Տրդատ Ա
54 թվականին Հայաստանն ապստամբում է Հռոմից, հայտարարում իր անկախության մասին և Տրդատ Արշակունին պարթևական բանակով մտնում է Հայաստան և հայ ավագանու կողմից հռչակվում որպես Հայոց թագավոր Տրդատ Ա Արշակունի (54-88)` այսպիսով Հայաստանում հիմք դնելով Արշակունիների թագավորությանը (54-428):
58 թվականին միայն Հռոմը կարողացան լրջորեն անդրադառնալ Հայաստանին և հռոմեական զորքերը Գնեոս Դոմետիոս Կորբուլոնի գլխավորությամբ մտան Հայաստան` վերականգնելու իրերի նախկին վիճակը: Նրանք կարողացան ընկճել հայոց զորքերին: Պարթևաց արքան զբաղված լինելով պատերազմով արևելքում` վրկանանց երկրում, չկարողացավ ժամանակին օգնության փութալ: Հայկական բանակը նահանջեց Ատրպատական: Հռոմեացիները գրավեցին մայրաքաղաք Արտաշատն ու ավերեցին այն: Իր բարբարոս վարմունքը Կորբուլոնը բացատրում է նրանով, որ զորքերի սակավության պատճառով չի կարող կայազոր թողնել այնտեղ: Իրականում Արտաշատը` Հայոց Կարթագենը, հռոմեացիներն ավերեցին, որպեսզի հայերն այն չդարձնեին հզոր պատվար հակահռոմեական պայքարում:
Հռոմը գահազուրկ հայտարարեց Տրդատ Ա և հայոց գահին բազմեցրեց ազգությամբ հրեա Տիգրան Զ, ով մայրական կողմից հեռավոր ազգակցական կապ ուներ հայ Արտաշեսյանների հետ: Տրդատ Զ մայրաքաղաք հռչակեց ու հաստատվեց Տիգրանակերտում:
Վաղարշ Ա շտապ հաշտություն կնքեց վրկանանց երկրի հետ ու զորքով շտապեց Հայաստան` աջակցելու եղբորը` հայոց թագավոր Տրդատին` մեծ ուժեր կենտրոնացնելով հայոց Միջագետքում: Հայ-պարթևական ուժերը գրավեցին Տիգրանակերտը: Տիգրան Զ արքան հռոմեական զորքերով փախուստի դիմեց:
Ստիպված լինելով հաշտվել եղելության հետ` Կորբուլոնը ճանաչեց Տրդատի իրավունքները հայոց գահի վրա և Մծբինում զինադադար ստորագրեց Տրդատի հետ: Սակայն Կորբուլոնի վարմունքը դժգոհություն է առաջացնում Հռոմի արքունիքում: Ներոն կայսրը (54-68) նրան շնորհազրկում է և շուտով` 62 թվականին Հայաստան է ուղարկում մեծ զորաբանակ Կապադովկիայի կուսակալ Կեսենիոս Պետոսի հրամանատարությամբ:
Սակայն Պետոսին և հռոմեական բանակին անփառունակ վախճան էր սպասվում: Պետոսը գոռոզ ու ինքնահավան զորավար էր: Մի քանի սահմանային ամրություններ գրավելով` նա զեկուցագրեր ուղարկեց Հռոմ, թե Հայաստանը նվաճված է: Նրա ամբարտավանությունը հասավ այնտեղ, որ նա անգամ հարկ չհամարեց պահապապետեր ու ժամապահներ կարգել հռոմեական զորքի կայանատեղի-ճամբարում: Օգտվելով առիթից` 62 թվականի գարնանը հայոց բանակը Վասակ սպարապետի ու Տրդատ արքայի հրամանատարությամբ Ծոփքում` Արածանու ափին գտնվող Եռանդի (Հռանդեա) դաշտում շրջափակման է ենթարկում հռոմեական բանակը:
Հռոմն իր պատմության ընթացքում երեք անգամ է մեծ պարտություն տեսել: Պարտություններ, որոնք նվաստացրել են Հռոմին ու նրա հեղինակությունը նսեմացրել: Առաջինը մթա 216 թվականին, երբ Կարթագենի զորավար Հաննիբալը Կաննի ճակատամարտում ջախջախեց մեծաթիվ հռոմեական զորքը: Ապա մթա 53 թվականին, երբ հայ-պարթևական բանակը Խառանի ճակատամարտում ջարդեց հռոմեական զորքերին, իսկական սպանդ սարքեց ու հարուստ ռազմավար ձեռք բերեց: Հռոմի Երրորդ խայտառակությունը Եռանդում էր: Հայոց բանակը շրջապատված ու գերված ոսոխին ուղղակի նվաստացրեց` ստիպելով հռոմեացի լեգեոնականներին ծնկաչոք անցնել նիզակներով պատրաստած լծի տակով:
Այս խայտառակությունից հետո Հռոմեական զորքերը զինաթափված փախուստի դիմեցին Գամիրք:
Կարգալույծ արված Պետոսի փոխարեն Արևելքի գործերն իր ձեռքը վերցրեց դարձյալ Կորբուլոնը ով ճիշտ գնահատելով իրերի բնույթը, շտապեց հաշտություն կնքել Տրդատ Ա հետ, ճանաչել նրա թագավորությունը Հայաստանում, սակայն հաշտության պայմանագրի վավերացումը թողնելով ապագայում, քանզի Տրդատ Ա համաձայնություն տվեց այցելել Հռոմ ու հայոց թագն ստանալ անձամբ Ներոն կայսրից:
64 թվականին Տրդատ Ա երեք հազար հեծյալից բաղկացած մեծ շքախմբով մեկնում է Հռոմ: Հռոմեացի պատմիչները նշում են, որ երբեք ոչ մի գահակալ նման փառահեղ ընդունելության չի արժանացել Հռոմում: Սովորաբար օտար գահակալները Հռոմ են ժամանել հռոմեացի զորավարների գերյալներ որպես, որպես հպատակներ ու հարկատուներ… Իսկ Տրդատին Ներոնը անձամբ դիմավորեց Հռոմից շատ հեռու` Նեապոլիսում: Տրդատը Հռոմ մտավ հաղթահանդեսով, որպես հաղթող ով իր սրով կերտեց Հայաստանի անկախության իրավունքն ու գոռոզ Հռոմին ստիպեց հաշտվել իրողության հետ:
Ներոնը Տրդատի պատվին տոնահանդեսներ և գլադիատորական խաղեր կազմակերպեց Հռոմում: Տրդատ Ա արքայի ընդունելությունը Հռոմի գանձարանին հսկայական գումար արժանացավ:
Ներոնը Տրդատին հանձնեց հայոց գահը Հռոմի ֆորումում: Հայաստանը որպես Հռոմին իրավահավասար տերություն` հռչակցեց ՙՀռոմեական ժողովրդի դաշնակից և բարեկամ պետություն՚:
Տրդատը դատարկ ձեռքով չէր ժամանել Հռոմ: Նա Ներոն կայսեր համար չքնաղ նվեր տարավ, որ այսօր էլ, երկու հազար տարի անց հիացնում է Իտալիա այցելողներին: Այդ նվերը Վենետիկյան հրաշալի Կվադրոն է` Վենետիկի սուրբ Մարկոսի տաճարի ճակատը զարդարող քառաձի քանդակը:
Ներոն կայսրը ճանապարհելով Տրդատին` մեծ ռազմատուգանք վճարեց նրան, որով հայոց արքան վերանորոգեց Կորբուլոնի կողմից ավերած Արտաշատ մայրաքաղաքը: Տրդատը իրեն նշանավորեց նաև այլ շինությամբ: Նա Գառնի ամրոցի տարածքում գտնվող հին տաճարի փոխարեն կառուցեց նորը` հիմք ունենալով հին հայկական տաճարաշինական մոդելը` Մուսասիրի տաճարը և թողեց արձանագրություն. «Հելիոս (արև) Տիրիդատես (Տրդատ) թագավոր Մեծ Հայքի, թագավորելով իբրև դեսպոտ (վեհապետ) կառուցեց պայծառափայլ թագուհու համար 11-րդ տարում (75 թ.) իր թագավորության»:
Նա իր թագավորության ժամանակ արշավանք ձեռնարկեց դեպի հյուսիս` պատժելու Կովկասյան լեռնականներն, որոնք ասպատակում էին Հայաստանը:
Տրդատ Ա (54-88) իր գահակալությամբ Հայաստանում հիմք դրեց նոր` Արշակունիների թագավորության (54-428):
Տրդատը իր թագավորությամբ փառավորեց հայոց անունն ու մահացավ 88 թվականին:
Քրիստոնեության մուտքը Հայաստան
Համաձայն Մովսես Խորենացու` դեռ Տրդատ Գ արքայից շատ առաջ` I դարում, Եդեսիայի հայոց Աբգար թագավորի օրոք հայերը քրիստոնեություն են ընդունել: Վաղնջական ժամանակներից հյուսիսային Միջագետքը եղել է հայաբնակ: Այստեղ դեռ մ.թ.ա. III դարից իշխում էր հայ Երվանդունիներից սերված Աբգարյանների տոհմը: Համաձայն Խորենացու` Աբգար թագավորը այցելում է իր ազգակից պարթև Արշակունիներին և այնտեղ ծանր հիվանդանում: Չկարողանալով բուժվել` թագավորը որոշում է դիմել Պաղեստինում քարոզող Հիսուսին: Համաձայն ավանդույթի` Աբգարը Հիսուսի մասին լսել էր Աղձնիքի բդեշխից և Ապահունյաց նահապետից: Նրանցից լսելով Հիսուսի գործերի մասին` արքան ասում է. «Դրանք մարդու զորություններ չեն, այլ աստծո, որովհետև մարդկանցից ոչ ոք չի կարող մեռելներ հարուցանել, այլ միայն աստված»: Ապա Աբգար արքան նամակ է ուղարկում Հիսուսին. «Լսել եմ քո մասին և այն բժշկությունների մասին, որ կատարվում են քո ձեռքով առանց դեղերի ու արմատների… Երբ այս ամենը քո մասին լսեցի, մտքում դրեցի այս երկուսից մեկը. կա՛մ դու Աստված կլինես, որ երկնքից իջել ես, այս բաներն անում ես, կա՛մ Աստծո որդի: Այս պատճառով քեզ գրեցի աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ և բժշկես իմ հիվանդությունը: Նաև լսեցի, թե հրեաները քեզնից դժգոհում են և ուզում են քեզ չարչարել: Բայց ես մի փոքր և գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է…»:
Աբգարի սուրհանդակները Աբգարի նամակը Անդրեաս և Փիլիպոս առաքյալների միջոցով հանձնում են Հիսուսին:
Խորենացին մեջբերում է նաև Հիսուսի խոսքը Աբգարին, որ նրա հանձնարարականով գրի է առել Թովմաս առաքյալը. «Երանի նրանց, ովքեր ինձ հավատում են, ինձ տեսած չլինելով… Իսկ դու ինձ գրեցիր, որ գամ քեզ մոտ: Ես այստեղ պիտի կատարեմ այն բոլորը, որի համար ուղարկված եմ… Քեզ մոտ կուղարկեմ իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկի և կյանք շնորհի քեզ և քեզ հետ եղողներին…»:
Հիսուսը Աբգարի սուրհանդակ Անանի հետ պատասխան նամակի հետ ուղարկում է նաև իր պատկերը:
Համաձայն ավանդության` Հիսուսի խաչելությունից հետո Հայաստան են այցելում և նրա խոսքն են քարոզում Թադևոս ու Բարդուղիմեոս առաքյալները:
Քրիստոնեությունը Հայաստանում վերջնականապես ամրապնդվեց Տրդատ Գ Արշակունու օրոք (287 – 330):
Ավանդույթը պատմում է Տրդատի` քրիստոնյաներին հալածելու, Գրիգոր Պարթևին բանտարկելու, արքայի այլակերպության և նրա քրիստոնեական դարձի մասին:
II-III դարերում քաղաքակիրթ հանրությունը հասարակական կացության նոր էտապ էր ապրում: Քայքայվում էր ստրկատիրական հասարակարգը, և նրան փոխարինելու էր գալիս ավատատիրությունը: Փոփոխությունների էին ենթարկվում սեփականության ձևերը, հասարակական հարաբերությունները: Այս համապատկերում էլ Հայաստանի ավատատիրական էլիտան նոր կրոնի մեջ տեսնում էր իր շահերի պաշտպանին ու հենարանին:
Իսկ հայկական ավանդույթը քրիստոնեության մուտքը Հայաստան կապում է մեկ մարդու հետ: Գրիգոր Պարթև. ո՞վ էր նա:
226 թ. Հայաստանի հարևան և բարեկամ երկրում ռազմական հեղաշրջման արդյունքում Արշակունիների թագավորությունը տապալվում է, սպանվում է Արտավան Ե արքան, և գահ է բարձրանում Արտաշիր Պապականը` հիմք դնելով Սասանյանների հարստությանը:
Բնականաբար, այս հեղաշրջումը չէր կարող անարձագանք մնալ Հայաստանում, որտեղ իշխող Արշակունի Խոսրով Ա արքան պատերազմ է հայտարարում Սասանյան Պարսկաստանին և երկար տարիներ ավերածությունների ենթարկում Իրանը:
Միաժամանակ Սասանյանների դեմ պատերազմ են սկսում Միջին Ասիայի քուշանները, Մազքութաց Արշակունիները:
Օղակի մեջ հայտնված պարսից Շապուհ Ա արքան դիմեց խորամանկության: Նրա պատվերով, իբր Շապուհի հալածանքներից խուսափելու համար, ընտանիքով Հայաստան է «փախչում» Սուրենյան Պահլավ տոհմից Անանկ Պարթևը: Խոսրովը երկու պատճառ ուներ Անանկին ընդունելու համար: Նախ` Շապուհի «թշնամին» էր, ապա` Սուրենյան Պահլավի տոհմը ազգակից էր Արշակունիներին:
Եվ Անանկ ստահակը կատարում է իր սև գործը. երեք տարի հայոց արքայի հյուրընկալությունը վայելելուց հետո նա դավադրաբար սպանում է Խոսրովին: Հայոց նախարարները, բնականաբար, ոչնչացնում են Անանկի ողջ ընտանիքը, բացի Գրիգոր անունով մանուկից, որին ստնտուները փախցնում են արտասահման: Ահա այս Գրիգոր Պարթևն է, որ հայոց աշխարհում շատ խառնակությունների և դարակազմիկ իրադարձությունների պատճառը պիտի դառնար:
Գրիգոր Պարթևը մեծացավ և ուսում առավ Կապադովկիայի Կեսարիա քաղաքում: Մանկուց նա քրիստոնյա համայնքի մեջ էր, իսկ երբ չափահաս դարձավ, Դավիթ անունով մի հավատացյալ (հավանաբար հրեա) նրան պսակեց իր Մարիամ անունով դստեր հետ: Սակայն երեք տարի անց Գրիգորը լքում է կնոջն ու ընտանիքը և գալիս Հայաստան` ծառայելու Տրդատ III-ի արքունիքում: Հավանաբար Գրիգոր Պարթևի Հայաստան գալու բուն նպատակը հենց քրիստոնեություն քարոզելն էր, այլապես քիչ հավանական է, որ նա իր կյանքը վտանգի ենթարկեր` Տրդատի արքունիք գալով: Ամեն դեպքում, նախնական շրջանում նա ծպտված էր հանդես գալիս, և ոչ ոք չգիտեր, որ նա Անանկ ստահակի որդին է:
Սակայն հայկական ավանդույթը պատմում է, որ Անահիտ աստվածուհու Երիզայում գտնվող սրբավայրում ծիսակատարության ժամանակ Տրդատ արքան հրամայում է Գրիգորին, որ երկրպագի աստվածուհուն: Գրիգորը հրաժարվում է կատարել հրամանը, և ահա պարզվում է Գրիգորի ոչ միայն քրիստոնյա լինելը, այլև` ծագումը:
Երբ զայրացած արքան հարցաքննում է Գրիգորին, վերջինս իրեն ավելի անսանձ ու անպարկեշտ է պահում` արքային անվանելով «ապուշ, ձի, ջորի» , «մտքով եզից ու էշից պակասամիտ»:
Տրդատ արքան ստիպված էր տանջանքների ենթարկել ամբարտավանին և նետել Խոր Վիրապ կոչվող արքայական զնդանը: Համաձայն առասպելի` Գրիգորն այս զնդանում մնաց 13 տարի: Նույն առասպելը պատմում է, որ մի կին, երազում հրաման ստանալով, ամեն օր մեկ նկանակ է նետում, որպեսզի բանտարկյալը կարողանա ուտել և գոյատևել: Սա, իհարկե, միայն առասպել է: Ոչ մի կին չէր կարող անգամ մոտենալ արքայական զնդանին, ուր մնաց` այնտեղ հաց նետեր:
Ապա առասպելը պատմում է Տրդատի` Հռիփսիմե կույսի հանդեպ տածած անզուսպ կրքի և նրանց պայքարի մասին: Պայքար, որ ավարտվում է Հռիփսիմեի ու նրա ընկերուհիների նահատակությամբ, Տրդատի հիվանդությամբ: Եվ արքային հիվանդության ճանկերից ազատելու համար հիշում են Գրիգոր Պարթևին, ստիպված են լինում ազատել նրան զնդանից և դիմել նրա օգնությանը…
Եվ այստեղ սկսում է քաղաքական և հոգևոր հեղաշրջումը… Հավատափոխ արքան, առաջնորդ ունենալով Գրիգոր Պարթևին, հրով ու սրով իր երկրում տարածում է նոր հավատը: Արքայի հրամանով քանդվում են հայոց հրաշագեղ տաճարները, երկրից արմատախիլ է արվում բնապաշտական մշակույթը, ավերակների է վերածվում ամեն ինչ. կարծես դրանք օտարի, թշնամու ստեղծածն էին:
Տարօրինակ է, բայց փաստ. հայը, որ անգամ նվաճելիս խնայել ու պահպանել է ուրիշի ստեղծածը, այն ամենը, ինչ գեղեցիկ է, արմատախիլ արեց ու ոչնչացրեց սեփականը…
Աբյուրները՝ Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆԻ հոդվածներ: