Ալեքսանդր Մակեդոնացին ծնվել է մ․թ․ա․ 356 թվականին Մակեդոնիայի մայրաքաղաք Պելլայում։ Ալեքսանդրի հայրը Մակեդոնիայի արքա Փիլիպոս II-ն էր: Փոքրիկ Ալեքսանդրի դաստիարակությամբ զբաղվել է մայրը՝ Օլիմպիադան։ Այդ տարիներին Փիլիպոսը պատերազմներ էր մղում Հունաստանի քաղաք-պետությունների հպատակեցման համար և որդու հետ ժամանակ կարողանում էր անցկացնել միայն Օլիմպիական խաղերի ժամանակ։ Ալեքսանդրի ռազմական դաստիարակությունը կայացել է մանկության ու պատանեկության տարիներին՝ Փիլիպոսի փորձառու զինակիցների հսկողության ներքո։ Միեզայում ուսանելու տարիներին նրա ուսուցիչներն էին Լակոնիայի հռչակավոր արքա Լեոնիդասի արյունակիցներից մեկը, որը մանկահասակ պատանուն ծանոթացրել է սպարտական դաստիարակության հետ, կատակերգակ դերասան Լիսիմախոսը, իսկ մ․թ․ա․ 343 թվականից՝ նաև Արիստոտելը։ Արիստոտելի ընտրությունը, որպես Ալեքսանդրի ուսուցիչ, բոլորովին պատահական չէր․ վերջինս սերտ կապեր ուներ մակեդոնական արքունիքի հետ: Հատկանշական է, որ տասը տարեկան հասակում Ալեքսանդրը կարողանում է սանձել անհնազանդ (որոշ պատմագիրների պնդմամբ՝ մարդակեր) մի կատաղի ձիու, որին վարժեցնել չէր վիճակվում ոչ ոքի։ Հետագայում այդ ձին, որին տղան անվանում է Բուկեփալոս, դառնում է Ալեքսանդրի ամենասիրելի նժույգն ու ամբողջ կյանքի ուղեկիցը։
Մակեդոնական գահին բազմել է քսան տարեկան հասակում՝ հոր՝ Փիլիպոս II-ի դավադիր սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի շնորհիվ էլ կարողացել է իրականացնել ռազմական և քաղաքական հավակնոտ ծրագրեր։ Սկզբում նա ամրացնում է երկրի հյուսիսային սահմանները և վերջնականապես հնազանդեցնում Հունաստանի քաղաք-պետություններին։ Մ․թ․ա․ 334 թվականին Ալեքսանդրն սկսում է իր նշանավոր արևելյան արշավանքը և յոթ տարում նվաճում ամբողջ Աքեմենյան Պարսկաստանը։ Գավգամելայի ճակատամարտի հաղթական ավարտից հետո մակեդոնական բանակին հաջողվում է գրավել պարսից թագավորանիստ Պերսեպոլիսը և գահընկեց անել «արքայից արքա» տիտղոսով հռչակված Դարեհ Կոդոմանոսին։ Արյաց երկրի բռնազավթումից հետո Ալեքսանդրն իրեն հռչակում է «Ասիայի տիրակալ»։ Եգիպտոսի նվաճումից հետո տեղի քրմերի կողմից վերջինս մկրտվում է փարավոն և Նեղոսի դելտայում հիմնում իր անունը կրող առաջին քաղաքը՝ Ալեքսանդրիան։ Համակվելով ամբողջ աշխարհին և «Համաշխարհային օվկիանոսին» տիրելու ձգտումով՝ Ալեքսանդրը մ.թ.ա. 326 թվականին արշավում է դեպի Հնդկաստան և գրավում Փանջաբն ու Ռաջաստանը։ Սակայն իր հյուծված ու դժգոհ զորքի պահանջով արքան ստիպված է լինում դադարեցնել հետագա առաջխաղացումն ու վերադառնալ Միջագետք։
Ալեքսանդրն իր մահկանացուն կնքում է մ․թ․ա․ 323 թվականին Բաբելոնում՝ անավարտ թողնելով ծրագրված արևմտյան ու հարավային ռազմարշավները։ Ալեքսանդրի մահվանը հետևում են պատերազմներ նրա զորավարների, զինակիցների ու ընտանիքի անդամների միջև, որի արդյունքում կայսրությունը տրոհվում է երեք խոշոր հելլենիստական պետությունների։ Նորաստեղծ պետությունները գլխավորել են նրա կենդանի մնացած զորականները՝ դիադոքոսները։
Ալեքսանդր Մակեդոնացին թողել է հարուստ ժառանգություն։ Իր իշխանությունն ամրապնդելու համար նա հիմնել է շուրջ 70 քաղաք-գաղութներ։ Նրա ռազմաքաղաքական նվաճումների շնորհիվ ստեղծվել է նոր տեսակի համաշխարհային կայսրություն, որտեղ արևմտյան ու արևելյան քաղաքակրթությունները միաձուլվում էին հելլենիստական մշակույթի ներքո։ Չնայած նրա կայսրության կարճատև գոյությանը՝ Ալեքսանդր Մակեդոնացու ջանքերի շնորհիվ հելլենիստական մշակույթի տարածումը դառնում է անդառնալի՝ հետագայում ձևավորելով Եվրոպայի ու Առաջավոր Ասիայի քաղաքակրթությունների հիմքը։ Ալեքսանդր Մակեդոնացու ներդրումը համաշխարհային ռազմագիտության մեջ համարվում է անգերազանցելի, իսկ նրա ռազմավարական հմտությունները մինչ օրս գործնական նշանակություն ունեն։
∗Հելլենիզմ կամ հունականություն, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմության մեջ յուրահատուկ ժամանակաշրջան (մ.թ.ա. IV — մ.թ.ա. I դդ.)։ Սկզբնավորվել է Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո, սկսել է գերակայել հունական մշակույթը և լեզուն։
Հելլենիզմը Մեծ Հայքում
Մեծ Հայքը հենց սկզբից ընդգրկվել է հելլենիստական աշխարհի ոլորտը։ Զարգացել են երկրի տնտեսական և քաղաքական կյանքը, քաղաքաշինությունը, հելլենիստական մշակույթը։ Արտաշեսյան արքայատան օրոք (մ.թ.ա. II-I դդ.) Մեծ Հայքը դարձել է հելլենիստական խոշոր տերություն։ Ինչպես մնացյալ ազգերի, այնպես էլ հայերի շրջանում այն մեծ զարգացում է ունեցել, ցավոք, մեզ է հասել ժամանակի շինություններից միայն Գառնիի հելլենիստական տաճարը։