակում մենք տեղավորվեցինք ողջ ընտանիքով:
Զարմանլի միջատներ կային այնտեղ: Երեկոյան գիշերային թիթեռները հավաքվում էին լույսի վրա, իսկ առավոտյան լվացքի վրա միջատների մի ամբողջ շարան էինք հայտնաբերում, այնտեղ և՛ թիթեռներ, և՛ ծիրանհասուկներ և՛ ճպուռներ կային:
Դիցմայրիից վեց կմ հյուսիս-արևուտք գտնվում է Փշատեցրուսի ուշմիջնադարյան միանավ բազիլիկ եկեղեցին:
Դիցմայրին իսկապես դրախտավայր է: