Մինչև Մաշտոցը Հայկական լեռնաշխարհում 4 տեղական և 7 ներմուծված գրային համակարգ ենք ունեցել. Արտակ Մովսիսյան
Նախամաշտոցյան դպրության մասին մեզ հայտնին է այն, որ բացի արձանագրություններից, մենք ունեցել ենք երկու շատ կարևոր փաստարկ: Հայոց լեզուն, որը գրավոր մշակման չի ենթարկվում, ունենում է առավելագույնը 7-8 հազար բառ: Մինչդեռ, ըստ Ջահուկյանի, գրաբարը ոչ վերջնական հաշվարկներով 60 հազարից ավելի բառ ունի: Եվ այն, որ օտար գիտնականները հայալեզու Աստվածաշունչը գնահատել են իբրև «թարգմանությունների թագուհի», պատահական չէր: Նման թարգմանություն արվեց այն բանի շնորհիվ, որ ունեինք դարերով մշակված գրավոր լեզու:
Գրաբարը շատ լակոնիկ լեզու է, դա դարերի մշակման հետևանք է: Օրինա, գրաբարով և աշխարհաբարով գրված տեքստերն էլ են տարբերվում. գրաբարն ավելի լակոնիկ է:
Մաշտոցն ինքն էլ գիտեր, որ ունեցել ենք հնագույն գրեր, և դրանք գտնելու սրտացավ առաջամարտիկներից էր: Երբեք չի կարելի հակադրության մեջ դնել նախամաշտոցյան դպրության հարցը Մաշտոցի վաստակի հետ: Մանավանդ որ ունենք այսպիսի իրավիճակ. հայկական մեհենագրությունը, որ օգտագործվել է մինչև 301 թվականը, ունեցել է 200-300 նշան, այսինքն՝ դա բառավանկային համակարգ էր: Իսկ Մաշտոցի ստեղծած այբուբենը որակապես նոր համակարգ էր, 36 նիշանոց այբուբեն, որն աշխարհի ամենակատարյալ այբուբեններից է:
Մաշտոցյան գիրը ուներ նաև այլ նշանակություն: Հաճախ, երբ մերժվում էր կրոնը, մերժվում էր նաև նրա գիրը: Դա էլ տեղի ունեցավ, 301 թ-ին քրիստոնեության ընդունումից հետո:
Դանիել եպիսկոպոսի մոտ պահպանված գրերը հենց հայկական մեհենագրերն էին: Մեր մեհենագրությունը սկսվում է ժայռապատկերներից, հնագույն գաղափարանշաններից: Նախնական հաշվարկով ունեցել ենք 1000-ից ավելի հնագիտական նյութեր, որոնց վրա այս նշանները պահպանվել են: Բայց դրանք վերծանված չեն: Ավելի ուշ հայտնի է Վանի թագավորության մեհենագրությունը, որը բաղկացած է մոտ 300 նշանից, գրվել է աջից ձախ և վերից վար ուղղություններով: Այս շրջանից մեզ հասած հնագիտական իրերի թիվը մոտ 1800 է:
Վանի թագավորությունից հետո բավականին քիչ նյութ է մեզ հասել: Խնդիրն այն է, որ մեհենագրերը գրվել են շատ փափուկ գրանյութի վրա, որը չի պահպանվել: Արտաշատի պեղումների ժամանակ, օրինակ, ավելի քան 8000 կնքադրոշմ է գտնվել, և ոչ մի փաթեթ: Այսպիսով, մինչև 301 թ. գիր ունեցել ենք, որն արգելվելուց հետո վերածվել է մոգական նշանների` հմայագրերի: Մատենադարանում մեծ թվով հմայական բնագրեր են պահպանվում: Ունենք չվերծանված մի սեպագիր համակարգ ևս՝ հայտնի երեք արձանագրություններով, ինչպիսիք աշխարհի որևէ այլ տեղից հայտնի չեն:
Ամփոփելով նշենք, որ Ք.ա. XV դարից մինչև Մեսրոպ Մաշտոցը բացի մեհենագրերից, այլ գրային համակարգ ենք ներմուծել և օգտագործել: Դրանցից երեքը եղել են բառավանկային համակարգեր` խեթա-լուվիական հիերոգլիֆիկ համակարգը, ասուրաբաբելական սեպագիրը, Վանի թագավորության սեպագիրը, որը կարելի է համարել կես ներմուծված, կես տեղական, քանի որ ասորեստանյան սեպագիրը ներմուծեցին և էական բարեփոխման ենթարկեցին. մոտ 600 նշանից 180-ը վերցրեցին և կատարելագործեցին: Մյուս չորսը այբուբեններ են եղել՝ հունականը, արամեականը, ասորականը և միջին պարսկական կամ պահլավականը:
Ներկայացված են հատվածներ Արտակ Մովսիսյանի հետ հարցազրույցից: