Տաղ անձնական / Լուսամփոփի պես աղջիկ / Մորս համար գազել
ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ — Բանաստեղծը հիշում է իր ծննդավայրը, սիրած աղջկան, սակայն կյանքի բերումով նա ստիպված է եղել հեռանալ Կարսից: 1915 թ-ին նա զինվորագրվելով հայ ազատագրական բանակ, տեսնում է մարդկային շատ տառապանքներ, դժբախտություն ու կորուստներ: Այդ ապրումները արտահայտված են այս բանաստեղծության մեջ:
ԼՈՒՍԱՄՓՈՓԻ ՊԵՍ ԱՂՋԻԿ — Սա եթերային, լուսավոր սիրո մասին է: Այս բանաստեղծությունը կարծես գրված է երգ դառնալու համար:
ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ — Այս ստեղծագործության մեջ, Չարենցը արտահայտել է իր ողջ կարոտն ու սերը մոր հանդեպ՝ արթնացնելով իր հայրենի տան և անգամ տան դիմացի թթենու հետ կապված հիշոցությունը:
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է: Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան: Չարենցը տեսնում է իր ժողովրդի ցեղասպանությունը, և այդ վերապրումը արտահայտում է իր «Դանթեական առասպել» պոեմում:
Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։
Աշխարհաճանաչողությունն ընդարձակելու նպատակով, շնորհիվ գրականագետ Հարություն Սուրխաթյանի, 1924 թվականի նոյեմբերի 20-ին Բաթումից Չարենցը մեկնում է արտասահմանյան շրջագայության։ Լինում է Տրապիզոնում, Պոլսում, Աթենքում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում: 1925 թվականի հուլիսի 31-ին վերադառնալով Երևան՝ նա ստանձնում է նոր կազմավորված «Հոկտեմբեր» գրական միության ղեկավարությունը՝ այն վերանվանելով «Նոյեմբեր»։ Բռնկուն և ազատ տարերքի ստեղծագործող էր Չարենցը։ Այդ տարերքը երկնում էր հանճարեղ գործեր։ Հոգեկան այդ լարված կացության մեջ սիրային մի արկած Չարենցի համար ունենում է տխուր վերջաբան։ 1926 թվականի սեպտեմբերի 5-ին նա ձերբակալվում և հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ 1927 թվականին մահանում է Չարենցի կինը։ Արփիկի մահը Չարենցը ահավոր ծանր է տարել։
1932 թվականին լրանում է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշում է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի նշվում։ 1935 թվականից սկսած՝ Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936 թվականին Չարենցը ենթարկվում է տնային կալանքի: Չարենցը մեկուսացած կյանք է վարում։ Նա սպասումների մեջ էր։
1937 թվականի նոյեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 7։00-ին, Կենտրոնական բանտի հիվանդանոցում, օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո, բոլորից լքված ու անօգնական՝ իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը:
ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ
Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով –
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. –
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
1919
Լուսամփոփի՜ Պես Աղջիկ՝…
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմնի՜ պես երազի,
Կապո՛ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմնի՜ պես երազի,
Կապո՛ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…
ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ
Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց, —
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, — երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, — օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…