Երկու հնագույն պետությունները համեմատելու համար նախ և առաջ կատարենք առանձին ուսումնասիրություններ:
ԵԳԻՊՏՈՍ
ԵԳԻՊՏՈՍԸ՝ Աֆրիկայի հյուսիս-արևելքում, Նեղոս գետի ավազանում գտնվող երկիր է: Ճիշտ է այդ պետությունը հիմա էլ գտնվում է նույն տարածքում, բայց այն այնքանով կապված է Հին Եգիպտոսի հետ, որքանով բոլոր մնացած ժամանակակից պետություններն են կապված իրենց պատմական սկզբնաղբյուրների հետ: Եգիպտոսի պատմությունը սկսվում է մ.թ.ա 4րդ հազ.-ից, ավելի հստակ՝ 3100 թվականից, երբ միավորվում են Վերին և Ստորին Եգիպտոսները: Դա տեղի է ունենում Մենես արքայի օրոք, որն էլ հիմնադրում է Մեմֆիս մայրաքաղաքը:
Հին Եգիպտոսի պատմությունը բաժանվում է երեք փուլի՝ Հին թագավորություն, Միջին թագավորություն և Նոր թագավորություն: Իր հզորության գագաթնակետին Եգիպտոսը հասավ Նոր թագավորության ժամանակ: Եգիպտոսը իր պատմության ընթացքում բազմիցս հարաբերվել է հարևան պետությունների հետ, առավելապես Միջագետքի պետությունների հետ: Մ.թ.ա 15րդ դարում Թութմոս III փարավոնին հաջողվում է իր զորքով անցնել Եփրատը և հասնել մինչև Հայկական Տավրոսի լեռները: Իսկ մ.թ.ա 13րդ դարում Ռամզես II-ի և Խեթական թագավորի միջև կնքվում է Հավերժ Բարեկամության պայմանագիր:
Նեղոսը չափազանց կարևոր նշանակություն է ունեցել Եգիպտոսի կազամավորման ընթացքում: Նախապատմական ժամանակաշրջանում կլիման լրիվ այլ էր: Նեղոսը հաճախ վարարում էր և դա նպաստում էր նրան, որ անգամ հեռավոր շրջաններում բուսական ու կենդանական աշխարհները շատ հարուստ լինեն: Հին եգիպտացիների համոզմունքներից էր այն, որ այն ինչ գոյություն ունի երկրի վրա, հայելանաման կա նաև երկնքում: Այդպիսով Նեղոսի երկնային արտացոլանքն էր Ծիր կաթինը: Նույն տրամաբանությամբ էին ընտրվել եգիպտական բուրգերի և Սֆիկսի կառուցման վայրերը:
Գիզեի անապատը, որտեղ որ գտնվում են բուրգերը (Քեոփսը, Քեփրենը և Միքերինը) կարելի է համարել մեծ աստղադիտարան:
Սֆինքս
Բուրգեր
Արևի պաշտամունքը հին եգիպտական կրոնի հիմնաքարն է: Արևի աստված Ամոն Ռան ամեն օր դուրս էր գալիս իր ոսկե նավակով երկնակամարի արևելքից և շարժվում դեպի արևմուտք: Նա պատկերվում էր մարդու մարմնով և բազեի գլխով: Իսկ նրա փոքրարքա Տոտը՝ Լուսնի աստվածը, պատկերվում էր իբիս թռչնի գլխով: Եգիպտացիների սիրելի աստվածներից էին Օսիրիսը՝ բնության, կենդանության աստվածը և նրա կինը Իսիդան՝ սիրո և պտղաբերության աստվածուհին: Օսիրիսը համարվում էր բոլոր մնացած աստվածների թագավորը: Բայց Սեթը՝ անապատների աստվածը, նախանձում և սպանում է Օսիրիսին: Սակայն, երբ Գոռը՝ Օսիրիսի և Իսիդայի որդին, լուծում է հոր մահվան վրեժն ու սպանում է Սեթին, Օսիրիսը հարություն է առնում: Այնուհետև Օսիրիսը ստանձնում է դատավորի դեր մեռյալների աշխարհում:
Փարավոնը համարվում էր Ամոն Ռաի որդին, նրա իշխանությունը անսահման էր: Հին եգիպտացիների մոտ տարածված է եղել մեռյալների պաշտամունքը: Կարելի է ասել, որ ողջ եգիպտական մշակույթի հիմքում ընկած է եղել հենց այդ պաշտամունքը: Հենց այդ տրամաբանությամբ են ստեղծվել բազմաթիվ դամբարանները (բուրգերը), քանդակները, սափորները և այն ամենը ինչ որ կապված է եղել հուղարկավորության արարողության հետ:
Հին Եգիպտոսի ամենանշանավոր փարավոններից էր Ամենխատեպ IVը՝ հետագայում Էխնաթոնը (մ.թ.ա 14րդ դար): Նա ակնառու քաղաքական գործիչ էր և կրոնական բարեփոխիչ: Նա ամրապնդում է իր կենտրոնական իշխանությունը, ինչի նպատակով հանդես է գալիս քրմապետության դեմ: Նա Ամոն Ռաի պաշտամունքի փոխարեն առաջ է քաշում Աթոնի պաշտամունքը, որը մարմնավորում է արևի սկավառակը: Էխնաթոնը իրեն հռչակեց բացարձակ աստվածություն, անմահ էակ, իսկ արեգակի սկավառակը՝ Աթոնը, համարվեց արքայի երկրային պատկերը։ Այդ պատճառով փոփոխության ենթարկվեց Աթոնի պատկերը։ Արեգակի սկավառակի մեջ պարփակված բազեի գլխով ու մարդու մարմնով պատկերի փոխարեն Էխնաթոնը արդեն ներկայանում էր արքայական կամ արեգակնային օձերի շրջանում՝ դիմացից դեպի ներքև ձգվող բազում ճառագայթներով։
Մ.թ.ա 332 թ.-ին Ալեքսանդր Մակեդոնացին գրավում է Եգիպտոսը և հիմնում է Ալեքսանդրիա քաղաքը: Իսկ մ.թ.ա 30ական թթ.-ին հռոմեացիներն են գրավում Եգիպտոսը, դա արդեն հնագույն պետության անկումն էր:
Աշխարհի 7 հրաշալիքներից երկուսը կապված են Հին Եգիպտոսի պատմության հետ: Դրանք են Եգիպտական բուրգերը (առաջին հրաշալիքը), և Մակեդոնացու նվաճումից հետո կառուցված Ալեքսանդրյան փարոսը:
ՄԻՋԱԳԵՏՔ
Միջագետքը դա մի տարածք է, որն ընկած է Տիգրիս և Եփրատ գետերի միջև:
Շումեր
Մ.թ.ա 4րդ հազ.-ում այդ տարածքում ապրում էին շումերները: Շումերները չունեին միասնական պետություն, փոխարենը կային քաղաք-պետություններ՝ Ուրը, Ուրուկը, Լագաշը, որոնք մշտապես միմյանց դեմ պատերազմում էին: Այստեղից էլ բազմաթիվ հարթաքանդակներ, որոնք պատկերում էին պատերազմական տեսարաններ: Մ.թ.ա 4րդ հազ.-ի վերջերին շումերները ստեղծում են պատկերագրեր, իսկ մ.թ.ա 3րդ հազ.-ի կեսերին սեպագրեր:
Աքքադ
3րդ հազ.-ի սկզբերին սեմական ծագում ունեցող աքքադական ցեղերը՝ Սարգոն I-ի առաջնորդությամբ, նվաճում են շումերների քաղաքները և ստիպում վերջիններիս հեռանալ դեպի հարավ: Սարգոնը շարունակում է իր խոշոր արշավանքները և շուտով ձեռք է բերում <<Աշխարհի չորս կողմերի արքա>> տիտղոսը:
Սարգոնին արժանիորեն շարունակում է նրա թոռը Նարամսինը:
Բաբելոն
Մ.թ.ա 2րդ հազ.-ում ստեղծվում է Բաբելոնի թագավորությունը, որը մեծ վերելքի է հասնում Համմուրապի թագավորի օրոք: 30 տարի շարունակ նա հնազանդեցնում է հարևան երկրներին և ի վերջո ստեղծում է օրենսգիրք: Այն պատկերվում է 7 հսկա քարակոթողների վրա, որոնցից մեկն է պահպանվել և հայտնի է Համմուրապիի օրենքների սյունը անվան տակ: Համաձայն պահպանված արձանագրության Աստվածները հանձնարարեցին Համմուրապիին հաստատել երկրում արդար կառավարում, որպեսզի արքան մարդկանց կառավարի Արևի լույսի պես:
Հարևան ցեղերի արշավանքներից Բաբելոնը որոշ ժամանակ անկում է ապրել, սակայն Նաբուքոդոնոսոր I-ի օրոք կրկին ծաղման է հասել: Նա ետ է մղել հարևան Ասորեստանի ոտնձգությունները:
Բաբելոնը շատ գեղեցիկ ճարտարապետություն է ունեցել: Նաբուքոդոնոսոր թագավորի հրամանով մ.թ.ա 575թ.-ին կառուցվում են հայտնի Իշտարի դարպասները (Բաբելոն քաղաքի ներքին ութերորդ դարպասը):
Մեկ այլ ճարտարապետական գլուխգործոց են եղել Բաբելոնի, կամ Շամիրամի կախովի այգիները (Աշխարհի 7 հրաշալիքներից մեկը): Ըստ պատմական տեղեկությունների՝ Նաբուքոդոնոսոր II թագավորն այն կառուցել է իր սիրելի կնոջ՝ Մարաստանի թագուհի Ամիտիսի համար, ով շատ էր կարոտում իր երկրի կանաչ լեռներն ու անտառները։ Ցանկանալով թեթևացնել հայրենիքի կարոտը՝ Նաբուքոդոնոսոր թագավորը նվիրեց նրան մի ամբողջ օազիս, որը հիշեցնում էր Մարաստանի լեռներն իրենց հարուստ բուսականությամբ։ Առասպելը դրանք դարձրեց «Շամիրամի կախովի այգիներ»՝ վերագրելով դրանք Ասորեստանի կիսաառասպելական թագուհի Շամիրամին, որը թագավորել է Նաբուքոդոնոսորը արքայից շատ ավելի առաջ։ Եվս մի առասպելական շինություն է եղել Բաբելոնի աշտարակը, որը հայտնի է մեզ Աստվածաշնչից, բայց որոշ փաստեր վկայում են այն մասին, որ Բաբելոնում գոյություն է ունեցել քաղաքի հովանավոր Աստծուն՝ Մարդուկին նվիրված տաճար, որը 8 հարկանի աշտարակաձև շինության վերևի հարկում է գտնվել:
Ասորեստան
Բաբելոնյան թագավորությանը գրեթե զուգահեռ ստեղծվել է նաև Ասորական կայսրությունը, որը ևս սեմական ցեղերին էր պատկանում: Կայսրության հիմքը դրվում Աշուր քաղաք պետությունից (այստեղից էլ Ասորեստան անվանումը): Կենտրոնացած լինելով Բարձր Միջագետքի տարածքում, Ասորեստանը շատ շուտ դառնում է ժամանակի ամենահզոր կայսրություններից մեկը: Շումերը, Աքքադը և Բաբելոնը հիմք հանդիսացան Ասորական կայսրության գիտական, մշակութային և տեխնիկական ձեռքբերումների համար: Ասորեստանի և Ուրարտուի միջև տեղի ունեցող պատերազմների արդյունքում Ուրարտուն կորցրեց իր տարածաշրջանի առաջին տերության կարգավիճակը:
Միջագետքի պետություններից ամենից երկարը գոյատևեց Ասորեստանը, որն ի սպառ վերացավ արաբական արշավանքների հետևանքով՝ 7րդ դարում: Մինչ օրս ասորիները էթնիկ խումբ են կազմում և պահպանում են իրենց լեզուն: Նրանք սփռված են աշխարհով և չունեն իրենց սեփական երկիրը:
Հնագույն միջագետքյան կրոնը առաջինն է արձանագրվել: Միջագետքի բնակիչները կարծում էին, որ աշխարհը հարթ սկավառակի նման է՝ շրջապատված հսկայական դատարկ տարածությամբ, որը դրախտն է: Նրանք նաև հավատում էին, որ ջուրը ամենուրեք է՝ վերևում, ներքևում, կողքերում, միևնույն ժամանակ տիեզերքը ծնվել է հսկայական ծովից: Ավելին՝ Միջագետքի կրոնը բազմաստվածային է եղել: Չնայած վերը նշված հավատալիքները ընդհանրական էին Միջագետքի բնակիչների համար՝ կային նաև որոշակի տարածաշրջանային տարբերությունները: Տիեզերքի համար շումերական տերմինը Ան-Քի-ն է, որը վերաբերում է Ան աստծոն և Քի աստվածուհուն: Նրանց որդի Էնլիլը օդի աստվածն է: Նրանք հավատում էին, որ Էնլիլը ամենահզոր աստվածն է: Նա համարվել է պանթեոնի գլխավոր աստվածը: Շումերների զարգացման աստիճանը ցույց է տալիս նաև այն, որ նրանք առաջադրում էին փիլիսփայական հարցեր, ինչպես օրինակ՝ ով ենք մենք, որտեղ ենք մենք, ինչպես ենք այստեղ հասել: Այս հարցերի պատասխանները նրանք տալիս էին իրենց աստվածների կողմից տրված բացատրություններով:
Գիլգամեշը, շումերաբաբելական հերոսական էպոս է: Այն աշխարհի ամենահին պահպանված գրական ստեղծագործություններից մեկն է, սեպագրերով գրված ամենամեծ երկը, Հին Արևելքի գրականության խոշորագույն նմուշներից մեկը։
Էպոսի հիմքում ընկած է Էնկիդուի մահը, որը ցնցում է Գիլգամեշին։ Նա սկսում է անմահություն փնտրել։ Արևի աստծու ուղիով գնում է երանելի Ուտնապիշտիմի կղզին, որը համաշխարհային ջրհեղեղ է վերապրել, ձեռք է բերում հավերժական երիտասարդության ծաղիկը, բայց օձն առևանգում է այն։ «Գիլգամեշ» էպոսում համաշխարհային գրականության պատմության մեջ առաջին անգամ բարձրանում է մարդու մահկանացու լինելու և նրա կյանքի իմաստի խնդիրը։ Մահվան ողբերգական անխուսափելիությունը հաղթահարվում է հերոսական արարքների անմահությամբ։